Ովսեեի մարգարեության մեկնություն 12:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

3-4. Դեռևս մոր որովայնում նա բռնեց եղբոր կրունկը, իսկ հասուն տարիքում՝ Աստծու հետ մաքառեց։ [3] Նա գոտեմարտեց Հրեշտակի հետ և հաղթեց, արտասվեց և աղաչեց Նրան, Բեթելում Նա գտավ մեզ և այնտեղ խոսեց մեզ հետ։ (Սինոդական թարգ․)
   
    4−5−րդ համարներում մարգարեն հիշատակում է Հակոբի մասին, ում անունով էլ նա 3−րդ համարում կոչում է ժողովրդին։ Մարգարեի կողմից հրեա ժողովրդի նախահոր մասին հիշատակությունը տարբեր կերպ է ընկալվում։ Ըստ որոշ մեկնիչների (Ումբրեյտ, Հիտցիգ, Նովակ)՝ մարգարեն ցանկանում է ասել, որ հենց սկզբից,  նույնիսկ ի դեմս իր նախահոր, ով ճնշեց իր եղբորը և գոտեմարտեց Աստծու հետ, Իսրայելը խաբեություն և բռնություն է դրսևորել (Ծննդ․ 25։26, 32։25−29)։ Սակայն Հակոբի լացն ու աղաչանքը (արտասվեց և աղաչեց Նրան) մարգարեն չէր կարող Հակոբի կողմից դրսևորված խորամանկության և բռնության արտահայտություն համարել։ Այդ պատճառով էլ մյուս մեկնիչները մարգարեի կողմից Հակոբի մասին հիշատակությունն այլ իմաստով են հասկանում․ հատկապես այն իմաստով, որ անդրանիկ լինելու և դրա միջոցով Աստծու օրհնությունը ստանալու իր ձգտմամբ, ինչպես նաև Աստծու հետ իր մենամարտով, որտեղ Հակոբը հաղթեց լացի և աղաչանքի միջոցով «նախահայրն ընդօրինակելու օրինակ և փրկության երաշխիք է թողել նրանց համար, ովքեր կրում են իր անունը» (Բրոդովիչ)։

    «Հասուն տարիքում» («beono»՝ ամրանալով, ուժ ստանալով) մաքառեց Աստծու հետ» բառերի փոխարեն սլավոներենում «իր ջանքերով զորացավ Աստծու առաջ» տարբերակն է․ եբրայերեն «sarah»՝ պայքարել, մրցակցել (տե՛ս Ծննդ․ 32։28), արտահայտությունը Յոթանասնիցը թարգմանել է «ενίσχυσε»՝ զորություն ստացավ, ամրացավ։

    «Նա գոտեմարտեց Հրեշտակի հետ», հենց Տեր Աստծու Հրեշտակի հետ, ով ոչ այլ ոք էր, քան Ինքը՝ Աստված, կամ էլ աստվածային Բանն՝ իր հինկտակարանյան գործունեությամբ (Ա․ Գլագոլև,  Հրեշտակների մասին աստվածաշնչի հինկտակարանյան ուսուցումը,  Կիև, 1900)։

    «Արտասվեց և աղաչեց Նրան» (սլավոներեն՝ «Ինձ»)։ Ենթադրում են, որ մարգարեն այստեղ լրացնում է Ծննդոց գրքի պատմությունը (32։24−29), որը հիմնված է Ծննդոցի հեղինակի խոսքերի վրա․ Հակոբն ասաց․ «Քեզ բաց չեմ թողնի, քանի դեռ ինձ չես օրհնել»։

    «Բեթելում Նա գտավ մեզ և այնտեղ խոսեց մեզ հետ»։ Խոսքը  նախահայր Հակոբի մասին  է, սակայն Հակոբը դիտարկվում է որպես ամբողջ Իսրայելի ժողովրդի կրողը․ այդ պատճառով մարգարեն առաջին դեմքի  հոգնակի թվով (մեզ, մեզ հետ) դերանուն է օգտագործում։ Մարգարեի միտքն այն է, որ Միջագետքից վերադառնալիս Բեթելում Հակոբին տրված երդումը պատկանում է նաև Իսրայելի ժողովրդին։ Յոթանասնիցը մարգարեի խոսքերն ուղղակի ժողովրդի մասին է հասկացել և այդ պատճառով էլ «Ովնի տանը (Բեթելում) գտան Ինձ» տարբերակով է թարգմանել։

    Նորագույն մեկնիչներից մեկը (Գոոնակեր) 3−4−րդ համարները համարում է ժողովրդական երգ, որում խոսվում է Իսրայելի փառքի մասին, և որը մարգարեն դնում է ժողովրդի շուրթերին։ Հաջորդ խոսքերը մարգարեի պատասխանն է այդ երգին։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծու դէմ. նա չափուեց Հրեշտակի հետ եւ յաղթեց նրան:
(Ովսեե 12։4․ Արարատ թարգ․) Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծու հետ։
(Գրաբար) Յարգանդի խաբեաց զեղբայր իւր, և յաշխատութիւնս իւր զօրացաւ առ Աստուած։