Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։1

Ա. Լոպուխին

«Եվ ինձ տարավ դեպի արտաքին գավիթը հյուսիսային կողմի ճանապարհով և ինձ բերեց այն սենյակները, որոնք հրապարակի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էին»։[1] (Սինոդական թարգ․)

   
    Քահանայական սենյակները։ Դրանց կառուցվածքը։ Այժմ մարգարեին ներկայացվեցին սուրբ տունը և նրա մոտակա շրջակայքը աշխարհիկ ու անմաքուր ամեն ինչի հետ հնարավոր շփումից պաշտպանող սենյակները, որոնք միջանկյալ դիրք են զբաղեցնում արտաքին և ներքին գավիթների միջև ու նպատակ են հետապնդում «պաշտպանելու» քահանաներին և նրանց սրբարանները ժողովրդի հետ որևէ տեսակի հաղորդակցությունից: Այս սենյակների նկարագրությունը լեցուն է երկիմաստություն պարունակող անհասկանալի արտահայտություններով, որոնք նույնիսկ կարելի է ասել՝ ավելի շատ են, քան տան (այսինքն՝ տաճարի) պարագայում էր։ Այսպես ուրեմն, խորհրդավոր տաճարի պատկերում դժվարըմբռնելիությունն ու խավարը գնալով ավելի ու ավելի են մեծանում։ Սույն սենյակները տեսնելու համար մարգարեն սրբարանից կամ դրա նախասրահից, որտեղ որ նա այդ ժամանակ գտնվում էր, տարվում է (այն փաստը, թե հատկապես ո՛ւմ կողմից է տարվում՝ լռության է մատնվում, ու դա, ամենայն հավանականությամբ, արվում է դիտավորյալ կերպով․ տե՛ս Եզեկ․ 40:17-րդ համարի բացատրությունը) դեպի արտաքին գավիթը, քանի որ նկարագրվող սենյակներն իրենց դռներով ու առաջամասով նայում էին դեպի հենց այդ կողմը և քանի որ միայն հենց այդտեղից (այսինքն՝ արտաքին գավթից) կարելի էր տեսնել հաջորդիվ նկարագրվող այն երկու շենքերը, որոնք ներքին գավթից դիտելու դեպքում պիտի ծածկեին մեկը մյուսին։ Սակայն, Յոթանասնից թարգմանության համաձայն, մարգարեն տարվում է ներքին գավիթ («eswteran», մինչդեռ սլավոներենում՝ դարձյալ «արտաքին»)։ Հնարավոր է, որ Յոթանասնից թարգմանության հեղինակները նկատի են առնում նաև գավթի այն հատվածը, որը, գտնվելով հենց ներքին գավթի քառանկյուն հրապարակի և արտաքին գավթի (ներքին դարպասների կողմից) միջև, ուղղակիորեն չէր կարող հաշվարկվել ո՛չ արտաքին գավթի, ո՛չ էլ ներքին գավթի կազմում։ Հավանաբար, նույնական և չգիտես ինչու՝ մեկը մյուսի կողքին դրված երկու բառերից մեկը (խոսքը «ճանապարհով»՝ «դերեկ» բառի՝ բնագրային կրկնակի կիրառության մասին է, ընդ որում՝ առաջին դեպքում այդ բառից առաջ նախդիր կա գործածված (բառացիորեն՝ «և ինձ տարավ դեպի արտաքին գավիթը այն ճանապարհով՝ հյուսիսային կողմի ճանապարհով»), որը, ի դեպ, Յոթանասնից թարգմանության մեջ անսպասելիորեն փոխարինվել է «դեպի արևելք» արտահայտությամբ, իր իմաստային ընկալմամբ մեզ համար կա՛մ լիովին անհասկանալի է, կա՛մ էլ այդ բառը ոչ ճիշտ տառադարձությամբ է մեզ հասել (հնարավոր է, որ շփոթմունք է եղել, ամենայն հավանականությամբ, «լաոր» բառի հետ): Քանի որ այս ներկայիս սենյակները գտնվում էին տաճարի երկու կողմերում և յուրաքանչյուր կողմում էլ բոլորովին նույնական էին (11-րդ և 12-րդ համարներ), ուստի բավական էր «ուսումնասիրել» այս երկու խմբերից միայն մեկը: Ընտրվում է հյուսիսային խումբը, քանի որ տաճարի հյուսիսային հատվածն ավելի կարևոր նշանակություն ուներ, քան հարավային հատվածը (այդպես է նաև ուղղափառ եկեղեցիներում): Այդ իսկ պատճառով էլ մարգարեն գնում է «հյուսիսային կողմի ճանապարհով», այսինքն՝ դեպի հյուսիսային ներքին դարպասը և ապա՝ դրա միջով, որով ընթանալով էլ՝ հասնում է սենյակներին։

    «Սենյակները» - եբրայեցերենում՝ «լիշկա» (դրված է եզակի թվով, ինչը պետք է որ արտահայտի հավաքական նշանակություն), հունարենում՝ «exedrai», սլավոներենում՝ «խոչընդոտներ», Վուլգաթայում՝ «gazophylacium» - տե՛ս Եզեկ․ 40:44-րդ և 41:5-րդ համարների բացատրությունը: Այս սենյակներն ավելի շատ պետք է թաքնված լինեին տաճարային կառույցի մոտ գտնվող դարպասների և «լիշկոտ»-ների մեջ: Այս սենյակների շենքերը եղել են «հրապարակի («գիզրա» - տե՛ս Եզեկ 41:12-րդ համարի բացատրությունը) դիմաց» և «շենքի («բինյան») դիմաց»։ Եզեկ․ 40:5-րդ համարում այս վերջին՝ «բինյան» բառով անվանվում է տաճարի գավթի արտաքին պատը, իսկ Եզեկ․ 41:12-րդ և 15-րդ համարներում՝ տաճարի հետևում գտնվող մեծ հետին շենքը․․․ Եբրայական տեքստի համապատասխան հատվածում սենյակների քանակը չի նշվում, բայց Յոթանասնից թարգմանության մեջ դրանք հաշվվում են թվով 5-ը, իսկ ահա Ալեքսանդրյան ձեռագրում՝ նույնիսկ 15-ը։ Այս վերջին թիվը (15 x 2) կարող էր համապատասխանել արտաքին գավթում գտնվող սենյակների քանակին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա դուրս բերեց ինձ արտաքին գաւիթը, դէպի արեւելք, հիւսիսի դռան դէմ-դիմաց, ու ներս տարաւ ինձ: Ես տեսայ հինգ պատշգամբներ՝ հիւսիսահայեաց միջանցքներով ու խորշերով,
(Արարատ թարգ․) Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։
(Գրաբար) Եւ եհա՛ն զիս 'ի սրահն արտաքին ընդ արևելս դէմ յանդիման դրանն հիւսւսոյ. և տարաւ զիս 'ի ներքս։ Եւ ահա պատշգամք հինգ առանցիւք և խորշիւք ընդ կո՛ղմ հիւսւսոյ.