Հագարը ծնում է Իսմայելին
1. Եվ Աբրամի կինը՝ Սարան, նրա համար զավակ չէր ծնում: Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար:
2. Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ արգելել է ծնել: Այդ պատճառով մտիր աղախնուս մոտ, գուցե նրանից որդի ստանամ»: Եվ Աբրամն անսաց Սարային:
3. Եվ Աբրամի կինը՝ Սարան, Աբրամի Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո իր եգիպտացի աղախին Հագարին տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ նրան կին լինի:
4. Եվ Աբրամը մտավ Հագարի մոտ, և Հագարը հղիացավ: Եվ երբ նա տեսավ, որ հղի է, տիրուհին իր աչքին նվաստացավ:
5. Եվ Սարան ասաց Աբրամին. «Ինձ եղած անիրավությունը թող քեզ վրա լինի: Ես իմ աղախնուն քո գիրկը տվի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ: Թող Տերն իմ ու քո միջև դատաստան անի»:
6. Եվ Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո ձեռքում է, վարվի՛ր նրա հետ, ինչպես կամենում ես»: Եվ Սարան նեղեց նրան, ու նա փախավ Սարայի երեսից:
Հագարը փախչում և ապա վերադառնում է
7. Եվ Տիրոջ հրեշտակը գտավ նրան անապատում՝ Սուրի ճանապարհին գտնվող ջրի աղբյուրի մոտ:
8. Եվ ասաց. «Հագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»: Եվ նա ասաց. «Ես փախչում եմ իմ տիրուհու՝ Սարայի երեսից»:
9. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»:
10. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Քո սերունդը բազմացնելու եմ այնքան, որ համրել չլինի»:
11. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես: Դու որդի կծնես և նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը տեսավ քո տառապանքը:
12. Նա մի վայրագ մարդ կլինի: Նրա ձեռքը բոլորի, և բոլորի ձեռքը նրա դեմ կլինի, ու նա իր բոլոր եղբայրների առաջ կբնակվի»:
13. Եվ նա իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց՝ ասելով. «Դու իմ Աստվածն ես, որ երևացիր ինձ», որովհետև ասաց. «Արդյոք դարձյալ կտեսնեմ այստեղ իմ այս տեսիլքից հետո»:
14. Այդ պատճառով այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր կոչվեց, որը գտնվում է Կադեսի և Բարադի միջև:
15. Հագարը մի որդի ծնեց Աբրամի համար, և Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունը Իսմայել դրեց:
16. Եվ Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Հագարն Աբրամի համար ծնեց Իսմայելին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: