Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Եվ ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Որն ունի Իմ բարեհաճությունը. Նրա՛ն լսեք»։
   
    Երբ Աստված սպառնալիքներ է հնչեցնում, այդ ժամանակ ներկայանում է որպես մռայլ մի ամպ, ինչպես, օրինակ, Սինա լեռան վրա. «Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը» (Ելք 24:18), «նրա ծուխը բարձրանում էր ինչպես հնոցի ծուխ» (Ելք 19:18)։ Նույն կերպ նաև Դավիթ մարգարեն, սպառնալիքների մասին խոսելով, ասում է. «օդի ամպերի թանձր ջրերով․․․» (Սաղմ. 17:12)։ Իսկ ահա այստեղ, քանի որ Տերը մտադիր էր ոչ թե վախեցնել, այլ ուսուցանել, հայտնվում է մի լուսավոր ամպ։ Եվ մինչ Պետրոսն ասում էր. «Երեք տաղավարներ կպատրաստենք», Աստված ցույց տվեց ոչ ձեռակերտ մի ծածկ։ Ահա թե ինչու այնտեղ՝ մշուշ ու հնոցի ծուխ, իսկ այստեղ՝ անպատում լույս ու ձայն։ Ապա, որպեսզի ցույց տա, որ ոչ թե պարզապես երեքից մեկի մասին է խոսքը, այլ հենց Քրիստոսի, ձայնի հնչման ժամանակ մյուս երկուսը հեռանում են, որովհետև եթե ասված լիներ պայմանականորեն նրանցից մեկի մասին, ապա Հիսուս մենակ չէր մնա (դա եղավ միայն մյուս երկուսի հեռանալուց հետո)։ Ուրեմն ինչո՞ւ ամպը հովանի եղավ ոչ միայն Քրիստոսին, այլև բոլոր ներկաներին։ Եթե այն հովանի դառնար միայն Քրիստոսին, ապա կարելի կլիներ մտածել, թե ձայնը հենց Քրիստոսից էր բխում։ Դրա համար էլ ավետարանիչը, հենց սա կանխելով, ասում է, որ ձայնը հնչում էր ամպից, այսինքն՝ Հայր Աստծուց։ Իսկ ի՞նչ էր ասում այդ ձայնը. «Դա՛ է Իմ սիրելի Որդին»։ Իսկ եթե Հիսուս սիրելի Որդին է, ապա մի՛ վախեցիր, Պետրո՛ս։ Դու արդեն իսկ պետք է իմանայիր թե՛ Նրա զորությունը, և թե՛ վստահ լինեիր Նրա Հարությանը։ Իսկ եթե չգիտես, ապա գոնե քաջալերվի՛ր Հոր ձայնով։ Եթե Աստված ամենազոր է, - և ինչպիսին որ Նա է իրականում, - ապա ուրեմն Որդին էլ ամենազոր է։ Դրա համար մի՛ վախեցիր սպառնացող վտանգներից։ Իսկ եթե դու դեռ չես համաձայնում ասվածին, ապա գոնե դատողությո՛ւն արա այդ մասին, և կիմանաս, որ Քրիստոս Որդի է, և սիրելի՛ Որդի. «Դա՛ է Իմ սիրելի Որդին»։ Իսկ եթե Նա սիրելի է, ուրեմն մի՛ վախեցիր։ Ո՞վ կորստյան կմատնի մեկին, ում սիրում է։ Այսպիսով, մի՛ խռովվիր. թեկուզ և քո սերը Քրիստոսի հանդեպ անչափ էլ լինի, բայց դու Նրան այնպես չես սիրում, ինչպես սիրում է Ծնողը, Որը բարեհաճություն ունի Նրա նկատմամբ։ Հայրը Քրիստոսին սիրում է ոչ միայն այն պատճառով, որ ծնել է Նրան, այլև քանի որ Որդին ամեն ինչում հավասար է Հորը և մեկ կամք ունի Նրա հետ։ Հետևաբար, Հայր Աստծու սիրո պատճառը կրկնակի է, կամ նույնիսկ եռակի, այսինքն՝ Քրիստոս Հոր Որդին է, սիրելի է Նրա համար և վայելում է Հոր ողջ բարեհաճությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում. «Ունի Իմ բարեհաճությունը»։ Հայրն ասես այսպես է ասում՝ «Նրա մեջ է Իմ խաղաղությունն ու բերկրանքը», և սա ա՛յն պատճառով, որ Քրիստոս ամեն ինչում կատարելապես հավասար է Հորը. Նրա կամքը մեկ է Հոր կամքի հետ և, Որդի լինելով, Նա ամեն ինչում միություն է կազմում Իր Ծնողի հետ։ «Նրա՛ն լսեք»՝ այնպես որ, եթե Նա ցանկանա խաչվել խաչափայտի վրա, դու դրան մի՛ հակառակվիր։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»:
   

    Մինչ նա խոսում էր, ահա մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա:

    Պետրոսը ձեռագործ տաղավար էր պատրաստում, իսկ Հայրն ի վերուստ անձեռագործը տնօրինում, որպեսզի [Պետրոսն] իմանար, որ մարմնական տաղավարի կարիք չկա: Բայց ինչո՞ւ էր ամպով երևում, և լուսավոր ամպն ի՞նչ էր [նշանակում]: Աստված սովորություն ունի ամենուր ամպով երևալու՝ ըստ այսմ. «Ամպ և մեգ է Նրա շուրջ» (Սաղմ. 96։2), «Ամպերի մեջ հաստատեց Իր ընթացքը» (հմմտ. Սաղմ. 102։3), «Թեթև ամպի վրա նստած» (Ես. 19։1), Եզեկիելը կառքի [տեսիլքում] մեծ ամպ տեսավ (Եզեկ. 1։4), և Մարդու Որդին էլ երկնքի ամպերով է գալու (Մատթ. 24։30, 26։64), անպատմելի, ծնող ու սնող լինելու, որպես բուժիչ ցող՝ իմանալի անձրև շնորհելու, ինչպես նաև ամենուրեք արագ ժամանելու պատճառով: Իսկ այստեղ [ամպը] լուսավոր է, որովհետև երբ [Աստված] սպառնալիքներով էր խոսում, խավարային ամպերով էր երևում՝ ըստ Դավթի. «Խավարային ջրեր կան մինչև օդի ամպերը» (Սաղմ. 17։12), և Մովսեսը մտավ ամպի ու մեգի մեջ (Ելք 19։16-21, 20։21): Սակայն այստեղ ոչ թե ահաբեկել էր կամենում, այլ սովորեցնել, ուստի ամպը լուսավոր էր, և ձայնը՝ ոչ թե սպառնալից, այլ հաճելի: Լուսավոր ամպը, ինչպես ասացի, նաև Սուրբ Հոգին էր նշանակում՝ լուսավորելու [առաքյալների] միտքը և հայտնելու, որ «Նա է ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալիս է աշխարհ» (հմմտ. Հովհ. 1։9): Կամ էլ լուսավոր ամպ է Տիրոջ մարմինը՝ աստվածության լույսով պայծառացած՝ ըստ երգի. «Մեր հովանավոր մահիճների մոտ» (հմմտ. Երգ 1։15), որովհետև ծանր բեռներից [ազատելով]՝ հանգստացրեց ու մեղքերի տապից զովացրեց նրանց, ովքեր գալիս են դեպի Օրենքը, մարգարեները և Ավետարանները:

    Ամպից ձայն եղավ, որն ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, Ում հավանեցի. Դրա՛ն լսեք»:

    Այս զանազան երևումներն ու ձայնով վկայությունը Պետրոսի համար եղան, ով Տիրոջ չարչարանքներին ընդդիմանում էր: Ուստի նախ [Տերը] փառավորվեց, որպեսզի չկարծեին, թե Նրա մահը հարկադիր է կամ Նրա փառքի նվազում, ապա մարգարեները եկան ու հորդորեցին դեպի նույնը, և այժմ բոլորից մեծը և վստահության արժանի վկան՝ Հայրը, ձայնեց ամպից ի վերուստ: Թե ինչո՛ւ ամպից, ասվել է: Ոչ [Հիսուսն] էր խոսում, ոչ Մովսեսը, ոչ Եղիան, այլ Հայրը ամպից, ինչպես ասում է [ավետարանիչը]:

    Եվ ի՞նչ էր [նշանակում] այդ խոսքը. «Դա է Իմ սիրելի Որդին»: Նախ՝ [այդ խոսքը հնչեց], որպեսզի աշակերտները հավատային, որ իսկապես [Հիսուսն] է Աստծո Որդին, հատկապես Պետրոսը [հավատար], որովհետև եթե սկզբում Հոր հայտնությամբ դավանեց այն, ապա հետո երկրայիններին հավասարեցրեց [Հիսուսին՝ ասելով]. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր» (Մատթ. 16։22), և Տիրոջը ծառաների հետ կարգեց տաղավարները հաշվելիս: Ուստի Հայրը խորհրդակից դարձրեց Որդու խորհրդակիցներին, որպեսզի սովորեին Հորից և չմո ռանային ինչ որ միշտ լսում էին Որդուց ու մոռանում: Երկրորդ՝ առաքյալները լսեցին այս ձայնը, որովհետև երբ քահանայապետը երդմամբ կամենում էր իմանալ [Հիսուսի ով լինելը՝ հարցնելով]. «Դո՞ւ ես Օրհնյալի Որդին» (հմմտ. Մարկ. 14։61), և Պիղատոսը հարցնում էր. «Դո՞ւ ես թագավորը» (Մատթ. 27։11), առաքյալները ժողովրդին համոզում էին թե՝ «Այս ձայնը մենք ինքներս լսեցինք, երբ Նրա հետ սուրբ լեռան վրա էինք, թե՝ Դա է Իմ սիրելի Որդին ընտրյալ, ճշմարիտ ու ստույգ Որդին, Ում հավանեցի»: [Այսինքն]՝ ոչ միայն Որդի ու սիրելի, այլև՝ լիովին հավանում եմ Նրա գործերը, և հաճելի են Նրա խոսքերը, որովհետև [Ինձ] հավասար ու նման է, [Ինձ հետ] միաբան և Իմ կամքը կատարող: «Դրա՛ն լսեք», այսինքն՝ այն, որ կամենում է խաչը ելնել: Եվ ինչ էլ որ անի, մի՛ ընդդիմացեք, որովհետև ով Որդուն է լսում, Հորն է պատվում:

    «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Ում հավանեցի. Դրա՛ն լսեք»:

    Այս վկայությունը հայրական ձայնը մի ժամանակ նաև Հորդանանում տվեց: Քանի որ մինչ այդ [Հիսուսն] Իրեն ծածուկ էր պահում մարդկանցից և պատրաստվում էր հրաշքներ գործել մկրտությունից հետո, Հայրը վայելչաբար այդ վկայությունը տվեց Տիրոջ հետագա [չարչարանքների] խորհրդի համար, թե [Հոր] հաճությամբ ու սիրով է կատարվելու: Նաև Հովհաննես [Մկրտչի] համար, որովհետև նրան մեծ էին կարծում նրա՝ քահանայապետի որդի լինելու և հրաշքով ծնվելու պատճառով, և նրա մոտ [մարդիկ] ուղարկեցին՝ [հարցնելու]. «Դո՞ւ ես նա, որ գալու է, թե ուրիշին սպասենք» (Մատթ. 11։3), և ահա ձայնը հնչեց, և Հոգին իջավ, որպեսզի [Հայրն] Իր Որդուն հռչակեր: Այս պատճառներով էր, որ [Հայրն] այնտեղ վկայեց: Իսկ այստեղ կրկնեց [վկայությունը] Պետրոսի դավանության պատճառով՝ այն հաստատելու համար և նրա հակառակ խորհուրդները ցրելու, որ հակաճառում էր, երբ խաչելության մասին էր խոսվում: Կարծես ասում էր նրան. «Մի՛ հակառակիր, ո՛վ Պետրոս, ընդդեմ աշխարհի փրկության և ներհակ մի՛ եղիր մահկանացու մարդկային ցեղի կենդանությանը, որովհետև դու այնքան չես սիրում [Հիսուսին], որքան Ես, Որիս ծոցի Ծնունդն է Նա և հայրական սրտիս բխումը: Եվ Ինձ ցույց մի՛ տուր իբրև Աբրահամից նվաստ և անգութ, որովհետև ահա նա իր միամոր սիրելի միածնին՝ խոստման ծնունդին, չխնայեց Ինձ համար (Ծննդ. 22։1-14) : Ուրեմն թող սիրո մեջ հետ չմնամ նրանից, ով կանխեց ու պարտավորեցրեց Ինձ: Դա Իմ հանդեպ մտերմություն չէ, այլ թշնամություն»: Եվ այլ այսպիսի բաներ այս մեկ խոսքով ասաց [Պետրոսին]՝ կասեցնելու նրան, որ մտածում էր խափանել համաշ խարհային փրկությունը:

    Բայց դու տե՛ս այստեղ այս ճշմարիտ աստվածաբանությունը, որովհետև երբ Հայրն է աստվածաբանողը և աստվածաբանում է Որդու մասին, ի՞նչ կարելի է ասել: Ինչպես Որդին հայտնեց Հոր մասին, այդպես էլ Հայրը՝ Որդու՝ ասելով.«Դա՛ է Իմ սիրելի Որդին»և ոչ թե «Դրա մեջ է». Նա աստվածությունը մարմնի հետ միասին դավանեց որպես Իր մեկ Որդին և «Որդի» է կոչում [Իր հետ] համագոյության պատճառով, քանի որ [Որդին] Հոր բնությունից է և սիրելի: Լինելով սիրո ծնունդ՝ հիրավի սիրելի է: Կարծես ասում է [Հայրը]. «Սիրում եմ Դրան՝ Իմ մարմնացած Խոսքին, Ով Իմ հավատարիմ Որդին ու Աստված է, և Ում հավանեցի»: Որովհետև շատերը սիրելի որդի կոչվեցին շնորհով՝ ըստ այսմ. «Իսրայելն Իմ անդրանիկ որդին է» (Ելք 4։22), և «Ես սիրեցի նրան» (Ովսե 11։1), բայց հետո ապստամբ դարձան, և [Աստված] չհավանեց նրանց, իսկ Սրան, ասում է, «հավանեցի», այսինքն՝ այն խորհրդի իրականացումը, որ Նրա կողմից փրկություն է գործում մարդկային ցեղի համար: Հատկապես հավանեց Նրան Իմ կամքը, որ սկզբում բարկացել էր Ադամի հանցանքի պատճառով:

    «Դա է Իմ սիրելի Որդին»:

    Նաև քանի որ [Հիսուսն] Ինքը շատ անգամ Իրեն Աստծո Որդի էր կոչել, իսկ հրեաները, քարեր առած, շպրտում էին [Նրա կողմը՝ ասելով]. «Դու Օրենքը խախտող մարդ ես և քեզ Աստված ես դարձնում» (հմմտ. Հովհ. 10։33), ձայնը եկավ ու վկայեց թե՝ «Իմ սիրելի Որդին է և հակառակ չէ [Ինձ], ինչպես դուք եք կարծում»:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»:
   
    «Եվ մինչ Նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ»:
Երեք տաղավարների փոխարեն մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, որպեսզի [ի մի] հանգուցի այն, որին նայում էին՝ Ավետարանին, օրենքներին և մարգարեություններին:
    «Եվ ահա ամպից մի ձայն եղավ»:
    Ամպից ձայն եղավ Մովսեսին, Եղիային և մանավանդ աշակերտներին, որպեսզի հաստատապես իմանան, թե իսկապես Նա է Աստծու Որդին:    Եվ ամպը, ինչպես կարծում եմ, հոգևոր էր, և Տիրոջ Խոսքը ուղղվեց նրանց, ինչպես մարգարեներին:
    Եվ երբ լսում ենք Եսայիից, թե «Զավակներ ծնեցի և մեծացրի» (Ես. 1։2), չենք ասում Եսայիի որդիները, այլ մարգարեի երկնավոր Հոր: Նույնպես և ձայնը, որ ամպից եղավ, ամպից չէր, այլ Հորից, որ ամպից լսեցին, Հիսուսի իրենց մոտենալիս:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2