Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 50

Հակոբի թաղումը Քեբրոնում
   
1. Եվ Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան:
2. Եվ Հովսեփն իր բժիշկ սպասավորներին հրամայեց, որ զմռսեն իր հորը: Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին:
3. Եվ լրացան նրա քառասուն օրերը, քանի որ այդքան էին զմռսվածների օրերը: Եվ եգիպտացիները նրա համար յոթանասուն օր սուգ արեցին:
4. Եվ երբ անցան նրա սգո օրերը, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Արդ, եթե ձեր առաջ շնորհ եմ գտել, խոսեք խնդրեմ փարավոնի հետ ու ասեք նրան.
5. “Իմ հայրն ինձ երդվել տվեց՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ: Ինձ կթաղես Քանանի երկրում ինձ համար իմ փորած գերեզմանի մեջ”: Եվ այժմ թույլ տուր, որ գնամ իմ հորը թաղեմ ու վերադառնամ”»:
6. Եվ փարավոնն ասաց. «Գնա՛ և թաղի՛ր քո հորը, ինչպես որ նա քեզ երդվել է տվել»:
7. Եվ Հովսեփը գնաց իր հորը թաղելու: Նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, նրա պալատի ավագները, Եգիպտոսի երկրի բոլոր ավագները,
8. Նաև Հովսեփի ամբողջ տունը, նրա եղբայրները և նրա հոր տունը: Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերը և արջառներին:
9. Նրան ուղեկցում էին կառքեր, ձիավորներ, ու դարձան շատ մեծ բանակ:
10. Եվ եկան Ատադի կալը, որը Հորդանանի մյուս կողմում է: Այնտեղ ողբացին սաստիկ լացով, և Հովսեփն իր հոր համար յոթ օր սուգ արեց:
11. Եվ Քանանի երկրի բնակիչները երբ տեսան Ատադի կալի սուգը, ասացին. «Սա մի մեծ սուգ է եգիպտացիների համար»: Այդ պատճառով այդ վայրի անունը Աբելմիսրայիմ դրեցին, որը Հորդանանի մյուս կողմում է:
12. Եվ նրա որդիներն արեցին այնպես, ինչպես որ պատվիրել էր:
13. Եվ նրա որդիները նրան տարան Քանանի երկիր ու թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի այրում, որն արտի հետ միասին Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից որպես հողատարածք գերեզմանի համար:
14. Հովսեփը հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս իր եղբայրների և բոլոր նրանց հետ, ովքեր եկել էին իր հետ՝ իր հորը թաղելու:
   
Հովսեփի անհիշաչարությունը
   
15. Եվ երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և ցանկանա հատուցել այն բոլոր չար գործերի համար, որ արեցինք իրեն»:
16. Եվ Հովսեփի մոտ բանբեր ուղարկեցին՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց ու ասաց՝այսպես ասացեք Հովսեփին.
17. “Արդ, շնորհ արա, ների՛ր քո եղբայրների հանցանքը ու նրանց մեղքը, որովհետև քո դեմ չարիք գործեցին”: Եվ հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծո ծառաների հանցանքը»: Եվ Հովսեփը լաց եղավ այս խոսքերի համար, որ ասացին իրեն:
18. Եվ նրա եղբայրները գնացին, ընկան նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»:
19. Եվ Հովսեփն ասաց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծո փոխանորդն եմ:
20. Եվ թեպետ դուք խորհեցիք ինձ դեմ չարիք գործել, բայց Աստված որոշեց այն դեպի բարին դարձնել, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն մարդկանց մեծ բազմություն պահեր:
21. Եվ հիմա մի՛ վախեցեք: Ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»: Եվ մխիթարեց նրանց ու խոսեց քաղցրությամբ:
   
Հովսեփի մահը
   
22. Եվ Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը: Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի:
23. Եվ Հովսեփը տեսավ Եփրեմի երրորդ սերնդի որդիներին, և Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ Հովսեփի ծնկների վրա ծնվեցին:
24. Եվ Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ, և Աստված, անշուշտ, ձեզ այցելություն կանի. ձեզ դուրս կբերի այս երկրից դեպի այն երկիրը, որը Նա խոստացավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»:
25. Եվ Հովսեփն Իսրայելի որդիներին երդվել տվեց՝ ասելով. «Աստված, անշուշտ, ձեզ պիտի այցելի, ուստի իմ ոսկորները կտանեք այստեղից»:
26. Եվ Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում: Նրան զմռսեցին, դրեցին տապանի մեջ և ամփոփեցին Եգիպտոսում: