Գիրք` 9. Թագավորություններ Ա

Գլուխ 2

ԱՆՆԱՅԻ ԱՂՕԹՔԸ
   
1․ Աննան աղօթել սկսեց ու ասաց.
«Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ,
գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ 338,
բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ,
ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ:
2․ Տիրոջ նման սուրբ չկայ,
մեր Աստծու նման արդար չկայ,
3․ եւ քեզանից բացի սուրբ չկայ:
Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ,
մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից,
քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է,
եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը:
4․ Հզօրների աղեղները տկարացան,
իսկ տկարները զօրութիւն ստացան:
5․ Հացով կշտացածները հիւծուեցին,
իսկ քաղցածները երկրում բնակուեցին,
ամուլը եօթը որդի ծնեց,
իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց:
6․ Տէրն է սպանում եւ ապրեցնում,
իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից:
7․ Տէրն է աղքատացնում ու հարստացնում,
ստորացնում ու բարձրացնում:
8․ Գետնից բարձրացնում է տնանկին,
աղքատին հանում աղբանոցից,
որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ
ու փառքի գահին բազմեցնի նրանց:
9․ Նա ուխտաւորի ուխտն է կատարում,
արդարների տարիներն է օրհնում:
Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է:
Տէրը տկարացնում է իր հակառակորդներին:
Տէրը սուրբ է:
Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ,
ո՛չ հզօրն իր զօրութեամբ,
ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ:
Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով,
որ իմանում ու ճանաչում է Տիրոջը,
երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում:
10․ 339Տէրը երկինք ելաւ ու որոտաց,
ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով,
զօրութիւն տալու մեր թագաւորներին
եւ զօրավիգ լինելու իր օծեալին»:
11․ Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը:
Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում:
   
ՀԵՂԻԻ ՈՐԴԻՆԵՐԸ
   
12․ Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը:
13․ Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային:
14․ Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը:
15․ Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»:
16․ Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»:
17․ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»: Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ:
   
ՍԱՄՈՒԷԼԸ ՍԵԼՈՎՈՒՄ
   
18․ Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում:
19․ Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու:
20․ Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»: Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը:
21․ Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ: Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ:
   
ՀԵՂԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ
   
22․ Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ:
23․ Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից:
24․ Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում:
25․ Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»: Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց:
26․ Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց:
27․ Աստծու հրեշտակը եկաւ Հեղիի մօտ եւ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Երբ քո հօր նախնիները Եգիպտացիների երկրում փարաւոնի տանը ստրուկ էին, քո հօր տանը յայտնապէս երեւացի
28․ եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջեւ վակաս հագնեն: Ես քո հօր սերունդներին իբրեւ կերակուր եմ տուել իսրայէլացիների մատուցած բոլոր ողջակէզներն ու զոհերը:
29․ Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ նրանք յանդգնում են օրհնել իսրայէլացիների՝ ինձ մատուցած ամէն տեսակի զոհերը»:
30․ Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է կարգադրում. «Ասել եմ, որ քո տունը եւ քո հօր տունը իմ առջեւ պէտք է ծառայեն յաւիտեան, սակայն հիմա Տէրն ասում է. «Հիմա այդպէս թող չլինի. քանզի ես փառաւորելու եմ ինձ փառաւորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ»:
31․ Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին եւ քո հօր տան սերնդին, որպէսզի ծեր չլինի քո տան մէջ:
32․ Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարութիւններին, որ Տէր Աստուածն անելու է Իսրայէլին, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինելու:
33․ Միայն մէկի՛ն պիտի թողնեմ իմ զոհասեղանի մօտ, որպէսզի նուաղեն նրա աչքերը, եւ հալումաշ լինի նրա սիրտը: Քո տան բոլոր մնացեալ անդամները ընկնելու են մարդկանց սրով:
34․ Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի եւ Փենեէսի գլխին. նրանք երկուսն էլ նոյն օրն են մեռնելու:
35․ Ես ինձ համար հաւատարիմ մի քահանայ մէջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամէնը, ինչ կայ իմ մտքում եւ հոգում: Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծեալի առջեւ ծառայի:
36․ Այնպէս պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնայ, մի արծաթի չնչին կտորի եւ մի նկանակ հացի համար գայ նրան երկրպագելու եւ ասի. «Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտօն տո՛ւր, որ մի պատառ հաց ուտեմ»»: