Մովսեսի ծնունդը և հրաշքով փրկվելը
1. Եվ Ղևիի ցեղից մեկը գնաց ու Ղևիի դուստրերից մեկին կնության առավ:
2.Եվ կինը հղիացավ ու մի որդի ծնեց: Եվ տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան:
3. Եվ երբ տեսավ, որ այլևս չի կարող թաքցնել, վերցրեց եղեգներից հյուսված մի տապանակ, այն ծեփեց կպրաձյութով, տղային դրեց այնտեղ և իջեցրեց գետեզերքի եղեգնուտի մեջ:
4. Իսկ նրա քույրը, հեռվում կանգնած, հետևում էր, թե ինչ կպատահի նրան:
5. Եվ փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու, իսկ նրա աղախինները ման էին գալիս գետեզերքին: Եվ եղեգնուտի մեջ տեսնելով տապանակը՝ ուղարկեց իր աղախնուն, որ բերի այն:
6. Եվ նա բացեց ու տեսավ տղային, և ահա տղան լաց էր լինում: Խղճաց նրան ու ասաց. «Սա եբրայեցի երեխաներից է»:
7. Հետո նրա քույրը փարավոնի աղջկան ասաց. «Գուցե գնամ և քեզ մոտ եբրայեցի կանանցից մի ստնտու կանչեմ, որ կերակրի տղային»:
8. Եվ փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»: Եվ աղջիկը գնաց ու բերեց այդ երեխայի մորը:
9. Եվ փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային, կրծքով կերակրի՛ր նրան ինձ համար, և ես կտամ քո վարձը»: Եվ կինը վերցրեց մանկանն ու կրծքով կերակրեց նրան:
10. Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ: Եվ տղան նրա որդեգիրը դարձավ: Նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Որովհետև նրան ջրից հանեցի»:
Մովսեսի փախչելը և ամուսնությունը
11. Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացել էր, գնաց իր եղբայրների մոտ և տեսավ նրանց չարչարանքները: Եվ տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին:
12. Եվ նայեց այս ու այն կողմ ու, տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի տակ:
13. Եվ հաջորդ օրը դուրս եկավ ու տեսավ, որ ահա երկու եբրայեցիներ կռվում են միմյանց դեմ: Եվ մեղավորին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»:
14. Եվ նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան կամ դատավոր կարգեց մեզ վրա: Մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ եգիպտացուն սպանեցիր»: Եվ Մովսեսը վախեցավ ու ասաց. «Անշուշտ, այս բանը հայտնի է դարձել»:
15. Երբ փարավոնը լսեց այս մասին, կամեցավ Մովսեսին սպանել, բայց Մովսեսը փախավ ու եկավ Մադիամի երկիրը: Եվ գալով՝ նստեց մի ջրհորի մոտ:
16. Մադիամի քուրմը յոթ դուստր ուներ: Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրեցին ավազանների մեջ, որ ջուր խմեցնեն իրենց հոր հոտին,
17. Բայց հովիվները եկան ու քշեցին նրանց: Եվ Մովսեսը վեր կացավ, օգնեց նրանց ու նրանց հոտին ջուր խմեցրեց:
18. Եվ նրանք իրենց հոր՝ Ռագուելի մոտ եկան: Եվ նա հարցրեց. «Ինչո՞ւ այսօր շուտ եկաք»:
19. Եվ պատասխանեցին. «Մի եգիպտացի ազատեց մեզ հովիվների ձեռքից: Նա մեզ համար ջուր քաշեց ու խմեցրեց հոտերին»:
20. Նա էլ ասաց իր դուստրերին. «Եվ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք: Կանչե՛ք նրան, որ գա և հաց ուտի»:
21. Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու հետ, ու նա իր դստերը՝ Սեպփորային, Մովսեսին կնության տվեց:
22. Եվ նա մի որդի ծնեց ու նրա անունը Գերսամ դրեց, որովհետև ասաց. «Պանդուխտ եղա օտար երկրում»:
23. Եվ այդ օրերին մեռավ Եգիպտոսի թագավորը: Եվ Իսրայելի որդիները ծառայության տակ հառաչում ու աղաղակում էին: Եվ նրանց չարչարանքի աղաղակը հասավ Աստծուն:
24. Աստված լսեց նրանց հեծեծանքը: Եվ Աստված հիշեց Իր ուխտը, որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ:
25. Եվ Աստված նայեց Իսրայելի որդիներին, և Աստված իմացավ նրանց վիճակը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: