Ծննդոց գրքի մեկնություն 1:1

Սրբ. Եփրեմ Ասորի (†373)

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:
   
    «Սկզբում Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը»: Հոգու հայտնությամբ Մովսեսը հոգաց գրել ճշմարտության գիրը ընդդեմ կռապաշտության մոլորության, որ արարածներին արարիչ էին համարում: Նա սկսեց ուսուցանել, թե կա և գոյություն ունի այս աշխարհի Արարիչը և ստեղծողը և Աստված միակն է, ով կարողացավ ստեղծել ամեն ինչ ոչնչից: Մովսեսն այսպես ասաց, որպեսզի հավատացնի և համոզի, թե ամեն ինչ և բոլորն արարածներ են: Եվ չաստվածների մասին էլ հայտնեց, որ նրանք նույնպես արարածներ են, այլ ոչ թե աստված, ինչպես կարծում էին նրանց պաշտողները: Եվ Մովսեսն սկսեց պատմել, թե երբ ոչինչ չկար, Աստված որոշեց իր բարեգործ կամքով, ստեղծել այս տունը` երկինքը և երկիրը և այն ամենն, ինչ ամփոփված է նրանում, քանի որ մի վայրկյան էլ չանցած սկսեց տալ իր որոշման կարգադրությունը և Նրա հրամանով մի ակնթարթում կատարվեցին գործերը: Մովսեսը կլինի մեր վկան, ով հայտնությունների միջոցով հաղորդում է գաղտնիքների մասին, որովհետև այն կողմում, որտեղ խոնարհվում էր ձեռքը՝ Որդին  այն պահին կատարում էր գործը: Եթե Աստված թոթովախոսի միջոցով շտապեց հայտնել Իր կամքը, որպեսզի շփոթ չառաջանա, ապա որքա՞ն առավել կիրագործեր Իր Միածնի միջոցով:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

   Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ (Սինոդական թարգ․) [1]

    Սկզբում ․․․Ինչպես սուրբ հայրերի մոտ, այնպես էլ հետագա ողջ մեկնողական գրականության մեջ գոյություն ունի տվյալ բառի երկու հիմնական բնորոշ մեկնաբանություն: Մի մասի տիրապետող կարծիքի համաձայն, դա պարզ ժամանակագրական ցուցում է ուղղված «տեսանելի իրերի ստեղծման սկզբին» (Եփրեմ Ասորի), այսինքն՝ այն ամենի, ինչի աստիճանական կազմավորման պատմությունն այնուհետև անմիջականորեն շարադրվում է: Իսկ ըստ մյուսների այլաբանական մեկնության (Որոգինես, Ամբրոսիոս, Օգոստինոս և այլք)՝ «Ի սկզբանե» բառն այստեղ ունի ուրույն իմաստ և ամփոփում է Հոր նախահավիտյան ծնունդի, Սուրբ Երրորդության երկրորդ անձի՝ Աստծո Որդու մասին ծածկյալ ցուցում, Որի մեջ և Որով իրականացավ ողջ արարչագործությունը (Հովհ. 1։3, Կող. 1։16): Սրան վերաբերող սուրբգրային զուգահեռներն այս երկու մեկնաբանությունները միավորելու իրավունք են տալիս, այսինքն՝ այստեղ կարելի է գտնել ինչպես Հորը հավիտենակից Որդու կամ Բանի ծննդյանն ու Նրանում աշխարհի կատարյալ արարչության մասին  վկայություններ (Հովհ. 1։1-3, 1։10, 8։25, Սաղմ. 88։3, Ա Պետրոս. 1։20, Կող. 1։16, Հայտ. 3։14) այնպես էլ ավելի մեծ իրավունքով կարելի է տեսնել ժամանակների սկզբում կամ, ավելի ստույգ՝ հենց այդ ժամանակի հետ միասին աստվածային արարչության նախասկզբնական ծրագրի արտաքին իրականացմանն ուղղված ուղղակի ցուցումներ՝ (Եբր 1։10, Սաղմ․ 83։12–13, 101։26, 135։5–6, 145։6, Առակ. 8։22–23, Ես. 64։4, 41։4 և այլն):

    Աստված ստեղծեց… Այստեղ օգտագործված է «բարա» բայը, որը, ինչպես հրեաների, այնպես էլ՝ քրիստոնյաների ընդհանուր համոզմամբ, հավասարապես նաև սուրբգրային հետագա բոլոր կիրառություններում առավելապես ծառայում է որպես աստվածային գործողության գաղափարի արտահայտություն (Ծննդ. 1։1, 2։3–4, Ես. 40։28,  Սաղմ․ 148։5, Ելք. 34։10, Թվեր. 16։30, Երեմ. 31։22, Մաղ. 2։10 և այլ), ունի արարչագործելու կամ ոչնչից ստեղծելու նշանակություն (Թվեր. 16։30, Ես. 45։7, Սաղմ. 103։25–26, Եբր. 3։4, 11։3, Բ Մակ. 7։28 և այլ): Հետևաբար, դրանով իսկ հերքվում են աշխարհի մասին որպես ինքնագո էության բոլոր մատերիալիստական վարկածներն ու աստվածության էմանացիայի կամ արտահոսման համաստվածյան տեսությունները և այն դիտարկվում է որպես Արարչի ձեռքի գործ, որ իր Աստվածային ամենակարող կամքով ու զորությամբ ողջ աշխարհն անգոյությունից կոչեց դեպի գոյություն:

    Երկինքն ու երկիրը… Երկինքն ու երկիրը, որպես երկրագնդի երկու որոշակի հակադիր բևեռներ, սովորաբար Աստվածաշնչում օգտագործվում են «ողջ տիեզերք» նշանակությամբ (Սաղմ․ 101։26, Ես. 65։17, Երեմ. 33։24, Զաք. 5։9):  Բացի այդ՝ շատերն այստեղ տեսնում են տեսանելի ու անտեսանելի՝ Հրեշտակների աշխարհների արարման մասին հստակ ցուցում (Բարսեղ Մեծ, Թեոդորիտոս, Որոգինես, Հովհան Դամասկացի և այլք): Վերջին մեկնաբանության համար հիմք է ծառայում նախ «երկինք» բառի աստվածաշնչյան կիրառությունը որպես հոմանիշ երկնաբնակների, այսինքն՝ Հրեշտակների (Գ Թագ. 22։19, Մատթ. 18։10 և այլն), երկրորդ՝ նաև տվյալ պատմության կոնտեքստը, որում հետագա քաոսային անկարգությունը վերագրվում է միայն երկրին, այսինքն՝ տեսանելի աշխարհին (Ծննդ. 1։2), որով «երկինքը» զատորոշվում է «երկրից» և նույնիսկ, որպես բարեկարգ, անտեսանելի վերին աշխարհ կարծես հակադրվում է դրան: Սրա հաստատումը կարելի է գտնել ինչպես Հին (Հոբ 38։4–7), այնպես էլ, հատկապես, Նոր Կտակարանում (Կող. 1։16):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:
(Արարատ թարգ․) Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը:
(Գրաբար) Ի սկզբանէ արար Աստուած զերկին և զերկիր: