Ա․ Լոպուխին
«Իսկ այս կենդանիների տեսքը նման էր վառվող ածուխի ու ճրագների։ Կրակը շրջում էր կենդանիների միջև, և կրակը պայծառություն էր արձակում, և կրակից շանթեր էին դուրս գալիս»։ (Սինոդական թարգ․)[13]
Փոխադարձաբար միմյանց հպվող իրար թևերով քերովբեները ձևավորել էին մի որոշակի վայր, որը, ինչպես արդեն կարելի էր եզրակացնել նման անսովոր շրջափակումից, ուներ մի ինչ-որ հատուկ նպատակ։ Այդ վայրի նկարագրությունը բովանդակված է 13-րդ համարում։ Սույն համարի սկզբնահատվածը Յոթանասնից թարգմանությունը փոխադրում է եբրայական տեքստի հետ անհամապատասխանությամբ։ Եբրայական տեքստն այստեղ քերովբեներին նկարագրում է իրենց ունեցած կրակոտ երանգի տեսանկյունից, համաձայն որի՝ քերովբեներն ամբողջովին կրակոտ էին և փայլում էին ճրագների նման։ Սակայն արդեն այժմ այս հատվածի առնչությամբ գրեթե բոլորը նախապատվությունը տալիս են Յոթանասնից թարգմանությանը․ մարգարեն 5-րդ համարում արդեն խոսել էր կենդանիների տեսքի մասին, և հետևաբար այնտեղ էլ պետք էր ասել, որ այդ կենդանիները կրակոտ տեսք ունեին։ Իսկ ինչպե՞ս կարող էին քերովբեներն ածուխի և ճրագների տեսք ունենալ․ քերովբեներն միայն կարող էին փայլել ածուխի և ճրագի նման։ Եվ դեռ ածուխի ու լամպի պայծառությունն էլ չափազանց տարբեր է մեկը մյուսից, որպեսզի որպես համեմատության եզր ծառայի միևնույն առարկայի համար։ Հավանաբար մասորեթական բնագրի խմբագիրները պարզապես ցանկանում էին ավարտին հասցնել այն, ինչը մարգարեն չէր ասել քերովբեների գույնի վերաբերյալ: Այսպիսով, կարելի է միանշանակ համարել այն, որ ածուխներն ու ճրագները, որոնց որ եբրայական տեքստն ուզում է նմանեցնել քերովբեներին, տեսիլքի մի նոր մանրամասնություն էր. այդ «տվյալները» հիշեցնում էին այն վայրը, որը շրջապատված էր քերովբեների թևերով, և այդպիսի մի վայրի նկարագրությունն այստեղ միանգամայն տեղին է։ Քերովբեների միջև եղած ածուխները կոչվում են «վառվող»՝ ցույց տալու համար, որ այդ ածուխները ոչ թե սև ու հանգած տեսք ունեին, այլ որ կարմիր, դեռևս տաք էին և գտնվում էին այրման փուլում։ Մեկնաբաններն այստեղ ածուխների առկայությունը բացատրում են Եսայու տեսիլքի հետ համեմատության համատեքստում․ այնտեղ սերովբեն զոհասեղանից վերցնում էր վառվող ածուխը, ինչից էլ (ինչպես նաև՝ հայտնութենական տեսիլքներից, Հայտն․ 8։5, 3, 6։10), հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Աստծո գահի մոտ ածուխներով լեցուն մի զոհասեղան կա։ Չնայած որ Եզեկիել մարգարեն իր այս խորհրդավոր ածուխների տակ զոհասեղան չէր տեսել և, հնարավոր է, որ նա այստեղ նկարագրում էր երկնքի մեկ այլ ոլորտ, և ոչ թե ճիշտ այն, որը նկարագրել էին Եսային և Հովհաննես Աստվածաբանը, սակայն դա բոլորովին չի խոչընդոտում, որ քերովբեների միջև եղած ածուխներին նույնպես զոհաբերական բնույթ հաղորդենք։ Քերովբեները հայտնվում են Աստծուն ձոնված հավիտենական ողջակեզի խորհրդանիշներով, և այս պարագայում արդեն զոհասեղանի բացակայությունը կարող է մատնացույց անել այս զոհաբերության վսեմագույն և ամենամաքուր հոգևոր բնույթը: Եթե Աստված «այրող կրակ» է, ապա այն տեղը, որի վրայով, քերովբեների վրա նստած, Նա քայլում է, այսինքն՝ ամենամոտ իմաստով՝ քերովբեները, պետք է այրվեն այդ «կրակից», իսկ ահա այրման արդյունքն էլ ածուխն է։
«Ճրագների նման․․․» - Աստծո գահի առջև գտնվող ճրագների պատկերներ կան նաև Հայտնության գրքի տեսիլքներում, և այնտեղ դրանք բացատրվում են հենց այդ տեսիլքների ականատեսի կողմից, համաձայն որի վկայության՝ դրանք «Աստծո յոթ հոգիներն» (Հայտն․ 4:5) ու «յոթ եկեղեցիներն» են (Հայտն․ 1:12, 13, 20): Աստծո առաջ ճրագ վառելն աստվածապաշտական ծիսակատարություն է, որը խորհրդանշում է Աստծուն ծառայելու ջերմությունն ու անձնվիրությունը: Երբ «Աստծո հոգիները» և «եկեղեցիներն» Աստծո գահի առջև են հայտնվում ոչ թե ճրագներով, այլ իրենք են վերածվում ճրագների, այդ երևույթը գաղափարական լայնընդարձակ և արտասովոր չափերի մասին է խոսում։ Մինչդեռ Եզեկիելի տեսիլքում վերոհիշյալի փոխարեն ճրագները հայտնվում են քերովբեների հետ՝ ուղեկցելով նրանց հայտնությանը, և այս պարագայում արդեն ճրագների առնչակցությունը քերովբեներին բավականին սերտ է, սակայն ոչ լիովին ըմբռնելի։ Բայց Եզեկիելի տեսիլքում առկա ճրագների խորհրդաբանությունը (սիմվոլիկան) նույնն է, ինչ Հայտնության գրքում էր, ասել է թե՝ ամբողջ էությամբ հոգևոր «այրումն» Աստծո առջև: Այս պատկերի մեջ հստակ աստիճանականություն կա՝ ածուխ, ճրագներ, կայծակ․ ածուխները կարող են «տեղակայված» լինել ստորին հատվածում, ապա վեր բարձրանալով՝ կարող են վերածվել ճրագի բոցի, իսկ էլ ավելի բարձրում էլ՝ փոխակերպվել կայծակի։
«Կրակը շրջում էր կենդանիների միջև» - Եբրայեցերենում բառացիորեն այսպես է գրված․ «Նա («գի») քայլում էր կենդանիների միջև»։ Ուրեմն ո՞վ է այդ «նա»-ն։ Ո՞ր գոյականին է վերաբերում իգական սեռի այդ դերանունը: Համարի սկզբնահատվածում իգական սեռին պատկանող երկու գոյական կա. «տեսք» («դեմուտ») և կրակ («էշ», եբրայեցերեն՝ «այրվող ածուխ»): Առաջին գոյականը շարադասորեն շատ հեռու է դրված, իսկ դրա վավերականությունն էլ կասկածելի է. բացի այդ, ինչպե՞ս կարող է կենդանիների տեսքը քայլել կենդանիների միջև։ Երկրորդը չափազանց ստորադաս դիրք է զբաղեցնում. եբրայեցերեն տեքստում այն «ածուխ»-ի հետ կազմում է մեկ արտահայտություն (casus constructus): Սակայն քանի որ մինչ այժմ նկարագրված, քերովբեների միջև եղած տարածությունն ամբողջովին կրակներով էր «զարդարված», և կրակն էր տիրապետում այս կամ այն եղանակով, ուստի մարգարեի գրքի ընթերցողը մեծապես չի սխալվի, եթե եբրայեցերեն «գի» բառի տակ հասկանա «նա»՝ «կրակը»։ Եթե անգամ «գի» հասկացության նմանատիպ ըմբռնումը քերականորեն անհնար է, սակայն խոսքի ընթացքում և սույն համատեքստի մեջ, ամենայն հավանականությամբ, այդ անհնարինը հնարավոր է դառնում որևէ մեկ այլ տարբերակի բացակայության պատճառով․հետևաբար հենց դա պետք է լիներ այն, ինչ «շրջում էր կենդանիների միջև»: Մարգարեն նվազագույնը մինչև այս պահը քերովբեներին տեսնում է միայն շարժման մեջ, հետևաբար այն ամենը, ինչ գտնվում էր քերովբեների միջև, այդ թվում և նրանց միջև եղած վայրն իր ողջ արտասովոր պարունակությամբ՝ ածուխներով ու ճրագներով հանդերձ, պետք է շարժման մեջ լիներ, «ընթանար նրանց հետ» («միթգալլեկետ»):
«Եվ կրակը պայծառություն էր արձակում» - Այս նկատառումից առաջին հերթին պարզ է դառնում այն իրողությունը, որ անընդհատ շարժման մեջ գտնվող ածուխներն ու ճրագները մարգարեի համար միաձուլվել էին կրակի մեկ զանգվածի մեջ, որն էլ իր հերթին լույս էր սփռում իր շուրջը։ Միևնույն ժամանակ, սույն նկատառումը ցույց է տալիս, որ այս կրակից ցոլարձակող պայծառությունն աչքի էր ընկնում առանձհատուկ զորությամբ (հակառակ դեպքում չարժեր դրա մասին հիշատակել, քանի որ առանց այդ էլ յուրաքանչյուր կրակ պայծառություն է արձակում), ինչը ցույց է տալիս նաև եբրայեցերեն «նոգահ» («փայլ») բառը, որը ծառայում է որպես լույսի բանաստեղծական և, հետևաբար նաև, հատկապես զորեղ շեշտադրված յուրահատկության արտահայտում (Ես․ 4:4, 60:10, 62:1 Ամբ․ 3:11 և այլ տեղիներ) ու գործածվում է Աստծո Փառքի շողարձակման մասին հիշատակությունների դրվագներում (Եզեկ․ 10:4): Քերովբեների միջև եղած կրակն ավելի մեծ փայլատակում էր արձակում, քան պարզապես հանդարտ, մեղմ պայծառությունը։ Նրանից անընդհատ շանթեր էին դուրս գալիս։ Երկրային լույսի բոլոր տեսակներից միայն կայծակն է, որ մեզ հիացմունքից բացի նաև որոշակի սարսուռ է պատճառում և, հետևաբար, կայծակն է, որ կարող է ծառայել որպես լավագույն օրինակ ա՛յն լույսի համար, որով փայլում է Աստվածությունը: Բացի դրանից, կայծակը կարելի է համարել նաև ներքին, գաղտնի լույս, որը միայն ժամանակավոր է բռնկվում և միայն մի կարճ ակնթարթ է տեսանելի դառնում մարդու համար, և այդպիսով կայծակն է, որ ամենից շատն է նման մարդու համար անտեսանելի աստվածային Լույսին։ Իր այդ հատկության շնորհիվ կայծակը Հին Կտակարանում հաճախ գործածվում է որպես աստվածահայտնության «գործիք» (ատրիբուտ). չէ՞ որ դարձյալ կայծակներով փայլեց Սինայական լեռը, երբ Աստված իջավ դրա վրա։ Կայծակը հիշատակվում է նաև սաղմոսների մեջ՝ որպես սպասվող կամ խնդրվող աստվածահայտնության դրսևորում (Սաղմոս 17-րդ և այլ սաղմոսներ, հմմտ․ Ամբ․ 3:4, 11)։ Իսկ ահա Հայտնության գրքում կայծակը ելնում է Աստծո գահից (4:11): Այն, որ քերովբեների միջև գտնվող կրակը շանթեր է արձակում, վկայում է քերովբեների աստվածային վսեմ, վերին աստիճանի նմանության մասին. նրանք փայլում են ա՛յն փառքով, որը հիշեցնում է Աստվածային փառքը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում:
(Արարատ թարգ․) Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։
(Գրաբար) Եւ ‘ի մէջ գազանացն տեսիլ իբրև զկայծականց հրոյ բորբոքելոյ. և իբրև զտեսիլ ղ’ամբարաց խառնելոց ‘ի մէջ գազանացն, և լոյս հրոյ. և ‘ի հրոյ անտի փայլատակունք հատանէին.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: