Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից: Որովհետև Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
   
   Այստեղ Փրկիչը բացահայտորեն ցույց է տալիս մեր ոչնչությունը և խորտակում է մեր հպարտությունը` մեզ ուսուցանելով չհրաժարվել սխրանքներից, բայց և կամայականորեն չնետվել դրանց հորձանուտի միջ: Այդպիսով մեզ համար հաղթանակն ավելի փայլուն կլինի, իսկ սատանայի համար պարտությունը՝ ավելի ցավալի: Հենց որ մենք պայքարի մեջ ենք մտնում, պետք է կանգնենք խիզախորեն, իսկ եթե պայքարի մարտահրավեր չկա, պետք է հանդարտորեն սպասենք սխրանքներ գործելու ժամանակին, որպեսզի ցույց տանք, որ մենք ամբարտավան չենք, բայց նաև խիզախ ենք: «Չար» բառը գործածելով` Քրիստոս այստեղ նկատի ունի սատանային, և մեզ էլ հրամայում է անհաշտ պայքար մղել նրա դեմ` միաժամանակ ուսուցանելով, որ նա (սատանան) իրականում այդպիսին չէ իր բնությամբ: Չար լինելը կախված չէ բնությունից, այլ` ազատությունից: Իսկ այն, որ սատանան հիմնականում կոչվում է հենց «չար» անվամբ, ապա դա նրա միջի չարիքի արտակարգ մեծության պատճառով է, ու նաև ա´յն պատճառով, որ նա (սատանան), մեր կողմից ոչնչով վիրավորված չլինելով, անհաշտ պայքար է մղում մեր դեմ: Ահա թե ինչու Փրկիչը չասաց՝ «ազատի՛ր մեզ» չարերից, այլ՝ «չարից», և դրանով իսկ մեզ սովորեցրեց երբևէ չբարկանալ մեր մերձավորների վրա այն վիրավորանքների համար, որոնք երբեմն կրում ենք նրանցից, այլ մեր ամբողջ թշնամությունն ուղղել սատանայի´ դեմ՝ որպես բոլոր չարիքների պատճառի:
   Թշնամու մասին հիշատակությամբ մեզ ավելի զգուշավոր դարձնելով և բացառելով մեր ամեն տեսակի անփութությունը` Քրիստոս այնուհետև ոգևորում է մեզ` ներկայացնելով ա´յն Թագավորին, Որի իշխանության ներքո ենք մենք կռվում, ու նաև ցույց տալով, որ Նա (այդ Թագավորը) ամենից հզոր է:
    «Որովհետև Քոնն է, - ասում է Փրկիչը, - արքայությունը և զորությունը և փառքը»: Իսկ ահա եթե Աստծունն է արքայությունը, ապա ուրեմն ոչ մեկից չպետք է վախենալ, քանի որ ոչ ոք Նրան չի դիմադրում և ոչ ոք Նրա հետ չի կիսում իշխանությունը: Երբ Փրկիչն ասաց՝ «Քոնն է արքայությունը», այդպիսով մատնացույց արեց, որ նաև մեր այդ թշնամի´ն (սատանան) է ենթակա Աստծու իշխանությանը, չնայած որ, երևութապես, դեռևս մարտնչում է՝ Աստծու թույլտվությամբ: Նա Աստծու ծառաներից է, և ինչքան էլ որ դատապարտված ու մերժված լինի, միևնույն է, չի համարձակվի հարձակվել Տիրոջ մյուս ծառաներից որևէ մեկի վրա, եթե նախ վերևից իշխանություն չստանա: Եվ ի՞նչ եմ ասում՝ «ծառաներից որևէ մեկի վրա»: Նա նույնիսկ չհամարձակվեց հարձակվել խոզերի´ վրա, քանի դեռ Փրկիչն Ինքը չհրամայեց դա անել, և ո´չ էլ հարձակվեց ոչխարների կամ եզների հոտերի վրա, քանի դեռ վերևից իշխանություն չստացավ դա անելու համար:
   «…և զորությունը», — ասում է Քրիստոս: Ուստի, եթե նույնիսկ դու շատ տկար էլ լինես, այնուամենայնիվ, պետք է համարձակորեն գործես` ունենալով այնպիսի մի Թագավոր, Որը քո միջոցով հեշտությամբ կարող է ամեն տեսակի փառավոր գործեր կատարել: «…և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն»:
   Այս Թագավորը քեզ ազատում է ոչ միայն քեզ սպառնացող չարիքից, այլ նաև կարող է քեզ փառավոր և հռչակավոր դարձնել: Ինչպես որ մեծ է Նրա զորությունը, այնպես էլ անճառելի է Նրա փառքը, մեկ խոսքով` Աստծուն վերաբերող ամեն բան անսահման ու անվերջ է: Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն ինչպե´ս է ամեն կողմից ամրացնում և ոգևորում մարտնչողին:
   «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից: Որովհետև Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
   Բացի այդ, մեզ պատվիրված է ասել. «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից»: Իսկապես որ, մենք շատ վշտեր ենք կրում սատանայի կողմից, շատ հարվածներ՝ նաև մարդկանցից` կա՛մ բացահայտ վիրավորողների, կա՛մ գաղտնի չարամիտների կողմից: Եվ մեր մարմինն էլ, երբեմն ապստամբելով հոգու դեմ, մեծ վնաս է հասցնում մեզ, իսկ երբեմն էլ, տարբեր հիվանդությունների ենթարկվելով, մեզ վշտեր ու տառապանքներ է պատճառում: Ուստի, քանի որ տարատեսակ բազմաթիվ աղետներ են պատուհասվում մեզ բազմազան կողմերից, այդ իսկ պատճառով էլ Աստված մեզ ուսուցանում է ազատում խնդրել այդ բոլոր տեսակի վտանգներից, քանի որ Աստծու արգելքին ենթարկվելով` դադարում է ամեն խռովություն, փոթորիկը խաղաղվումէ, և չարը խայտառակվելով` հեռանում է, ինչպես ժամանակին, մարդկանցից հեռանալով, գնաց ու մտավ խոզերի մեջ՝ նույնիսկ դա չհամարձակվելով անել առանց հրամանի (Մաթ. 8։31): Իսկ նա (սատանան), ով նույնիսկ խոզերի վրա իշխանություն չունի, ինչպե՞ս կարող է տիրել արթուն և զգոն մարդկանց, որոնք գտնվում են Աստծու պահպանության ներքո և խոստովանում են Նրան որպես իրենց Թագավոր: Ահա թե ինչու աղոթքի վերջում Հիսուս հռչակում է Աստծու արքայությունը, զորությունն ու փառքը՝ ասելով. «Որովհետև Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն»: Այս իսկ պատճառով է, - ասում է, - որ ես խնդրում եմ Քեզանից, որովհետև գիտեմ, որ Դու ամենքի Թագավորն ես, ունես հավիտենական իշխանություն, կարող ես անել ամեն ինչ, ինչ ցանկանում ես, և տիրապետում ես անօտարելի փառքի:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:
   

   Եվ մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից:
Մարդիկ երկու կերպ են փորձվում. մի մասը՝ հարստությամբ կամ աղքատությամբ, մի մասն էլ՝ խաղաղությամբ ու հանգստավետությամբ կամ վշտերով ու նեղությամբ: Շատ այսպիսի հարուստներ ու աղքատներ են փորձվել, ուստի այս աշխարհի ծովի փորձառու նավապետ իմաստուն Սողոմոնն այսպիսի պաղատանքով էր դիմում Աստծուն. «Երկու բան եմ Քեզնից խնդրում. ինձ մի՛ տուր հարստություն կամ աղքատություն, որպեսզի հարստանալով չհպարտանամ ու մոռանամ Աստծուն, կամ աղքատանալով գողանամ և իմ Աստծո անունով սուտ երդվեմ, այլ կշռի՛ր ինձ համար արժանին բավարար չափով» (հմմտ. Առակ. 30։7-9), որովհետև բավարար չափի մեջ մնալը զերծ է պահում փորձություններից, ինչպես և [այս աղոթքն] ասում է.«Մի՛ տար մեզ դեպի փորձություն», և ավելացնում. «Փրկի՛ր չարից»: Իսկ ի՞նչն է ավելի չար, քան հպարտությունը, Աստծուն մոռանալը կամ գողությունն ու ստախոսությունը:

   «Մի՛ տար մեզ դեպի փորձություն»: Սրանով մեր բնավորության խրոխտանքն է հետ մղում, որպեսզի ինքնուրույն չդիմենք մարտի, այլ երբ մեզ վրա բռնություն գործադրվի, ժուժկալությամբ  1 ամուր մնանք և ոչ թե փառասիրությամբ մեզ վրա [փորձություն] բերենք, ինչպես ճեմականները  2, [որ ասում էին]. «Զևսն է մեզ վրա փորձություն տեղում»: Այլ իմանալով մարմնի տկարությունը՝ աղոթենք [Տիրոջ սո-վորեցրած] այս [խոսքով], ինչպես մի ուրիշ տեղ խրատեց Տերը. «Աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (Մարկ. 14։38):

   Իսկ «չար» է կոչում սատանային, ով բազմանուն է և ըստ իր բազմաթիվ գործերի է անուն ստանում, ինչպես Բանսարկու, Մամոնա, Բեեղզեբուղ, այդպես էլ՝ չար, բայց ո՛չ ի բնե, որովհետև [չար] է անվանադրությամբ և ոչ թե բնությամբ: Բնությամբ չարություն գոյություն չունի, այլ [չարը] կամքի արգասիքն է, որովհետև չարությունը ոչ այլ ինչ է, քան Աստծո օրենքից դուրս ընթացքն ու վարքը: Ուստի [սատանան] իր անձնիշխան կամքով ընդվզելով ու Աստծո կամքին հակառակվելո՛վ չարացավ և շատերին ևս դեպի նույնն է դրդում: Ուստի աղոթենք փրկվել նրանից, անկախ այն բանից՝ ինքնուրույն է մարտնչում [մեր դեմ], թե ընկերոջ միջոցով: [Եվ վերջին դեպքում Տերը] խրատում է, որ ընկերոջ վրա չզայրանանք, այլ կռվի թիրախ դարձնենք Ամենաչարին:

   «Մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից»: Արժե քննել, թե ինչո՛ւ չասաց. «Մեզ մի՛ տար դեպի պատերազմի մարտ», այլ՝ դեպի փորձություն: Սա՛ է կամենում հայտնել. այն, որ [սատանան] իշխանություն չունի ինքնագլուխ մարտնչելու մեր դեմ, ինչպես հայտնի է Հոբի և գերգեսացիների խոզերի հետ [տեղի ունեցած] դեպքերից (Հոբ 1։6-12, Մատթ. 8։ 28-32), այլ պատերազմի նյութը մեր խորհուրդներից է վերցնում՝ ըստ այսմ. «Ում համար որ ձեր անձերը հնազանդության եք պատրաստում, ծառայում եք նրան, ում հնազանդվում եք՝ լինի մեղքին, թե արդարությանը» (հմմտ. Հռոմ. 6։16): Եվ այլուր՝ «Յուրաքանչյուր ոք փորձվում է իր ցանկություններից» (Հակ. 1։14): Ուրեմն պարզ է, որ մեզնից է վերցնում փորձության նյութը, ինչպես երբ Տերը ցույց տվեց, որ քաղցած է, դրանից հետո՛ փորձիչը մոտեցավ  (Մատթ. 4։2-3):

   Որոշ չափով հաստատենք մեր ասածը: Մեր մեջ կա կերակրի բնական կարիք. [սատանան] գալիս և այդ մասից շարժելով՝ փորձում է մեզ, ինչպես Տիրոջը. եթե անսասան ենք մնում, ամաչելով հեռանում է, ինչպես Տիրոջից, իսկ եթե թուլանում ենք, բնականին խառնում է ավելորդը, որը «քար» անվանվեց: Ինչպես որ երբ անշարժ քարը փոքր նիգի միջոցով փորձում ենք, եթե փոքր-ինչ շարժվում է, հույս ունենք, որ կտապալենք, իսկ եթե ամուր է մնում, հույսներս կտրած հեռանում ենք, այդպես էլ սատանան է վարվում: Որովհետև չարը բարիով գունավորելով՝ ասես կարթով դրդում է կուլ տալ, որպեսզի ցանկությամբ գցի պոռնկության մեջ և անհրաժեշտ առարկաների միջոցով էլ՝ փողասիրության մեջ: Նմանապես էլ ուրիշ բաներով ենք մեր ցանկությունների միջոցով փորձվում: Սրա դեմ զգուշացնելո՛վ Տերը խրատեց աղոթել. «Մի՛ տար մեզ դեպի փորձություն»:  3 Ո՛չ թե Աստված է տանում, քանի որ «Աստված չարից չի փորձվում» (Հակ. 1։13), այլ երբ Դավաճանողի կամքով գնում ենք դեպի չարը իբրև դեպի բարին, Դու, որ գիտես, որ դա մեղք է, մի՛ թող, որ կամովին, բայց անգիտակցաբար մեզ կործանենք: Ինչպես երբ մեկը վախենում է որոշ մարդկանցից, թե բարի կերակրին խառնած մահարար թույն են իրեն խմեցնում, որ սպանեն, ասում է մի բժշկի. «Դու, որ հասկանում ես [սրանից], միշտ ինձ հետ եղիր», այսպես էլ սա, քանի որ կամենում է անհրաժեշտին ավելորդը խառնել, Դո՛ւ, Ամենատես, մի՛ թող, որ դրանով փորձվեմ:

   «Այլ փրկի՛ր մեզ չարից»: Ինչո՞ւ: Որովհետև եթե մեղավոր ենք, Դո՛ւ պատժելով ուղղիր [մեզ] և ո՛չ՝ թշնամու ձեռքով, իսկ եթե արդար ենք, ինչպես կամենում ես, ընդունի՛ր [մեզ] և մի՛ փորձիր. գուցե մեր տկար բնության պատճառով փորձությունը չհաղթահարելով՝ կորստյան մատնվենք: Որովհետև թեև խրատվել ենք օտար չհամարել փորձության կրակը (Ա Պետ. 4։ 12), և որ իբրև ոսկի՝ կրակի մեջ փորձվելով է, որ պատվական կհամարվենք (Ա Կոր. 3։12-14), սակայն սա կատարյալներին է վերաբերում, կամ էլ Քո՛ օգնությամբ է հնարավոր: Եվ գիտենք, որ Դու մեր օգուտը տնօրինում ես մարտի հաղթությամբ, որով շատացնում ես պսակները, սակայն ես ինքս ինձ համար դա չեմ պահանջում, այլ միշտ խնդրում եմ փրկության հասնել, որովհետև [Ինքդ] փորձված լինելով  (Մատթ. 4։1-11)՝ կարող ես փորձանավորներիս փրկել, նաև հավատարիմ ես՝ [մեր] կարողությունից ավելի փորձության չմատնելու [մեզ]

   Նաև «փորձություն» է [Տերը] կոչում մտքի շարժումները, իսկ «չար»՝ [մեղավոր] գործի կատարումը: Հետևաբար, ով աղաչում է չար գործերից փրկվել, ներքին խորհուրդներն է մեղքից մաքրում, որովհետև դրանցից են՝ իբրև աղբյուրից, բխում կուտակված չարիքները: «Փորձություն» և «չար» է կոչում նաև մարմնավոր  4 կյանքը՝ ըստ այսմ. «Իբրև փորձություն է մարդու կյանքը երկրի վրա» (Հոբ 7։1), և՝ «Ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5։19): Ուստի ով այս կյանքի փորձություններից կամենում է զերծ մնալ և նրա չար դիպվածներից ազատվել, այս աշխարհից թող դուրս գա և սպանի երկրավոր անդամները, մահվան խոկում ձեռք բերի և մարմինը խաչը հանի կրքերով ու ցանկություններով հանդերձ  (Գաղ. 4։24): Բայց սա ամենքի համար չէ, այլ ում ի վերուստ է տրված, ուստի [Տերը] հրամայում է խնդրել, որովհետև «ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է» (Մատթ. 7։8): Հետևաբար մենք էլ, [Սուրբ] Հոգուց առաջնորդվելով, վեր կենանք խնդրենք Տիրոջից. «Մի՛ տար մեզ դեպի փորձությունն» այս աշխարհի, «այլ փրկի՛ր մեզ» նրա չար կրքերից:

   [Տերը] «փորձություն» է կոչում նաև գեհենի կրակը՝ ըստ այսմ. «Ամեն ինչ կրակով է աղվելու, և ամեն մարմին կրակով է դատվելու»,- ասում է Եսային (հմմտ. Ես. 66։16), Պողոսն էլ թե՝ «Կրակով է փորձվելու» (հմմտ. Ա Կոր. 3։13): Իսկ «չար» է կոչում վերջին օրը՝ ըստ այսմ. «Ի՞նչ ունեք Տիրոջ Օրվա հետ. [այն խավար է և ո՛չ լույս]» (Ամովս 5։18), և թե՝ «Չար օրը Տերը փրկում է նրան» (Սաղմ. 40։2): Այդ [օրը] ոչ թե բնությամբ է չար կամ ամենքի համար, այլ [Տերն] այն «չար» է կոչում, որովհետև չար գործերը հայտնող և դրանց հատուցման օրն է: [Տերը] աղոթքով սրանից փրկվել է սովորեցնում մեզ, ինչպես այլուր ասում է. «Աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մարկ. 14։38), իսկ այստեղ էլ՝ «Մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր չարից»:

   Որովհետև Քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս: Այսինքն՝ քանի որ բնությամբ ունես այդ թագավորությունը, իշխանություն մի՛ տուր չարին Քո՝ Տիրոջդ ծառանե րին վտանգ հասցնելու, որովհետև եթե արժանի ենք տանջանքի, թող Տիրոջդ ձեռքը մատնվենք և ոչ թե թշնամու, ով անողորմ է վարվում, ինչպես Հոբի հետ: Եթե Դավիթը մարդկանց փորձանքներից հրաժարվեց և աղաղակեց. «Տիրո՛ջ ձեռքը թող մատնվեմ և ոչ թե թշնամիների» (հմմտ. Բ Թագ. 24։14), որքան առավել մենք պիտի հրաժարվենք նախանձ թշնամուց և նրա ծանր փորձանքներից, ով չի կարող բռնությամբ իրեն իշխան կարծել տալ, այլ խաբեությամբ: Եվ պետք չէ վախենալ նրանից, որովհետև Դու ես ճշմարիտ և ամենակարող արքան՝ ըստ [Դավթի] երգի (Ա Մն. 29։11-12), մեծ է Քո թագավորության տերությունը, և մեծ է Քո զորությունը, և ոչ ոք չի կարող ընդդիմանալ Քեզ, ուստի հավիտենապես միշտ փառավորվում ես Քո մեծ ինքնակալության, անպատմելի զորության ու անչափ փառքի համար և ամեն ինչ կատարում ես անաշխատ ու [միայն] խոսքով՝ ըստ այսմ. «Օրհնյալ է Տիրոջ փառքը Նրա տեղում» (Եզեկ. 3։12), «Օրհնում են Նրան Նրա բոլոր հրեշտակները» (հմմտ. Սաղմ. 102։20), և՝ «Ամբողջ երկիրը լի է Նրա փառքով» (Ես. 6։3):

   «Քանզի Քոնն են [արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս]», որովհետև հաղթողներին պսակում ես թագավորական փառքով, նահատակներին զորացնում չարչարանքի մրցարանում և [Քեզ] փառավորողներին փառավորում լուսավոր փառքով, ինչպես Մովսեսի և Քո անդրանիկ նախավկա որդի Ստեփանոսի դեմքերը (Ելք 34։29, Գործք 6։15):

   «Քոնն է փառքը հավիտյանս»: Փառքն այստեղ երկու նշանակություն ունի: Կամ լույսի պայծառությունն է «փառք» կոչվում, ինչպես այս [խոսքում]՝ «Բնակվում է անմատույց լույսի մեջ» (Ա Տիմ. 6։16), և՝ «Աստծո փառքն իջավ Սինա լեռան վրա» (Ելք 24։16), կամ էլ զօրքի բազմությունը. «Թագավորի փառքը մեծ զորքի մեջ է» (Առակ. 14։28), քանի որ «հազարավորներ և բյուրավորներ էին կանգնած Նրա առաջ» (հմմտ. Դան. 7։10): Եվ այս երկուսն էլ բնությամբ ունես և ոչ թե ձեռք բերմամբ, ասում է [Տերը], և քանի որ Քոնն է փառքը, ում կամենում ես, առանց ափսոսալու տալիս ես. հրեշտակներին [տալիս ես մեզ] իբրև օգնություն, իսկ լույսը՝ Քո իմանալի գիտությանը հաղորդակցվելու համար:

   «Հավիտյան» է [Սուրբ] Գիրքը կոչում անցյալը,ներկան և ապառնին. ուրեմն, ասվում է [աղոթքի այս խոսքում], ինչպես որ առաջ էիր փառքով զարդարված, այդպես էլ այժմ և անվախճան ապագայում, որովհետև Հիսուս Քրիստոսը փառավոր է «երեկ, այսօր, նաև հավիտյան» (հմմտ. Եբր. 13։18): Մեզ և՛ս արժանացրու անճառ փառքիդ հաղորդվելու՝ Քո Որդու չարչարանքների լույսով, որպեսզի Նրա փառքին հաղորդակցվենք նաև Քո շնորհի պատվով ու փառքով: Եվ Քեզ փա՜ռք Քո ամենակալ Որդու և հզոր Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:9
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

   
եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1