Ա. Լոպուխին
17-22. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [17] «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն Ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը անագ, պղինձ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. դարձել են արծաթի խարամի նման»։ «Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ Ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմում»։ «Ինչպես որ հալոցի մեջ միասին հավաքում են արծաթը, պղինձը, երկաթը և կապարն ու անագը, որպեսզի նրանց վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ Ես Իմ բարկությամբ ու Իմ զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, և պիտի դնեմ ու պիտի հալեցնեմ ձեզ»։ «Պիտի ժողովեմ ձեզ և ձեզ վրա պիտի փչեմ Իմ ցասման կրակը, և դուք պիտի հալվեք նրա մեջ»։ «Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Ես՝ Տերս եմ Իմ զայրույթը հեղել ձեզ վրա»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն Երուսաղեմի գալիք պաշարումը, որի ժամանակ դեպի Երուսաղեմ էին գալու շրջակա քաղաքների բնակիչները՝ այնտեղ ապաստանելու համար, համեմատում է չզտված արծաթի՝ հնոցի մեջ հալեցման գործընթացի հետ («արծաթի խարամ»՝ սլավոներենում՝ «արծաթի խառնուրդ»), որի մի կտորի մեջ արծաթից ավելի շատ (ի նշան դրա էլ 18-րդ համարում այն տեղադրված է վերջին տեղում, և միայն 20-րդ համարում է, որ առաջին տեղում է) անպիտան նյութեր կան, ինչպիսին են պղինձը, երկաթը, կապարը և անագը (սլավոներենում՝ կապարից տարբերելու համար, կոչվում է «մաքուր անագ», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «κασσίτερος» և «μόλιβος»): Այս համեմատությունը, որի մեջ Եզեկիելը, անկասկած, տարրեր է ներմուծել Եսայու մարգարեության 1։22-րդ և, հնարավոր է նաև, Երեմիայի մարգարեության 6։27-րդ համարներից (հմմտ. Զաք. 13։9; Մաղ․ 3։3), հիմնված է ոչ այնքան Իսրայելի մաքրման, որքան նրա պատժի գաղափարի վրա (չնայած որ, անտարակույս, «արծաթը» ժողովրդի բարեպաշտ զանգվածին է խորհրդանշում, բայց ոչինչ չի ասվում արծաթի՝ հալեցման այլ անպիտան տարրերից զտման մասին, այլ խոսվում է միայն հալեցման գործընթացի մասին․ «Նույնպես էլ Ես Իմ բարկությամբ ու Իմ զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, և պիտի դնեմ (Վուլգաթայում՝ «requiescam») ու պիտի հալեցնեմ ձեզ»։ Հատկանշական է, որ Եզեկիելի համար Իսրայելը կարծես թե սահմանափակվում է Երուսաղեմով (19-րդ համար)։ Երբ տեղի ունենա այն, ինչ մարգարեն կանխագուշակել է, այդ ժամանակ հրեաները կիմանան, որ իրենց դեմ գործում էր Ինքը՝ Աստված, Որին նրանք իրենց ընկերն էին համարում (22-րդ համար հմմտ․ 5:13-րդ համար)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: