Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Քո արքայությունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»։
   
      Քո արքայությունը թող գա - Այս խոսքերը նույնպես վայել են բարի որդուն, որը կապված չէ տեսանելի նյոթին ու ներկայիս բարիքները մի ինչ-որ մեծ բան չի համարում, այլ ձգտում է դեպի Հայրը և փափագում է գալիք բարիքներին:    Այդպիսի աղոթքը ծնվում է բարի խղճմտանքից և երկրային ամեն կապանքից ազատ հոգուց:
   Այս ցանկությունը Պողոսն էլ ուներ ամեն օր, ուստի ասում էր. «Մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Ով այդպիսի սեր ունի, նա չի կարող ո´չ հպարտանալ այս կյանքի բարիքների մեջ, ո´չ էլ հուսահատվել վշտերի մեջ, այլ, ինչպես երկնքում ապրող մեկը, ազատ է այդ երկու ծայրահեղություններից էլ:
      Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է - Տեսնո՞ւմ ես այս գեղեցիկ շղթան: Հիսուս նախ պատգամեց փափագել գալիք բարիքներին և ձգտել դեպի երկնային հայրենիքը: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, այստեղ (երկրի վրա) ապրողները պետք է ջանան վարել այնպիսի մի կյանք, որը հատուկ է երկնայիններին: «Պետք է փափագել, - ասում է Նա, - երկնքին ու այն ամենին, ինչը երկնային է: Մինչև երկինք հասնելը, սակայն, Հիսուս մեզ պատվիրում երկիրը դարձնել երկինք և, ապրելով երկրի վրա, ամեն հարցում վարվել այնպես, ասես մենք երկնքում լինենք, և դրա համար աղոթել Տիրոջը:
   Իսկապես որ, երկրի վրա ապրելը ոչ մի կերպ չի խանգարում մեզ հասնել վերին զորությունների կատարելությանը: Ուստի հնարավոր է, այստեղ բնակվելով, ամեն բան անել այնպես, ասես մենք ապրում ենք երկնքում: Այսպիսով, Փրկչի խոսքերի իմաստը սա է. ինչպես երկնքում ամեն բան կատարվում է առանց խոչընդոտի, և չի լինում այնպես, որ հրեշտակները մի բանում հնազանդվեն, իսկ մյուսում՝ ոչ, այլ ամեն բանում հնազանդվում և ենթարկվում են (ինչպես որ ասվում է. «Որ հզոր եք զորությամբ, որ կատարում եք նրա խոսքը» (Սաղմոս 102:20)), այդպես էլ մենք՝ մարդիկս ենք խնդրում, Տե´ր, մեզ արժանացրու ոչ թե կիսով չափ կատարել Քո կամքը, այլ ամեն բան կատարել այնպես, ինչպես հաճելի է Քեզ:
   Տեսնո՞ւմ ես: Քրիստոս սովորեցրեց նաև խոնարհվել, երբ մատնացույց արեց այն իրողությունը, որ առաքինությունը կախված է ոչ միայն մեր ջանքերից, այլ նաև երկնային շնորհից, և միաժամանակ յուրաքանչյուրիս պատվիրեց աղոթքի ժամանակ հոգատարություն ցուցաբերել նաև ողջ աշխարհի համար: Նա չասաց՝ «Քո կամքը թող լինի իմ մեջ կամ մեր մեջ», այլ` ամբողջ «երկրի վրա», այսինքն՝ որպեսզի վերանա ամեն մոլորություն և տնկվի ճշմարտությունը, որպեսզի վտարվի ամեն չարություն և վերադառնա առաքինությունը, և լինի այնպես, որ երկինքն ու երկիրը ոչնչով չտարբերվեն իրարից: «Եթե այդպես լինի, - ասում է Հիսուս, - ապա ստորինը ոչնչով չի տարբերվի վերինից», թեև իրենց բնույթով դրանք միմյանցից տարբեր են: Այդ ժամանակ երկիրը մեզ ցույց կտա այլ հրեշտակների…

   Այնուհետև մեզ ուսուցանվում է ասել` «Քո արքայությունը թող գա», քանի որ, մարմնական կրքերի «բռնությունից» տանջվելով և ենթարկվելով անթիվ փորձությունների, մենք կարիք ունենք Աստծու Արքայության, «որպեսզի մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին, և ձեր անդամները չպատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստեք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք» (հմմտ Հռոմ. 6:12-13)): Բացի այդ, այս խոսքով մենք սովորում ենք չափից ավելի չկառչել ներկա կյանքին, այլ արհամարհել ներկան և փափագել ապագան, որը հավիտենական է, և փնտրել երկնային ու հավերժական արքայությունը, իսկ այս կյանքի հաճույքներով էլ չտարվել՝ ո´չ մարմնի գեղեցկությամբ, ո´չ հարստության առատությամբ, ո´չ ունեցվածքի բազմությամբ, ո´չ թանկարժեք քարերի փայլով, ո´չ տների շքեղությամբ, ո´չ քաղաքագլուխների կամ զորավարների կոչումներով, ո´չ ծիրանիով և թագով, ո´չ կերակուրների ճոխությամբ, քաղցրավենիքներով և ամեն տեսակի շքեղությամբ, ո´չ էլ որևէ այլ բանով, որ հաճույք է պատճառում մեր զգայարաններին, այլ, հրաժարվելով այդ ամենից, անդադար փնտրել Աստծո Արքայությունը:
   Այսպիսով, ուսուցանելով մեզ նաև այս առաքինությունը, Տերը հրամայեց ասել. «Քո արքայությունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»: Արթնացնելով մեր մեջ սերը դեպի ապագան և երկնային արքայության հանդեպ փափագն ու մեզ պարուրելով այդ ցանկությամբ` Հիսուս մեզ պատվիրում է ասել. «Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»: Շնորհի´ր մեզ, Տեր, — ասում է Նա, — ընդօրինակել երկնային կյանքը, որպեսզի մենք նույնպես ցանկանանք այն, ինչ Դու Ինքդ ես ցանկանում: Օգնիր մեր թույլ կամքին, որը, թեև ցանկանում է կատարել Քո գործերը, բայց դժվարանում է մարմնի տկարության պատճառով: Ձե´ռք մեկնիր նրանց, ովքեր ձգտում են քայլելու, սակայն ստիպված են կաղալ: Թեպետ հոգին թեթև է, բայց այն ծանրացնում է մարմինը. այն արագասահ ձգտում է դեպի երկնայինը, իսկ սա` մարմինը, ծանրանում է դեպի երկրայինը, մինչդեռ Քո օգնականությամբ նույնիսկ անհնարինն էլ հնարավոր կդառնա, ուստի «Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛.
   

   Թող Քո արքայությունը գա:
   Մտերիմ և բարեբարո որդիներինն է այս խնդրանքը, որ ոչ թե նյութական բաներին են նայում կամ անցավորը մեծ բան համարում, այլ շտապում են հասնել Հորն ու Նրա թագավորություն՝ ըստ առաքյալի. «Մեր ներսում հեծում ենք՝ որդեգրությանը սպասելով» (Հռոմ. 8։23), ինչպես ասվում է [այստեղ]. «Թող Քո արքայությունը գա»: Բայց ինձ թվում է՝ [այս խոսքով Տերը] նախորդ խոսքն է թարգմանում ու բացատրում, որովհետև նախ ասաց. «Թող անունդ սուրբ լինի», իսկ թե դա ինչպես պիտի լինի, շարունակելով պատասխանում է. «Մեզ վրա Քո արքայության գալստյա՛մբ, որից ցրվում են այլազգիների բոլոր բանակները և քայքայվում մեղքերի զինվորները, որոնք «զորացած են մեր անդամներում» (հմմտ. Հռոմ. 7։5): Եվ այլևս մեղքը չի իշխի և նրա միջոցով մահը բռնությամբ չի թագավորի մեր մահկանացու մարմնի մեջ: Իսկ եթե մեկը հարցնի. «Մի՞թե Աստված թագավոր չէ, ուրիշ էլ ո՞վ է [թագավոր], որ [Տերը] սա աղոթել է սովորեցնում», թող իմանա, որ թեպետ «բովանդակ երկրի վրա մեծ թագավորն Աստված է»՝ ըստ մարգարեի (Սաղմ. 46։8), բայց աղերսելով սա խնդրելն իզուր չէ, քանի որ շատ մարդիկ ուրանում են Նրան կամ անգիտությամբ բնավ Նրա անունը չեն տալիս, ինչպես փարավոնը, [ով ասում էր]. «Տիրոջը չգիտեմ» (Ելք 5։2): Կամ էլ գիտեն, բայց գործերով հեռանում են Նրանից, ինչպես շատերը՝ ըստ այսմ. «Ձեր մեղքերն են պատնեշ դնում ձեր [և Աստծո] միջև» (Ես. 59։2):

   Այս պատճառով էլ [Տերը] սովորեցնում է աղոթքի մեջ ասել. «Թող գա իմաստության ու հասկացողության Հոգիդ իմ մեջ», որովհետև հունարենում «թող Քո արքայությունը գա» ասելու փոխարեն Ղուկասն ասում է. «Թող Քո Սուրբ Հոգին գա մեզ վրա և մաքրի մեզ» 1: Նախ՝ որովհետև Աստված ցույց է տալիս, որ Հոգին ևս Հոր և Որդու հետ մեղքերի մաքրիչ է, և ապա՝ որպեսզի Նրա գալը սովորեցնի  ինձ իմանալ Քո ահավոր թագավորությունն ու իմ հանդեպ Քո սիրո առատությունն այնպես, ինչպես պետք է գիտենալ, և ասես մարմնավոր աչքերի առաջ շարունակ պահել այն, որպեսզի այլևս խոտոր մտքով չմեղանչենք, ինչպես նաև Թագավորի և Նրա հանդիսական հրապարակում խայտառակվելով չմերկանանք: Ուստի նախ ասաց. «Թող անունդ սուրբ լինի», իսկ այժմ էլ՝ «Թող Քո արքայությունը գա», այսինքն՝ մեր մտքի աչքերով տեսնելով ճշմարիտ արքայության պատկերը՝ Քո անունը սուրբ պահենք մաքուր գործերով՝ ըստ այսմ. «Նախապես Տիրոջն իմ առջև էի տեսնում ամեն ժամ, որպեսզի չսասանվեմ» (հմմտ. Սաղմ. 15։8): Այս նույնը նաև հաջորդ [խոսքն] է ուսուցանում:

   Թող կամքդ լինի երկրում, ինչպես երկնքում:
«Կամք»-ը հոգնակի [գոյական] անուն  2 է, իսկ Աստված հոգնակի չէ, այլ եզակի, ինչպես ասում է առաքյալը. «Մեր Աստվածը մեկն է» (Ա Կոր. 8։6), թեպետ ըստ Անձերի երեքն է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Իսկ եթե Աստված մեկն է, ինչպես ամեն ոք խոստովանում է և [Սուրբ] Գիրքը վկայում, այս խոսքն ինչո՞ւ է մեկ բնությանը կամքերի բազմություն վերագրում՝ ասելով. «Թող կամքդ լինի» 3: Ջանանք այս հակասությանը երկու լուծում տալ: Նախ՝ պատճառը մեր լեզվի թերությունն է, որ «կամք» բառի եզակին չունենք, ինչպես [ունենք] «բնություն» [բառինը], որովհետև գտանք, որ լատիներենում այս բառը եզակի է և ոչ թե հոգնակի. հետևաբար, [մեր] թարգմանիչները, եզակի անունը չունենալով, հարկադրված են հոգնակին դրել: Եվ երկրորդ՝ [Սուրբ] Գրքից գիտենք, որ Աստված երկու կամք ունի  4. առաջինը «բարին, հաճելին ու կատարյալն» է՝ ըստ առաքյալի (Հռոմ. 12։2), Դավիթն էլ [ասում է]. «Կյանք է [բխում] Նրա կամքից» (Սաղմ. 29։6), իսկ երկրորդը տանջելն է՝ ըստ այսմ. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձի գալը» (հմմտ. Եզեկ. 18։32), բայց դարձի գալու դեղամիջոցը չարչարանքն է, որով մարդիկ խրատվելով բարիանում են:

   Ուրեմն՝ Տերն այս խոսքով սովորեցնում է աղոթել, թե՝ Քո կամքի հաճությունն ու կյանքի կատարելությունը, որն ամբողջովին բարի է, միշտ ծագեցրո՛ւ մեր մեջ և ինչպես որ երկնայինների  5 հանդեպ ես ցույց տալիս Քո նախախնամական բարի պարգևներով հոգևոր տեսչությունը, այդպես էլ երկրավորներիս համար թող լինեն հոգևոր և մարմնավոր լիուլի բարեզարդ պարգևներ: Նույնիսկ եթե տանջես էլ, թող դարձի՛ համար լինի և որպես խրատ՝ Քո բարեսեր կամքին անհնազանդություն ցուցաբերած որդիներիս: Որովհետև չենք համարձակվում քննել Քո դատաստանների անհետազոտելի իրավունքը և կամ նայել Քո պատժիչ գործերին, որպեսզի աղի արձան չդառնանք (Ծննդ. 1։17, 26) կամ էլ խոսքով չկշտամբվենք, ինչպես երանելի Հոբը (Հոբ 38-41): Այլ [դրանք] հնազանդությամբ ընդունում ենք, ինչպես երկնայինները, քանի որ երբ Բանսարկուին տանջանքի մատնեցիր, չհամարձակվեցին հարցաքննել, այլ մնում են [Քո հանդեպ] պատկառանքի ու երկյուղածության մեջ: Թող այսպիսին լինենք, ասում է [Տերը], նաև երկրայիններս:

   «Թող կամքդ լինի»: Նաև կամքդ այն էր, որ անմահ մնայինք և վայելեինք դրախտի փառքը, բայց քանի որ [Քո] կամքը չկատարեցինք, մեղքով ու մահվամբ հիվանդացանք: Հետևաբար, թող Քո կամքը լինի մեր մեջ, ինչպես այն ժամանակ, երբ երկնքում էինք՝ դրախտում  [6] , և անմահություն էիր փափագում պարգևել [մեզ]: Նմանապես էլ այժմ, երբ տառապանքով շրջում ենք երկրի վրա, [Քո] նույն քաղցր  կամքը պարգևիր աղքատացածներիս՝ վերստին անմահություն շնորհելով, ինչպես նրան, ով, բարի տեր ունենալով,նրա կամքն իր հանդեպ տրամադրելուց հետո ապստամբում է նրանից ու դառնացնում տիրոջը և երբ ավելի ուշ հնազանդության է գալիս, աղերսում է. «Ինչպես որ նախքան իմ ապստամբելն էիր ինձ հետ քաղցրությամբ վարվում, է՛լ առավել ա՛յժմ [այդպես վարվիր], որպեսզի դրան վստահելով՝ կարողանամ սպասավորել քեզ»: Կամ [պարգևիր] ինչպես հիվանդի, ով պաղատում է բժշկին՝ [ասելով]. «Սկզբում չկատարեցի Քո կամքը՝ ուտելս չչափավորեցի, որով առողջ կմնայի, բայց այժմ, որ հիվանդության փորձն առել եմ, Քո կամքով կշարժվեմ: Միայն թե Դու Քո կամքն իմ հանդեպ այնպե՛ս քաղցրացրու այժմ, որ երկրի վրա եմ, ինչպես այն ժամանակ, երբ երկնքում գեղապարելով ճեմում էի»:

   «Թող կամքդ լինի»,- ասում է, այսինքն՝ իմ փրկությունը, քանի որ Դու սա ես կամենում: Նաև, երբ Քո կամքը լինի իմ մեջ, թող մարի Բանսարկուի կամքը, որին հետևելով մահացա: Ուստի ի դեմս մեր աղոթեց Տերը՝ [ասելով]. «Ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛նը լինի» (Ղուկ. 22։42): «Թող կամքդ լինի երկրում,- ասում է,- ինչպես երկնքում»: Այստեղ եկ զարմացի՛ր այս խոսքերի պատշաճության վրա, որովհետև նախ Նրանից խնդրեց տիրել և ապա՛ Իր կամքը կատարել,  7 ինչպես որ մարդկանց մեջ էլ այս սովորությունը կա, որ նախ մեկը տիրում է մի ուրիշի վրա և ապա՛ իր կամքը նրա վրա գործադրում՝ քաղաք կառուցելիս լինի, ծառային կերակրելիս, թե աշակերտին ուսուցանելիս: Այսպես էլ սա նախ իր անձն Աստծո արքայության ենթակայության տակ դրեց և ապա իբրև սեփական տիրոջից՝ նրա կամքի տնօրինության կատարումն է պահանջում, ինչպես ասում է. «Թող կամքդ լինի», և ավելացնում՝ «երկրում, ինչպես երկնքում»:
   Իսկ եթե մեկը հարցնի, թե ինչպե՛ս է Նրա կամքը կատարվում երկնայինների մեջ, որ նրանց նմանությամբ մենք էլ կատարենք, կասենք, որ մենք չգիտենք, բայց «երկնքից իջածը՝ Մարդու Որդին, Ով երկնքում է» (Հովհ. 3։13) և քաջատեղյակ էր նրանց սպասավորությանը, Նա՛ սովորեցրեց այսպես աղոթել: Որովհետև աշակերտները մոտեցան Տիրոջը [և ասացին]. «Սովորեցրո՛ւ մեզ աղոթել, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին» (Ղուկ. 11։1), իսկ Նա սովորեցրեց ոչ թե ինչպես նրանք խնդրեցին, այլ ինչպես Ինքը գիտեր: Օրինակ՝ [պատկերացրու], թե հեռավոր երկրից եկած որոշ ռամիկներ՝ հռոմեացիների սովորությունները չիմացող, արքունական պալատի կարգավորությանն անտեղյակ, գնում են արքայի դուռը՝ ողորմություն աղերսելու, և հասնելով այնտեղ՝ տարակուսում են իրենց մեջ՝ չիմանալով, թե ինչպես պիտի մտնեն թագավորի մոտ կամ Նրա կամքի համաձայն ի՛նչ խնդրանքով դիմեն նրան: Եվ մինչ նրանք տարակուսում են, նրանց պատահում է թագավորի որդին իբրև մի հասարակ զինվոր, ում տեսնելով՝ շտապում են նրա մոտ և ասում. «Ո՛վ եղբայր, սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես մտնենք արքայի մոտ»: Իսկ նա, բարեմիտ լինելով, չի անգոսնում նրանց անկրթությունը, այլ սիրով գթալով նրանց՝ պատասխանում է. «Սովորեցնում եմ ձեզ. երբ արքայի մոտ մտնեք, իսկույն երկրպագեք և ասեք նրան. «Տո՛ւր մեզ քո պալատում գլխավորը եղող սինկղիտոսության պատիվը»»: Սակայն նրանք ոչ սինկղիտոս  8 անունը գիտեն, ոչ էլ դրա էությունը, ոչ պալատը, ոչ էլ նրանում [եղած] դասակարգությունը: Բայց մտնելով թագավորի մոտ՝ իսկույն բարձրաձայն կրկնում են իրենց սովորած խոսքը: Իսկ արքունական պալատի պաշտոնյաները, տեսնելով, որ նրանց լեզուն օտար է, խոսքը՝ շինականի, դեմքը՝ ռամիկի, հագուստները՝ անպաճույճ, զարմանում են, թե սրանք որտեղի՞ց գիտեն կամ ումի՞ց սովորեցին սինկղիտոսության անունը կամ պատիվը՝ արքունիքից այսքան օտար լինելով: Այսպես էլ մեր Տերն Իր մարմնավորության խորհուրդն անհաս դարձրեց հրեշտակներին ու մարդկանց, ինչպես ասում է Պողոսը (Կող. 1։26): Իսկ աշակերտները Նրան մոտեցան աղոթքի կերպը սովորելու ո՛չ թե իբրև Աստծուց, այլ ինչպես Հովհաննեսից: Նա էլ, ամենքին գթացող սիրով գթալով նրանց, սովորեցրեց նրանց ո՛չ թե ինչը կարող էին տանել, այլ Հորից աղոթքով հայցել երկնային անճառ խաղաղությունը:

   «Թող կամքդ լինի»,- ասում է: Արդ՝ Աստծուց սա խնդրելիս, արդարև, ստուգապես չգիտենք այս խնդրանքի զորությունը, սակայն աղոթքի այս մեծ խոսքով զարհուրեցնում ենք երկնայիններին. որովհետև տեղեկանալով նրանց պատվին, որը չգիտեինք՝ Քրիստոսով խնդրում ենք, որ մենք էլ այն իբրև մեր սեփականն ունենանք: Որովհետև «կամք» ասելով՝ այս [մի] խոսքով Տերը ցույց տվեց Աստծո բոլոր շնորհների իջնելը մեզ վրա՝ [երկնայիններին] հավասար կերպով: Որովհետև [մեր և նրանց հանդեպ] Աստծո կամքի տարբերությունն արգելում է մեզ [ունենալ] նրանց փառքը. նրանց հանդեպ Նրա կամքը [կամք է] Իր կամարարների հանդեպ, իսկ մեր հանդեպ՝ հանցավորների՝ ըստ այսմ. «Դու միշտ ինձ հետ ես, և այն ամենն, ինչ իմն է, քոնն է» (Ղուկ. 15։31): Ուրեմն՝ երբ Նրա կամքը կատարվում է [նաև] երկրի վրա, Նրա ամեն ինչը նաև մարդկանցն է դառնում, ինչպես հրեշտակներինը:

   Գեղեցիկ է այս խոսքի շարունակությունը՝ «երկրում, ինչպես երկնքում», և այն արժե քննել: Բոլոր բանական արարածները երկու [խմբի] են բաժանված՝ հրեշտակայինի և մարդկայինի: Հրեշտակայինը զերծ է մեր մարմնի այսպիսի ընդդիմահար ծանրությունից և շրջում է վերին կայանում՝ բնակվելով թեթև և աստվածային վայրերում, իսկ մարդկայինը, հողի հետ մեր մարմնի ազգակցության պատճառով, ստիպված ստացավ այս երկրային վայրը, սակայն բարու և լավագույնի ցանկությունը բնությամբ հաստատվեց հա-վասարապես երկուսի մեջ էլ՝ անձնիշխանությամբ ու բոլոր հարկադիր բաների հանդեպ ազատությամբ: Բայց վերինները մաքրված են ամեն չարությունից, և բոլոր ախտավոր շարժումներն այս ստորին կյանքում են կուտակված իբրև մրուր կամ տիղմ, որում է մեր մարդկային [բնակության] վայրը: Այս պատճառով էլ Տերը սովորեցնում է մեր կյանքի չարությունից այնպես մաքուր լինել, [ինչպես երկնայինները], և որ մեր մեջ անխափան կատարվի Աստծո կամքը, ինչպես [երկնայինների] մեջ, որ «մեծ զորություն ունեն, կատարում են Նրա խոսքը և լսում Նրա պատգամների ձայնը» (հմմտ. Սաղմ. 102։20): Ուստի չասաց՝ [թող կամքդ լինի] իմ կամ մեր մեջ միայն, այլ՝ ամբողջ երկրում՝ մոլորության վերացման և ճշմարտության տնկման համար, որովհետև ամենքի խնամքը Քեզ է հանձնված, որ Տերդ ես և նրանց ստեղծողը:
   Բայց կարող է մեկը հակադրվել, թե ինչպես կարող ենք մենք՝ մարմին ժառանգածներս, ունենալ այնպիսի մաքրություն, ինչպիսին անմարմին զորությունների մեջ է, երբ մեր հոգին մարմնական կարիքների պատճառով բյուրավոր հոգսերի մեջ է ընկղմված: Այս խոսքի հետ կապված սույն տարակուսանքը [Տերը] փարատում է՝ ասելով.
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:9
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1


[6] Թե՛ Ծննդոց գրքում հիշատակվող, թե՛ մարդկանց մահից կամ հարությունից հետո լինելիք դրախտի վերաբերյալ Եկեղեցու հայրերը զանազան կարծիքներ են հայտնել: Ըստ կարծիքներից մեկի, որին էլ հետևում է Ծործորեցին՝ առաջին իմաստով դրախտը երկնքում է եղել: Սբ Հովհան Ոսկեբերանը մերժում է այս կարծիքը (Մեկն. Ծննդ., ճառ 13,3): Սբ Եփրեմ Ասորին (Մեկն. Ծննդ., գլ. 2։10), երբ բացատրում է, թե որտեղ է դրախտի չորս գետերի սկզբնական ակունքը, գրում է. «Թեև գիտենք այն վայրերը, որտեղից բխում են այդ գետերը, բայց հայտնի չէ ակունքի սկիզբը, որովհետև դրախտը գտնվում է շատ մեծ բարձրության վրա»: Սրա հետ աղերսվում է հայերեն «Հարանց վարք» ժողովածուում զետեղված այն պատմությունը, որի գրառումը վերագրվում է սբ Ներսես Շնորհալուն («Վասն որք զդրախտին լեառն գտին»): Ըստ այդ պատմության՝ դրախտը գտնվում է մի լեռան գագաթից էլ բարձր ինչ-որ տեղ և մինչև աշխարհի վախճանը մարդկանց համար անհասանելի է, քանի որ այդ պատմության մեջ «դրախտի լեռը» փնտրած և «վեց ամիս» շարունակ «բարձրանալուց» հետո այն գտած կրոնավորներին թույլատրվում է միայն դրախտի «ստորոտում» մնալ՝ այն խոստմամբ, որ դրախտ կմտնեն աշխարհի վախճանից հետո: Այս պատմությունը ներկայացնում է ևս մեկ պատկերացում դրախտի վայրի վերաբերյալ, որն է՝ երկրի և երկնքի միջև, սակայն սովորական մահկանացուներիս համար անմատչելի մի վայր մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը (տես Գիրք որ կոչի հարանց վարք, Կ. Պոլիս, 1720, էջ 465): Ինչպես տեսնում ենք, այստեղ տարբերություն չի դրվում այն դրախտի միջև, որից նախաստեղծները վտարվեցին, և նրա, որը լինելու է աշխարհի վախճանից հետո: Քանի որ Եկեղեցու հայրերը (ինչպես նրանցից առաջ՝ հրեաները), ընդունում են, որ կա ոչ թե մեկ երկինք, այլ երկինքներ (սովորաբար, կամ յոթ, կամ երեք, որոնցից մինչև «երրորդը», ինչպես նաև մինչև «դրախտ» հափշտակվեց սբ Պողոս առաքյալը՝ ըստ Բ Կոր. 12։2-4-ի), ապա դրախտն այդ երկինքներից մեկն է միայն (ոմանք այն նույնացրել են առաքյալի տեսած հենց «երրորդ երկնքի» հետ, թեև նրա խոսքից ավելի շատ հետևում է, որ «երրորդ երկինքն» ու «դրախտը» տարբեր վայրեր են): Երկինքների միջև այսպիսի մի տարբերություն երևում է նաև Մատթ. 13։8 համարի Ծործորեցու մեկնության մեջ՝ այն հատվածում, ուր նա մեկնում է սերմնացանի առակի վերջին մասը (պարբ. սկիզբ՝ «Յոթերորդ՝ ովքեր ժառանգում են երկինքը...»): Սբ Գրիգոր Տաթևացին ընդունում է այն տեսակետը, թե Պողոս առաքյալի հիշած «երրորդ երկինքը» դրախտն է, սակայն նշում, որ այն ոչ թե միայն իմանալի է, այսինքն՝ հոգևոր, և ոչ թե միայն զգալի, այսինքն՝ նյութական, այլ իմանալի և զգալի, այսինքն՝ հավասարապես թե՛ հոգևոր, թե՛ նյութական՝ «իմանալի եւ զգալի», «հողեղէն եւ տնկեղէն» և բնակավայր «հոգւոց եւ մարմնոց սրբոց»՝ սրբերի հոգիների ու մարմինների (Գ. Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729 թ., էջ 221): Երբ մեկնվում է Ղուկ. 23։43 համարում Տիրոջ խոսքն ավազակին՝ «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես», Եկեղեցու հայրերը նշում են, որ «այդ օրը» դրախտի դուռը դարձյալ բացվել է, որ փակվել էր Ադամի մեղանչման պատճառով (Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Ս. Էջմիածին, 2005, էջ 559-560), սակայն թե այդ դրախտը ինչ է, որի դուռը բացվել է, այնքան էլ հստակ չէ: Քանի որ այս մասին գտնում ենք նաև մեր Եկեղեցու հոգևոր երգերում ու շարականներում (հիմնականում, կարծեք, դարձյալ սբ Ներսես Շնորհալու հեղինակած երգերում), Օրմանյան սրբազանը նշում է, որ «խորհրդական իմաստով պէտք է հասկնալ «Էրանեալ աւազակին բացեր զդուռն Ադին դրախտին» և «Յորժամ ել Ադամն հին՝ եդ զաւազակն ի մէջ դրախտին»» խոսքերը, որովհետև «անմարմին հոգիներու համար մարմնաւոր կայանի պէտք չկայ» (Մաղաքիա Օրմանեան, Տեղիք աստուածաբանութեան, կ. 247, Երուսաղէմ, 1985թ., էջ 188): Ուստի երբեմն «եդեմական դրախտ» է անվանվում «կատարյալ արդարների հոգիների» և հրեշտակների բնակավայր Երկնային Երուսաղեմը՝ Անդրանկաց Եկեղեցին՝ ըստ Պողոս առաքյալի (Եբր. 12։22-23), ինչպես, օրինակ, քաջածանոթ «Ի վերինն Երուսաղէմ» հոգեհանգստյան երգում. «Ի վերինն Երուսաղէմ, ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք և Եղիա կան ծերացեալ աղաւնակերպ, ի դրախտին եդեմական պայծառացեալ արժանապէս...» (Ժամագիրք, Գիշերային ժամ). հետևաբար, այդտեղ են գտնվում այժմ նաև Ենովքն ու Եղիան (ասել է թե՝ մարմնով): Օրմանյան սրբազանի դիտողությունից հետևում է, որ, չնայած հոգևոր երգերում վերոնշյալ իմաստով «դրախտ» բառի գործածությանը, իրական «դրախտը» նույնական չէ «արդարների օթևանների» հետ, ուր արդար մարդկանց հոգիները հետմահու գնում են մինչև Մեծ դատաստանի օրը, քանի որ, ըստ մեր Եկեղեցում առավել ընդունելի համարվող «օթևանների» կամ «կայանների» տեսության, դրանք արդարների կամ մեղավորների ժամանակավոր բնակավայրեր են, ուր ուրախալից հույսով կամ ահով հոգիները սպասում են վերջին դատաստանին: Այդ կայանները սովորաբար չեն անվանվում «դրախտ» կամ «դժոխք» մեր Եկեղեցում: Կայանների մասին տես Մաղաքիա Օրմանեան, Տեղիք աստուածաբանութեան, կ. 240-248, Երուսաղէմ, 1985թ., էջ 184-188: