Եսայու մարգարեության մեկնություն 46:3

Ա. Լոպուխին

3-4․ Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և Իսրայելի տան ամբողջ մնացորդը, ձե՛զ, որ ընտրել եմ դեռևս ձեր մոր արգանդից և դեռևս ձեր մոր որովայնից Ինձ վրա եմ կրել ձեզ։ [3]  Եվ մինչև ձեր ծերությունն էլ Ես նույնն եմ լինելու, և ձեր մինչև ալևորություն էլ Ես Ինձ վրա կրելու եմ ձեզ. Ե՛ս ստեղծեցի, և Ե՛ս պիտի Ինձ վրա կրեմ, աջակցեմ ու պահպանեմ ձեզ։
   
   Նվաճված Բաբելոնի աստվածների վշտալի ճակատագիրը (որը մարգարեն իրավունք ուներ ակնկալելու, չնայած որ իրականությունը չարդարացրեց նրա ակնկալիքները) մարգարեին պատշաճ հնարավորություն է տալիս այն կիրառելու որպես երախտագիտության առիթ՝ հեթանոսական աստվածների ոչնչության հետ համեմատությամբ Իսրայելի Աստծո անչափելի գերազանցության վերաբերյալ իր սիրելի մտքերը դարձյալ զարգացնելու և ապացուցելու համար։

   «Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և Իսրայելի տան ամբողջ մնացորդը․․․» - Այն հարցին, թե ու՞մ էր վերաբերում այս կոչը և ո՞ւմ նկատի ուներ այստեղ մարգարեն «մնացորդ» ասելով՝ զուգահեռական համեմատության վրա հիմնվելով կարող ենք պատասխանել, որ ամենաճիշտ տարբերակը, թերևս, ա՛յն է, որ այս խոսքերը վերաբերում էին Աստծո կողմից ընտրված ազգի առհասարակ այն բոլոր ներկայացուցիչներին (անկախ նրանց ցեղային պատկանելիությունից), որոնք Բաբելոնի անկման ժամանակ ողջ կլինեն կամ, ավելի ճիշտ, կգտնվեն այնտեղ (Ես․ 1:9, 10:20-22, 11:16, 40:27, 41:8, 14, 43:24, 44:1, 21, 23, 45:4 և այլն):

   «Ձե՛զ, որ ընտրել եմ դեռևս ձեր մոր արգանդից և դեռևս ձեր մոր որովայնից Ինձ վրա եմ կրել ձեզ, և մինչև ձեր ծերությունն էլ Ես նույնն եմ լինելու․․․Ե՛ս պիտի Ինձ վրա կրեմ․․․աջակցեմ ու պահպանեմ ձեզ․․․» - Սա զորեղ և կայուն հակասություն է՝ ուղղված հեթանոսական աստվածներին։ Այդ հեթանոսական աստվածների վերաբերյալ հայտնի չէ, թե նրանք երբվանից են սկսել հանդես գալ որպես մարդկանց հովանավոր զորություններ, սակայն քաջ հայտնի է, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում այդ աստվածներն անզոր են եղել իրական օգնություն ցուցաբերելու հարցում։ Մինչդեռ Իսրայելի ճշմարիտ Աստված Իր ամենազոր օգնականությունն է ցույց տալիս ժողովրդին նրա պատմական կյանքի բոլոր ժամանակաշրջաններում, այսինքն՝ սկսած իսրայելացիների ծագումից մինչև նրանց պատմական գոյության ավարտը: Հեթանոսական աստվածները «կարիք» ունեն, որ մարդիկ նրանց կրեն, աջակցեն և պաշտպանեն, մինչդեռ Իսրայելի ճշմարիտ Աստված անում է ճիշտ հակառակը. Նա Ինքը, ինչպես արծիվը՝ իր ձագուկներին, Իր վրա է կրում Իր ժողովրդին, աջակցում և պաշտպանում է նրան (Ելք 19:4, Բ Օրին. 32:11-12, Ես. 44:2, 24, Ով. 11:3, Ղուկ. 13:34 )։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած,
(Արարատ թարգ․) Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։
(Գրաբար) Լուարուք ինձ տունդ Յակովբայ, եւ ամենայն մնացեալքդ Իսրայէլի. ընտրեալքդ յորովայնէ` եւ խրատեալք ի մանկութենէ