Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Առաջինը նման էր թեւաւոր մատակ առիւծի, եւ նրա թեւերը արծուի թեւերի նման էին. ես նայում էի, մինչեւ որ նրա թեւերը թափուեցին, նա պարզ երեւաց գետնին եւ կանգնեց ինչպէս մարդը ոտքերի վրայ, ու մարդու սիրտ տրուեց նրան:
   
   Ծովից դուրս էին գալիս տարբեր կերպարանքով չորս մեծամեծ գազաններ: Առաջինը նման էր թևավոր մատակ առյուծի»: Այսպես այն հայտնվեց երազում: Իրականում, իհարկե, այն չի եղել: Թագավորական արժանապատվությունը երկու պատկերներով  է մատնանշվում: Ոմանք ասում են, որ  բաբելոնական թագավորը  հաղթեց ասորականին, ուստի այդ պատճառով էլ երկու պատկերներ են օգտագործվում: «Նրա թևերը արծվի թևերի նման էին. ես նայում էի, մինչև որ նրա թևերը (այսինքն՝ իշխանությունը) խլվեցին…»: Ներկայացվածը դաժան կենդանի է: Երկու կողմերից էլ այն արագ շարժման համար նախատեսված օրգաններ ունի: Վերևում՝ թևեր, ներքևում՝ ոտքեր․ երկուսն էլ խլվում են․ թևերը ջախջախվում և այլևս չեն երևում, իսկ ոտքերը թույլ մարդկային ոտքերի են վերածվում: «Նրան մարդու սիրտ տրվեց»։ Այս կենդանու ամբարտավանությունը ահռելի էր. բայց հիմա,–  ասում է,– այդ արքան դարձել է խոնարհ, հեզ և երկձեռ:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Առաջինն առյուծի պես էր, բայց նա արծվի թևեր ուներ։ Մինչ ես նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից ու մարդու պես կանգնեց ոտքերի վրա, և նրան մարդկային սիրտ տրվեց»։ (Սինոդական թարգ․) [4]
   
   Ինչպես անդամների մեջ գլուխը և մետաղների մեջ ոսկին (Դան. 2։32), այնպես էլ կենդանիների մեջ առյուծն է առաջինը, իսկ թռչունների մեջ՝ արծիվը: Այսպիսով՝  ցույց է տրվում մյուսների մեջ առաջին միապետության արքայական տեղը: Առյուծի և արծվի խորհրդանիշի ներքո Դանիելի ապրած ժամանակին մոտ ապրած մարգարեները պատկերում են Բաբելոնի թագավորությունը (Երեմ. 2։15, 4։7, 5։6, Երեմ գլուխ 48 և Ամբակում. 1։8): Ըստ այդմ, Դանիելի տեսիլքում արծվի թևերով առյուծը խորհրդանշում է նույն միապետությունը:  Սկզբում հզոր երևացող կենդանին  ժամանակի ընթացքում կորցնում է իր սկզբնական ուժը։ Արծվի թևերը պոկվում են առյուծից և վերածվում են սովորական մարդկային թագավորության, քանզի  առյուծին մարդու սիրտ է տրվում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Առաջինը նման էր թեւաւոր մատակ առիւծի, եւ նրա թեւերը արծուի թեւերի նման էին. ես նայում էի, մինչեւ որ նրա թեւերը թափուեցին, նա պարզ երեւաց գետնին եւ կանգնեց ինչպէս մարդը ոտքերի վրայ, ու մարդու սիրտ տրուեց նրան:
(Արարատ թարգ․ 7։4)Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։
(Գրաբար) Առաջինն՝ իբրև զմատակ առեւծ թևաւո՛ր. և թևք նորա իբրև արծուոյ. հայէի մինչ թափեցան թևք նորա և ջնջեցա՛ւ յերկրէ. և եկա՛ց իբրև’ի վերայ ոտի՛ց մարդոյ, և սիրտ մարդոյ տուաւ նմա։