Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:32

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:
   

   Հիսուսը, աշակերտներին Իր մոտ կանչելով, ասաց. «Խղճում եմ այդ ժողովրդին. արդեն երեք օր է, ինչ Ինձ մոտ են և ուտելու ո չինչ չունեն. չեմ կամենում նրանց անոթի ուղարկել, գուցե ճանապարհին նվաղեն»:

   Սա [հացի բազմացման] առաջին հրաշքը  չէ 828, ուրիշ է: Այն ժամանակ հինգ հազար [հոգու] համար աշակերտներն էր, որ աղաչեցին Նրան, իսկ այժմ չորս հազարի համար Ինքն է [հրաշք] գործում առանց մեկի աղաչելու: Այնտեղ աշակերտնե՛րն ասացին. «Ուղարկիր այդ ժողովրդին», իսկ այստեղ՝ ոչ, այլ Ինքն է, որ կանչելով աշակերտներին՝ ասում է. «Խղճում եմ այդ ժողովրդին. արդեն երեք օր է, ինչ Ինձ մոտ են»: Կամ [աշակերտները] նախկինի համեմատ ավելի հասունացել էին, կամ էլ տեսնում էին, որ [ժողովուրդը] քաղցից այդքան էլ չէր նեղվում, որովհետև բժշկության համար էր եկել և չէր համարձակվում հաց խնդրել: Բայց [Հիսուսը] գթությամբ խնամարկում է՝ [ասելով]. «Ուտելու ոչինչ չունեն», որպեսզի ոչ ոք չասի, թե պաշարով կազմպատրաստ էին եկել, և որպեսզի [Հիսուսը] հասկացնի, որ եթե [կերակուր] ունեին էլ, այն արդեն սպառվել էր՝ երեք օր նրանց մոտ լինելով: Ուստի [կերակուր] է ստեղծում ոչ թե ավելի առաջ, այլ երբ կարիքը զգացվում է, որպեսզի հոժարությամբ ընդունեն երախտիքը: Իսկ ասելը «չեմ կամենում նրանց անոթի ուղարկել, գուցե ճանապարհին նվաղեն» [մեկնվում է այսպես]. «չեմ կամենում» ասելով՝ [Հիսուսը] հայտնում է Իր իշխանությունը, որ կարո՛ղ է նրանց կերակրել, և «ճանապարհին նվաղեն»-ով ցույց է տալիս, որ հեռու վայրերից էին եկել Իր մոտ և այլևս չկար ոչինչ, որով իրենց կարիքները բավարարեին, եթե Խնամարկողից անտեսվեին:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:
   
   «Եվ Հիսուս, Իր մոտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և բան չունեն, որ ուտեն»:
Նախկինում աշակերտները նրան աղաչեցին, հինգ հազարին [կերակրելու] համար, իսկ այժմ առանց որևէ մեկի խնդրանքի, Իր [նախաձեռնությամբ] չորս հազարին կերակրեց: Նրանք, [հացի առաջին բազմացման ժամանակ] մի օր մնալով, երեկոյան կերակրվեցին, իսկ սրանք վկայվեցին՝ երեք օր մնալով և [հետո] կերակրվելով, որպեսզի չբաժանվեն խնամողից: Այնտեղ աշակերտներն ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ ունենք», իսկ այստեղ պատասխանելով ասացին. «Յոթ հաց ունենք և քիչ ձուկ»: Այնտեղ խոտի վրա էին նստած, իսկ այստեղ՝ գետնի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

32-38. Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ: Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:
   
   Նախորդ հոդվածում տեսանք, որ Դեկապոլսի և Գալիլիայի սահմաններին հավաքվել էր մի ստվար բազմություն, բոլորն էլ ժշկության էին եկել իրենց կամ իրենց հարազատների համար: Վերջին երեք օրերում բազմությունը հասել էր մինչև չորս հազարի, պաշարն էլ վերջացել էր, և սկսել էին հաց հայթայթելու միջոցներ գտնել: Հիսուս հավաքեց առաքյալներին, և նեղ շրջանակով սկսեց խոհրդակցել. «Այս ժողովրդին խղճում եմ,- ասաց,- երեք օր է մեզ հետ են, սնունդ չի մնացել. Եթե այս վիճակով էլ իրենց ճանապարհենք, արդեն քաղցած, ճանապարհն էլ բավականին երկար, հոգնությունն էլ, որ գա, կարող են ճամփին քաղցից նվաղել և ճանապարհին ընկնեն մնան»: «Եթե իրենց չճանապարհես,- ասում են առաքյալները,- ուրեմն մտածում ես, որ մենք իրենց կշտացնենք. մենք էլ ինչպե՞ս կարող ենք այս անբնակ կողմերում, գյուղերից ու քաղաքներից հեռու, այդքան բազմության համար հաց ճարել, որ բավարարի»: «Ի՞նչ պաշար է մնացել մեզ մոտ»,- հարցնում է Հիսուս: Առաքյալներից ոմանք գնում նայում և լուր են բերում, որ մնացել է ընդամենը յոթ նկանակ և մի քիչ էլ չոր ձուկ:
   Հիսուս հրամայում է, որ գտնված հացերն ու չոր ձկները Իրեն հանձնեն և ժողովրդին էլ խումբ-խումբ նստեցնեն: Ինքն օրհնում է հացն ու ձուկը և տալիս առաքյալներն, իսկ նրանք էլ` բաժանում են ժողովրդին: Բոլորի կշտանալուց հետո հավաքում են ավելցուկները, և յոթը զամբյուղ լի կտորտանք է հավաքվում: Ժողովրդի բազմությունը չորս հազար հոգի էր` կանանց ու երեխաներին չհաշված: Հինգ հազարին կերակրելու հրաշքի բնույթին մասին խոսեցքին (Մատթ. 14:15-21). պարագան նույնն էր, և նորից նույն խոսքերը կրկնելն ավելորդ է: Այնտեղ հինգ հազարին հինգը հաց էր տրված, այստեղ` չորս հազարին յոթը հաց, սակայն երկու պարագաներում էլ ուտելիքի և ուտողների չափն ու քանակը համեմատության մեջ դնելու կետեր չեն: Առաջին դեպքում ավելցուկները 12 կողով էին և համեմատական գտանք 12 առաքյալների թվին: Այստեղ միայն յոթը զամբյուղ է հիշվում, և նույն համեմատությունը չի փաստվում: Գուցե բոլոր առաքյալները դուրս չէին եկել բաժանելու, կամ թե նրանցից ոմանք այդ օրը բացակայում էին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ երկու դեպքում էլ առաքյալների պաշարը չոր հաց և չոր ձուկ է, ձկնորս առաքյալներին շատ հարմար, իրենց նավերով և նավաստիներով ճարված մի ուտելիք, որ ինչպես երևում էր Հիսուսի և իր խմբի սովորական պաշարն էր:
   Հինգ հազար հոգու կերակրված տեղը Բեթսայիդայի անապատն էր, չորս հազար հոգու կերակրված տեղը`Դեկապոլսի անապատը: Առաջինը Գալիլիայի հյուսիսային ծայրն է, իսկ երկրորդը` Գալիլիայի հարավային ծայրը. Այնպես որ թե՛ բազմությունը, թե՛ հացերի թիվը, և թե հրաշքի եղելության վայրը, բոլորովին տարբեր են և իրար հետ շփոթել չի լինի: Բեթսայիդայում կատարված եղելությունը մեսիական բորբոքման առիթ տվեց (Մատթ. 14:22-23), իսկ այս անգամ ամեն ինչ շատ հանգիստ անցավ, և կերակրված ժողովուրդը սկսեց անձայն և անշշուկ ցրվել, և բժշկություն ստացած` իրենց տեղերը վերադառնալ: Հիսուս ասել էր. «Ոմանք ի դոցանէ ի հեռաստանէ եկեալ են», որով հայտնի է դառնում, որ այդ չորս հազար հոգին, որ կերակրվել էր, հավաքվել էր Գալիլիայի և Դեկապոլսի բոլոր կողմերից: