Գիրք` 13. Ա Մնացորդաց

Գլուխ 10

ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀԸ
(Ա Թագ. 31.1-13)
   

1. Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների վրայ:
2. Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին: Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝ Սաւուղի որդիներին:
3. Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել:
4. Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ: Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն ինձ»: Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի շատ վախեցել էր: Այն ժամանակ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ դրա վրայ:
5. Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ:
6. Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ:
7. Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել, թողեցին իրենց քաղաքները եւ փախան, իսկ այլազգիները եկան ու բնակուեցին նրանց քաղաքներում:
8. Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին: Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա որդիներին,
9. մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին:
10. Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը:
11. Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ:
12. Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Յաբիսում գտնուող կաղնու տակ ու եօթը օր ծոմ պահեցին:
13. Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ էր հարցրել, փոխանակ Տիրոջը խնդրելու: Նրան դէմ էր կանգնել Սամուէլ մարգարէն:
14. Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին: