Եսայու մարգարեության մեկնություն 55:10

Ա. Լոպուխին

10-13․ «Ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են հողը և նրան ծնելու և բողբոջելու կարողություն են տալիս, որպեսզի նա սերմ տա նրան, ով ցանում է, և հաց նրան, ով ուտում է»։ [10] «Այդպես էլ Իմ բերանից դուրս եկած խոսքն է․ այն ապարդյուն Ինձ մոտ չի վերադառնում, այլ իրականացնում է այն, ինչ Ինձ հաճելի է, և կատարում է այն, ինչի համար Ես ուղարկել եմ նրան»։ «Այսպիսով դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք, լեռներն ու բլուրները ձեր առջև երգեր կերգեն, և դաշտի բոլոր ծառերը կծափահարեն ձեզ»։ «Փշաթփի փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի, և դա պիտի լինի Տիրոջ փառքի համար՝ որպես նշան հավիտենականության, անխորտակելիության»։ (Սինոդական թարգ․)
   
   Գլխի եզրափակիչ համարները խոսում են քավության պտուղների մասին՝ դրանք պատկերելով վառ գույներով ու լայնընդգրկուն շեշտադրությամբ։ Այդ պտուղներն ուղղակիորեն կներազդեն այն մարդկանց վրա, որոնք սրտի ուրախությամբ դուրս կգան իրենց հոգևոր գերությունից՝ մեղքի և սատանայի ծառայությունից (Հովհ․ 8։31-32), սակայն դրանք կներազդեն նաև ամբողջ մնացյալ բնության վրա, քանի որ այն մարդու հետ միասին կիսում է ինչպես տխուր, այնպես էլ ուրախ ճակատագիրը (Ծննդ․ 3։18, Հռոմ․ 8։19-22)։ Եսայի մարգարեի՝ այսպիսի պատկերներով և համեմատություններով խոսելու սերը ապացուցվում է նաև նրա գրքի բազմաթիվ այլ հատվածներում (Ես․ 5։25, 13։2, 14։25, 30։17, 35։2, 44։2, 49։13 և այլ տեղիներ)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել,
(Արարատ թարգ․) Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,
(Գրաբար) Զոր աւրինակ եթէ իջանիցէ անձրեւ կամ ձիւն յերկնից, եւ անդրէն ոչ դառնայ մինչչեւ արբուսցէ զերկիր, ծնցի եւ բղխեսցէ. եւ տացէ սերմն սերմանողի` եւ հաց ի կերակուր: