Գիրք` 1. Ծննդոց

Գլուխ 8

ՋՐՀԵՂԵՂԻ ՎԵՐՋԸ
   

1. Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց:
2. Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը:
3. Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց:
4. Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ:
5. Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում: Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները:
6. Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը:
7. Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից:
8. Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից:
9. Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան:
10. Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն:
11. Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար: Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից:
12. Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ:
13. Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից:
14. Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց:
15. Տէր Աստուած Նոյին ասաց.
16. «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք,
17. նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները: Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ: Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»:
18. Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք:
19. Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից:
   
ՆՈՅԸ ԶՈՀ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ
   
20. Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ:
21. Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի:
22. Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»: