Եսայու մարգարեության մեկնություն 59:3

Ա. Լոպուխին

3-4․ «Որովհետև ձեր ձեռքերն արյամբ են պղծված, և ձեր մատերը՝ անօրենությամբ, ձեր շուրթերը սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է արտաբերում»։ [3] «Ոչ ոք արդարության համար ձայնը չի բարձրացնում, և ոչ ոք ճշմարտության համար ոտքի չի ելնում, հույս են դնում դատարկ բաների վրա և սուտ են խոսում, չարիքով են հղացած և չարագործություն են ծնում»։ (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև ձեր ձեռքերն արյամբ են պղծված․․․ձեր շուրթերը սուտ են խոսում․․․ոչ ոք արդարության համար ձայնը չի բարձրացնում․․․չարիքով են հղացած և չարագործություն են ծնում» - Ինչպես այս համարներում արտահայտված միտքը, այնպես էլ դրանց բանավոր ձևակերպումը շատ նման են այս միևնույն գրքի առաջին գլխին, ինչով էլ հաստատվում է սույն մարգարեության՝ մեկ հեղինակ ունենալու իրողությունը (հմմտ․ Ես․ 1։15, 21)։ Ձեռքերն արյամբ պղծելը, իհարկե, կարող է ունենալ թե՛ բառացի իմաստ՝ առանց զոհաբերության կարևորությունը հասկանալու զոհաբերվող կենդանիների արյունը թափելու նշանակությամբ, կամ էլ այս խոսքերը բառացիորեն կարող են ակնարկել նույնիսկ մարդկային զոհաբերություններ մատուցելը (երեխաներին Մոլոք աստծուն զոհաբերելը, հմմտ․ Երեմ․ 7։31), և թե՛ խորհրդաբանական իմաստ՝ մատնանշելով բարոյական բոլոր հիմքերն ամբողջովին տապալելու իրողությունը, որը ենթադրում է մինչև անգամ արյունահեղության և մարդասպանության պատրաստակամությունը: Եվ վերջապես, ձեռքերն արյամբ պղծելու վերաբերյալ այս խոսքը կարող է ընկալվել նաև փոխաբերական իմաստով՝ որպես կանխատեսում այն Մեծագույն Արդարի մասին, Որի սպանությամբ հրեաները եզրափակեցին նմանատիպ պատմական փաստերի մի ամբողջ շարքը (Մատթ․ 23։35

   Որպես Իսրայելի զավակների այսպիսի այլասերվածության և անկման հիմնական պատճառ՝ Եսայի մարգարեն մատնանշում է «աստվածապետական արդարության կամ արդարադատության» ճանապարհից («Աստծո ճանապարհից») նրանց շեղումը դեպի «անարդարության և ստի» ճանապարհը («սատանայի ճանապարհը»)։ Աստվածային արդարության իդեալին դավաճանելը դավաճանություն է հենց ճշմարտության հանդեպ և, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծիք։

   Դատարկության վրա են հույս դրել (համար 4)։ Եբրայերենում դրված է «տոգու» բառը, այսինքն այն արտահայտություններից մեկը, որոնցով Ծննդոց գրքի առաջին գլխում նկարագրվում է նախնական քաոսային վիճակը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով.
ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն:
(Արարատ թարգ․) որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։
(Գրաբար) Զի ձեռք ձեր պղծեալ են արեամբ. եւ մատունք ձեր ի մեղս: Շրթունք ձեր խաւսեցան զանաւրէնութիւն, եւ լեզուք ձեր խոկան զանիրաւութիւն: