Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, վերացրե՛ք վիրավորանքներն ու ճնշումները և իրավունք [դատաստան] ու արդարությո՛ւն գործեք, դադարե՛ք Իմ ժողովրդին զրկել իր սեփականությունից», - ասում է Տեր Աստված»։ [9] (Սինոդական թարգ․)
Իշխանին տրվող հարկը և դրա հիմնական նշանակությունը: Նոր և Ավետյաց երկրում նորահաստատ կարգուկանոնի էությունն արտաքին, պետական դիտանկյունից պետք է լինի իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ երբևէ ցուցաբերված բոլոր տեսակի անարդարությունների և վիրավորանքների իսպառ վերացումը։ Այդ անարդարությունները մինչև այժմ չափազանց շատ են եղել` անցնելով բոլոր հնարավոր սահմանները: Մարգարեն հիշատակում է նմանօրինակ անարդարության երկու տեսակ՝ «վիրավորանքներն ու ճնշումները»՝ khamas» և «shod» - տե'ս Երեմ. 6:7, 20:8, Ամբ. 1:3: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «adikian kai talaipwrian», որում երկրորդ արտահայտությունն առաջինից ավելի խիստ է։ «Իշխանների» այսօրինակ անարդարությունների դեմ նախկինում ևս մարգարեները շատ հաճախակիորեն էին բողոքում, օրինակ` Միք. 3:1-3, Գ Թագ. 12։4, 11: Ըստ այսմ` իշխաններին դրական բնույթի երկու պահանջ է ներկայացվում՝ ոչ միայն դատաստան տեսնելու, այլև դատավարության ժամանակ արդարադատ լինելու համար։ Նախորդ միտքը լրացնելով և հարցի բուն էության մեջ խորասուզվելով` մարգարեն իշխաններին հատկապես զգուշացնում է ձեռնպահ մնալ ժողովրդին ուղղված ամենամեծ վիրավորանքից՝ նրանց հողակտորները խլելուց, որը կարող էր դրսևորվել, օրինակ, այդ հողերը «ըստ օրենքի» բռնագրավելու պատրվակով, ինչը թույլատրված էր Աքաաբի կողմից` Նաբովթի առնչությամբ (հմմտ. նաև Ես. 5:8, Միք. 2:9): Վերջին միտքը («դադարե՛ք Իմ ժողովրդին զրկել…») ամենահավանական թարգմանությունն է եբրայեցերեն «վերացրեք gerushtekhen» արտահայտության, որում «gerusha» բառը «ap. leg.» է (ունի եզակի կիրառություն) և ծագում է «դուրս քշել» արմատից: Յոթանասնից թարգմանության մեջ` «վերացրո'ւ բռնությունը», Վուլգաթայում՝ «separate continia vestra»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Բաւական է ձեզ, ո՛վ իշխաններդ Իսրայէլի: Արդ, հեռո՛ւ վանեցէք անիրաւութիւնն ու զրկանքը, օրէնքով ու արդարութեա՛մբ վարուեցէք, հեռո՛ւ տարէք բռնութիւնն իմ ժողովրդից», - ասում է Տէր Աստուած: -
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, հեռացրե՛ք բռնությունն ու կեղեքումը և իրավունք ու արդարությո՛ւն կատարեք, ձեր գույքազրկումը վերացրե՛ք իմ ժողովրդի վրայից»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Շա՛տ լիցի ձեզ իշխանքդ Իսրայէլի. արդ ‘ի բա՛ց արարէք զապիրատութիւն և զչուառութիւն. իրաւունս և արդարութի՛ւն արարէք. ‘ի բա՛ց մերժեցէք զբռնութիւն ‘ի ժողովրդենէ իմմէ՝ ասէ Տէր Աստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: