Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
Ահավասիկ Տերը կրակի նման է գալու, ու նրա կառքը զորավոր մրրիկի նման է։
«Մրրիկ» և «կրակ» ասելով Աստծո արագ և սաստիկ հրամանն է հայտնում, ըստ Մաղաքիայի այն խոսքի, որն ասում է. «Տիրոջ օրը բորբոքված հնոցի նման է» (Մաղ. 4։1), որ նկատի ունի աշխարհի վախճանի ահեղ օրը, և թե՝ «Մեր Աստված ուտող կրակ է» (Եբր. 12։ 29): Այս է ասում նաև Դավիթը. «Մեր Աստված հայտնապես կգա, Նրա առջև կրակ է բորբոքվելու ու Նրա շուրջը՝ հզոր մրրիկ» (հմմտ. Սաղմ. 49։3): Տերն էլ ասում է. «Փայլակի նման է լինելու մարդու Որդու գալուստը» (Մատթ. 24։27):
Ա. Լոպուխին
«Քանի որ ահա, գալիս է Տերը կրակով, և Նրա կառքերը՝ մրրիկի նման, որպեսզի Նա Իր զայրույթը հեղի բարկությամբ ու Իր հանդիմանությունը՝ բոցկլտացող կրակի միջոցով»: [15] (Սինոդական թարգ․)
«Քանի որ ահա, գալիս է Տերը կրակով, և Նրա կառքերը՝ մրրիկի նման, որպեսզի Նա Իր զայրույթը հեղի բարկությամբ ու Իր հանդիմանությունը՝ բոցկլտացող կրակի միջոցով։ Որովհետև Տերը կրակով ու Իր սրով է դատաստան տեսնելու յուրաքանչյուր մարմնի հետ, և շատ են լինելու Տիրոջ կողմից սպանվածները: Նրանք, ովքեր իրենց սրբացնում ու մաքրում են պարտեզներում, սակայն մեկը մյուսի հետևից խոզի միս ու գարշելի բաներ և մկներ են ուտում, ամենքը կործանվելու են,- ասում է Տերը: Քանի որ Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց մտքերը, և ահա գալու եմ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու լեզուները, և նրանք պիտի գան ու տեսնեն Իմ փառքը» - 15-18-րդ համարներն իրենցից ներկայացնում են մարգարեական խոսքի մի հատված, որը վերաբերում է չապաշխարող մեղավորների ճակատագրին, որոնց համար հավատացյալներին Տիրոջ փառքի հայտնության օրը լինելու է Աստծո արդար, բայց նաև ահարկու դատաստանի հայտնության օր:
«Քանի որ ահա, գալիս է Տերը կրակով, և Նրա կառքերը՝ մրրիկի նման․․․» - Կրակը հինկտակարանյան աստվածահայտնության ամենատարածված եղանակներից մեկն է: Աստված «կրակի» միջով իջնում է Սինա լեռան վրա (Ելք 19:18), ամպի ու կրակի սյան միջոցով Իսրայելի ժողովրդին առաջնորդում է անապատով (Ելք 13:21-22), երկնային կրակի միջոցով, որը լափում է զոհաբերությունը, Իր կամքն է հայտնում Դավթին (Ա Մնաց. 21:26) և Սողոմոնին (Բ Մնաց. 7:1): Մեկ անգամ չէ, որ նաև Եսայի մարգարեն, խոսելով աստվածահայտնության մասին, հիշատակում է նաև դրան ուղեկցող «կրակի» մասին (Ես․ 10:16–18, 27:4, 29:6, 30:27, 30, 33:12–14 և այլ տեղիներ): Կրակի կիրառությունը, որպես խորհրդանիշ կամ նույնիսկ որպես Աստծո ահեղ դատաստանի գործիք, ընդունում են նաև նորկտակարանյան գրվածքները (Բ Պետր. 3:7-10, Բ Թես. 1:8 և այլ տեղիներ):
«Մարտակառքերի» մասին հիշատակությունը ոչ այլ ինչ է, քան մի պատկեր, որը վերցված է արևելյան տիրակալների այն սովորությունից, համաձայն որի՝ նրանք սիրում էին, որ իրենց ուղեկցում են մարտակառքերն ու հեծյալները, ինչը խորհրդանշաբար նկարագրում է այդ Ահեղ դատաստանի մեծությունն ու ահարկու ուժը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
(Արարատ թարգ․) Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր իբրեւ զհուր եկեսցէ, եւ կառք նորա իբրեւ զմրրիկ. հատուցանել սրտմտութեամբ զհատուցումն իւր, եւ բոցով հրոյ զարհամարհանս իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: