Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Ո՛վ սուր, ելի՛ր Իմ Հովվի վրա և Իմ Մերձավորի վրա, - ասում է Զորությունների Տերը, - հարվածի՛ր Հովվին, և ոչխարները պիտի ցրվեն. և Ես Իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի վրա»։ (Սինոդական թարգ․) [7]
13−րդ գլխի վերջում մարգարեն կրկին նկարագրում է ընտրյալ ժողովրդի նկատմամբ Աստծու դատաստանը: Աստծու փրկական տնօրինության համաձայն՝ Իսրայելի ժողովրդի Հովիվը՝ Աստվածային Անձը` Մեսիան, Ով Աստծու հետ գտնվում է անմիջական մերձավորության մեջ, մատնվում է մահվան: «Հարվածի՛ր հովվին» արտահայտությունն Աստծու անունից սրին ուղղված մարգարեի կոչն է. Տեր Աստծու շուրթերից հնչող այս խոսքերը կարելի է հասկանալ Աստծու թույլտվության և նախախնամ գիտության իմաստով. սակայն այստեղ նախատինք է լսվում նաև այն մարդկանց հասցեին, որոնք ձեռք պիտի բարձրացնեն Հովվի վրա: Հովվից զրկված ոչխարները ցրվելու են, սակայն վերջնականապես չեն կործանվելու, որովհետև Աստված կրկին պիտի մեկնի Իր Աջը՝ պաշտպանելու փոքրերին, այսինքն` խոնարհ ու հնազանդ ոչխարներին: «Իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի վրա», այսինքն՝ այն խոնարհ ու հեզ ոչխարների վրա, որոնց մասին խոսվում էր 11−րդ գլխում, ինչպես որ կարծում են որոշ մեկնիչներ:
Սլավոներեն տեքստում համապատասխան հատվածն ընթերցվում է. «Իմ ձեռքը պիտի ուղղեմ (փոքր) հովիվների վրա» տարբերակով: Ըստ ուսումնասիրողների` Յոթանասնիցն այստեղ կա՛մ վրիպակ է ունեցել, կա՛մ էլ «hazzo'arim» արտահայտության փոխարեն սխալմամբ «haro'im» տարբերակով է ընթերցել (բաց է թողնվել «ցադե» տառը, իսկ «այն» և «րեշ» տառերը փոխվել են իրենց տեղերով), և այդ պատճառով էլ Ալեքսանդրյան կոդեքսում «τοὺς ποιμένας» տարբերակով է ընթերցվում (Reinke. S. 265, Anm.): Յոթանասնիցի ընթերցման Ալեքսանդրյան ու Վատիկանյան կոդեքսների հետ (այս կանոններում մասորեթական տեքստին համապատասխանող «τούς μικρούς» տարբերակն է) միավորման պարագայում ստացվում է «τούς μικρούς ποιμένας», որն էլ առկա է երանելի Թեոդորիտոսի մոտ և սլավոներեն թարգմանության մեջ: Ըստ Գեզենիուսի` Ակյուղասի «του (ποιμένας) βραχεῖς» ընթերցումը նշանակում է «die Hirtenjungen» (հովվի օգնական, ենթահովիվ): Այս իմաստով կարելի է մեկնաբանել նաև քաղդեական «cal tinjanajja»` super secundos արտահայտությունը։ Նմանատիպ ընկալման պարագայում բնօրինակն ու Ալեքսանդրյան Յոթանասնիցն ամբողջությամբ համընկնում են, և դրանց միջև որևէ էական տարբերություն չի նկատվում (տե՛ս Brianius Waltonus. Bibliorum Sacrorum tomus tetrius. Londini, 1656; Field. The Old Testament in Greek according to the Septuagint, edited... by H. B. Swete. Vol. III. Cambridge, 1894, Gesenius. Wörterbuch; Keil. Op. cit. S. 645, Köhler. Der Weissagungen Sacharjas... 9–14. S. 241, Marti. S. 443):
Զաք. 13:7 և հաջորդ համարների մեսիական բնույթի մասին վկայված է հենց Տեր Հիսուս Քրիստոսի կողմից (տե´ս Մատթ. 26:31, Մարկ. 14:27): Վաղ շրջանի մեկնիչները ոչխարների ցրվելու ներքո հասկանում են կա՛մ առաքյալների ցրվելը այն գիշերը, երբ Քրիստոս ձերբակալվեց խաչելության համար (Մատթ. 26:56), կա՛մ էլ, առհասարակ, հալածանքների հետևանքով Քրիստոսի հետևորդների ցրվելը (սուրբ Եփրեմ Ասորի, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 259, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, էջ 200, երանելի Թեոդորիտոս, էջ 120, երանելի Հերոնիմոս, էջ 164, տե՛ս Haupt. Op. cit. S. 128–129; ZATW. 1881. S. 32):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովուի վրայ եւ նրա ընկեր տղամարդու վրայ, - ասում է Ամենակալ Տէրը. - ես պիտի հարուածեմ իմ հովուին, եւ իմ հօտերը պիտի ցրուեն, ես իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիւների վրայ:
(Արարատ թարգ․) «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»
(Գրաբար) Զարթիր սուր ի վերայ հովուի իմոյ, եւ ի վերայ առն՝ ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. Հարից զհովիւն, եւ ցրուեսցին խաշինքն. եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: