Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
14-17․ «Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շուտափույթ է գալիս. արդեն լսելի է Տիրոջ օրվա ձայնը. այդ ժամանակ դառնորեն պիտի աղաղակի նույնիսկ ամենահզորը»։ [14] «Բարկության օր է այս օրը, վշտի և նեղության օր, ավերման և կործանման օր, մթության ու խավարի օր, ամպի և մառախուղի օր»։ «Փողի և մարտակոչի օր է ընդդեմ պարսպապատ քաղաքների ու բարձր աշտարակների»: «Եվ Ես պիտի նեղեմ մարդկանց, և նրանք պիտի շրջեն ինչպես կույրեր, որովհետև նրանք մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը պիտի ցրվի ինչպես փոշի, իսկ նրանց մարմինը՝ որպես աղբ»: (Սինոդական թարգ․)
Ամբողջությամբ նկարագրելով իր ժամանակակիցների կրոնաբարոյական վիճակը և ցույց տալով նրանց համար Աստծու դատաստանի անխուսափելիությունը՝ այժմ մարգարեն 14−17−րդ համարներում ընդհանուր կերպով ուրվագծում է «Տիրոջ օրվա» սարսափազդու պատկերը: Վերջինիս բնութագրումը, որ մարգարեի կողմից տրվում է ընդհատվող ու հզոր արտահայտություններով, իր արտահայտչականությամբ և ուժով իսկապես դասական է, իսկ ըստ էության՝ ներկայացնում է 7-րդ համարում հիշատակված «Տիրոջ օրվա» գաղափարի առավել ամբողջական բացահայտումը: Այս գլխի նոր և վերջին հատվածի ներքին պատճառական կապը նախորդի հետ երևում է Քեննիկոտի որոշ եբրայական ձեռագրերում (օրինակ՝ ձեռագիր թիվ 150) առկա «քի» պատճառական շաղկապից, որը հանդիպում է նաև Յոթանասնիցի հունարեն տեքստում («ὅτι» կամ «διότι»), ինչպես նաև գերմաներեն թարգմանության մեջ («denn»՝ «քանզի, որովհետև»): Ի հակադրություն հրեաների անհավատության և անօրենության, ինչպես նաև մարգարեական հորդորների և սպառնալիքների նկատմամբ կատարյալ անտարբերության և ամբողջական անզգուշության՝ Աստծու ահեղ դատաստանի օրը պիտի գա անհավանական արագությամբ. «քարով յոմ Յահվե հագգադոլ, քարով ու-մահեր մեոդ» 1 (14-րդ համար, ա): «Մարգարեն այդ օրը մեծ է կոչում, քանի որ այդ օրը մարդիկ պիտի ենթարկվեն ոչ թե թեթև խրատի, այլ վճռական պատժի» (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», 1857, էջ 45): Այդ օրը արագ (մահեր) է կոչում, որովհետև «այն հայտնվելու է կարճ ժամանակահատվածում և առանց ուշանալու» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 348):
Այս օրվա սարսափների նկարագրության մեջ մարգարեն առաջին հերթին հիշատակում է (14-րդ համար, բ) հերոսների՝ թշնամիների մարտական աղաղակը, որոնք ներխուժել էին Հուդայի երկիր՝ որպես նրա հանդեպ Աստծու կողմից կանխորոշված դատաստան իրականացնողներ (տե՛ս 7-րդ համար): Այս պատկերը և խոսքի ձևը հիշեցնում են մարգարեական նմանատիպ նկարագրություններում (Նավ. 3:2, Ես. 13։3) եղած պատկերները: Տիրոջ օրվա հետագա բնութագրությունն (15-16-րդ համարներ) ընդգրկում է ամենատարբեր աղետներ, որոնք մի ամբողջ հեղեղի նման պիտի ուղղվեն Աստծու դատաստանին ենթարկված ժողովրդի վրա, որի սահմանները թշնամու բանակն արդեն մուտք է գործել: Այստեղ մի սոսկալի պատկերի մեջ միահյուսվում են այնպիսի ծանր արհավիրքներ, ինչպիսիք են պաշարվածների ճնշված դրությունը, ամեն տեսակ զրկանքները, երկրի ավերումն ու կործանումը, մթնոլորտային ահարկու երևույթները, ներխուժման և արյունահեղության սարսափները: Թեև այս բնութագրության առանձին արտահայտությունների համար կարելի է բազմաթիվ զուգահեռներ գտնել այլ մարգարեական և, ընդհանրապես, սուրբգրային հատվածներում, սակայն դրանից Սոփոնիա մարգարեի խոսքը ոչինչ չի կորցնում իր արտասովոր պատկերավորման և գեղարվեստական ուժի մեջ: Ճակատագրական օրվա ընդհանուր անվանումն է «բարկության օր» («յոմ էվրա», 15-րդ համար), այսինքն՝ Աստծու բարկության օր (Ես. 13։9, Եզեկ. 20։36, Սաղմ. 77։49 և այլն), և ներկայացվում է որպես այդ օրվա բոլոր բազմաբնույթ աղետների միակ աղբյուր և վերջնական պատճառ: «Dies irae dies illa» (բարկության օր, այն օրը) - ահա Տիրոջ օրվա դասական սահմանումը Վուլգաթայում: Այս ընդհանուր սահմանման ամենատարածված բացատրությունը մարգարեի կողմից տրվում է հոմանիշ բառազույգերի մի ողջ շարքով, ինչն ամբողջ խոսքին հաղորդում է բացառիկ արտահայտչականություն և բանաստեղծական հմայք: Առաջին զույգ բառերը՝ «ցարա» և «մեցուկա» (Յոթանասնիցում՝ «θλῖψις» և «ἀνάγκη», Վուլգաթայում՝ «tribulatio» և «angustia», սլավ.՝ «скорбь» և «нужда», ռուս.՝ «скорбь» և «теснота» (հմմտ. Հռոմ. 2:9)), նշանակում են գլխավորապես այն ներքին տառապանքն ու ընկճված վիճակը, որի մեջ գտնվում է Աստծուց պատժված մեղավորը, և որը նրա հոգում եղած արտաքին զանազան աղետների արձագանքն է (Հոբ. 15:24)։
Երկրորդ զույգը «շոա» և «մեշոա» նույնարմատ բառերն են (Յոթանասնից՝«αωρια և αφανισμος», սլավ.՝ « день безгодия и исчезновения», Վուլգաթա՝ «calamitas, miseria», ռուս.՝ «опустошение и разорение») արտահայտում են ավերում և կործանում: Այս երկու հասկացությունների համադրմամբ մարգարեն առավել ամբողջական է արտահայտում Հուդային սպասվող կատարյալ ամայացման գաղափարը (Հոբ. 30։3, 38:27)։
15−րդ համարի երկրորդ կեսը կազմված է խավարի, մթության գաղափարն արտահայտող չորս հոմանիշ բառերից, ընդ որում՝ այս բոլոր բառերը հանդիպում են Հովել մարգարեի «Տիրոջ օրվա» նկարագրության մեջ (Հովել. 2:2): Եբրայերեն՝ խոշեխ (խավար), աֆելա (թանձր խավար), անան (ամպ), արաֆել (մառախուղ), հունարեն՝ γνόφος, σκότος, νεφέλη, ὀμίχλη, լատիներեն՝ tenebrae, caligo, nebula, turbo։ Այս բոլոր բառերն արտահայտում են խավարի, մթի և փոթորկի տարբեր երանգներ: Ըստ սուրբգրային պատկերացման՝ այս ամենը հանդիսանում է ոչ միայն աշխարհում Տեր Աստծու բացառիկ հայտնության դրսևորումը, ինչպես Սինայում էր, (Բ Օր. 4:11, 5:19, 23), այլև հիմնականում Աստծու արդարության և դատաստանի պատժիչ գործողությունները (Սաղմ․ 96:2−4, Ամոս. 5:18, Հովել. 2:2 և այլն): Եթե լույսը կյանքի և ուրախության հոմանիշն է (Սաղմ. 35։10), ապա խավարը միշտ եղել է բոլոր տեսակի վշտերի և հենց մահվան խորհրդանիշը: «Մթություն, խավար, ամպ և մառախուղ,− ասում է երանելի Թեոդորիտոսը,− մարգարեն անվանում է աղետների մոտենալը, որոնց վրա հասնելու դեպքում նույնիսկ արևին նայողների համար ցերեկը պայծառ չի լինի․ այլ ամեն ինչ խավարով լցված կթվա» (տե՛ս նույն տեղում, էջ 46):
16−րդ համարը մատնանշում է քաղաքների և նրանց պարիսպների սարսափելի պաշարման ժամանակ հրեաներին սպասվող անտանելի տառապանքի օբյեկտիվ պատճառը. «Տիրոջ օրը» կլինի շեփորի և աղաղակի օր («շոֆար ութերուա», հմմտ. Հես. 6:20, Դատ. 7:17–22, Ամբ. 1:14, 2:2)՝ ընդդեմ պարսպապատ քաղաքների և բարձր աշտարակների (բառացի՝ անկյունների՝ «պիննոթ»):
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այս մասին նշում է. «Մի՞թե կարելի է կասկածել, որ թշնամիների հարձակումն անտանելի է լինելու և՛ բազմամարդ քաղաքների, և՛ պատերազմական արվեստում փորձառու մարդկանց համար»: Նույնիսկ այլ քաղաքների համար, եթե նույնիսկ դրանք շրջապատված լինեն ամուր պարիսպներով, նա հայտարարում և ավելացնում, որ Տիրոջ օրը լինելու է ամուր քաղաքների և բարձրադիր անկյունների կամ աշտարակների դեմ շեփորի և ողբի օր։ Ամուր է անվանում այն քաղաքները, որոնք հարուստ են քաջերով և ունեն պատերազմին պատրաստ բազմաթիվ մարդիկ: «Բարձր անկյուններ (կամ աշտարակներ)» է անվանում պարիսպներով ամրացված քաղաքները, քանի որ ամրոցների պատերին միշտ լինում են անկյուններ, որոնք դուրս են ցցվում դեպի վեր և բարձրանում դեպի աշտարակները, որոնք ավելի բարձր են, քան մյուս շինությունները» (տե՛ս նշված աշխատություն, էջ 349): 17−րդ համարի այս բոլոր հզոր պարիսպները հրեաներին չեն փրկի իրենց թշնամիներից, առավել ևս, որ աղետի ծանրության տակ նրանք կկորցնեն խելամտորեն գործելու ունակությունը (Նավ. 2:5): Այսպիսով, պիտի կատարվի Մովսեսի ահեղ մարգարեությունը (Բ Օր. 28:29-30). նրանց կհասնի հոգևոր և մարմնավոր կուրություն, և նրանք համառորեն պիտի գնան դեպի կործանում (Երեմ. 27-28, 32−34, 36−39, 42-43 գլուխներ): Հուդայի քաղաքների վրա վերջին հարձակումները պիտի ուղեկցվեն սարսափելի արյունահեղությամբ այնպես, որ փոշու փոխարեն թափված արյան գետեր պիտի հոսեն քաղաքների փողոցներում, իսկ աղբի փոխարեն՝ ընկած դիակներ պիտի լինեն (Երեմ. 25:32-33), «այսինքն՝ չեն արժանանա նույնիսկ այն ամենին, ինչ սահմանված էր օրենքով, այսինքն՝ նրանք չեն արժանանա թաղման» (Երանելի Թեոդորիտոս), ինչից հրեաներն ամենից շատ էին վախենում (Սաղմ. 78։2, Երեմ. 22:18-19 և այլն):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շուտով կը գայ, Տիրոջ օրուայ ձայնը խիստ է եւ դառն, ուժեղն էլ կը զգայ,
(Արարատ թարգ․) Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։
(Գրաբար) Զի մերձ է աւր Տեառն մեծն, մերձ է եւ արագ յոյժ. ձայն աւուր Տեառն խիստ եւ դառն, կարգեալ զաւրաւոր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: