Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
32-34. «Հիսուս, Իր մոտ կանչելով Իր աշակերտներին, ասաց նրանց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ Ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ «Եվ Նրա աշակերտները Նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց այսքան ժողովրդին կերակրելու համար»։ «Հիսուս նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»»։
Նախկինում Քրիստոս, նմանօրինակ հրաշք գործել էր, նախ բժշկելով մարմնական հիվանդություններից տառապողներին։ Տերն այժմ էլ նույնն է անում. հրաշագործության է դիմում՝ կույրերին և կաղերին բժշկելուց հետո։ Աշակերտներն այն ժամանակ ինչո՞ւ էին ասում՝ «Արձակիր ժողովրդին», իսկ այժմ դա չեն ասում, թեև արդեն երեք օր էր անցել։ Կա՛մ իրենք արդեն իսկ փոխվել էին դեպի ավելի լավը, կա՛մ տեսնում էին, որ ժողովուրդն այդքան շատ քաղց չէր զգում՝ փառավորելով Աստծուն Իր պարգևած բարերարությունների համար։ Բայց տե՛ս, թե ինչպես է Քրիստոս այժմ ևս ոչ թե պարզապես դիմում հրաշագործության, այլ Իր աշակերտներին նույնպես ներգրավում է այդ գործընթացում։ Ժողովուրդը, որ եկել էր հիվանդություններից բժշկություն գտնելու համար, չէր համարձակվում հաց խնդրել։ Սակայն Քրիստոս, որպես մարդասեր և հոգատար Տեր, տալիս է նաև Իրենից չպահանջողներին և ասում է Իր աշակերտներին. «Խղճում եմ այս ժողովրդին․․․չեմ ուզում նրանց քաղցած արձակել»։ Բայց որպեսզի ոչ ոք չասի՝ նրանք հացի պաշարով էին եկել, Քրիստոս ասում է. «Արդեն երեք օր է՝ Ինձ մոտ են»։ Հետևաբար, եթե պաշարով էլ եկած լինեին, պաշարը սպառված կլիներ։ Հենց այդ պատճառով էլ Հիսուս այս հրաշքը գործեց ոչ առաջին և ոչ էլ երկրորդ օրը, այլ երբ նրանց մոտ եղած ամեն ուտելիք վերջացել էր, որպեսզի նախքան հրաշագործությունը ուտելիքի կարիքը զգալով՝ առավել մեծ ուրախությամբ ընդունեին հրաշքը։ Հենց այդ պատճառով էլ Հիսուս ասում է՝ «գուցե ճանապարհին նվաղեն»՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք հեռու էին բնակավայրից և որ նրանց մոտ ոչինչ չէր մնացել։
Բայց եթե դու չես ուզում նրանց քաղցած արձակել, ուրեմն ինչո՞ւ հրաշագործություն չես անում։ Քրիստոս այդպես է վարվում, որպեսզի Իր հարցով և աշակերտների տված պատասխանով ավելի մեծ ուշադրություն առաջացնի նրանց մեջ և հնարավորություն տա նրանց ցույց տալու իրենց հավատքը, մոտենալու Իրեն և ասելու՝ «հացե՛ր ստեղծիր»։ Բայց այստեղ նույնպես աշակերտները չհասկացան Փրկչի հարցի նպատակը։ Հենց այդ պատճառով էլ ավելի ուշ, ինչպես պատմում է Մարկոս ավետարանիչը, Քրիստոսը նրանց ասում է. «Արդյոք ձեր սրտերն այդքան քարացա՞ծ են։ Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք և չե՞ք լսում» (Մարկ. 8։17-18)։ Եթե դա չլիներ պատճառը, ապա ուրեմն Հիսուս ինչո՞ւ էր ասում աշակերտներին և տեղեկացնում, որ ժողովուրդն արժանի է բարերարության, և ավելացնում, որ խղճում է ժողովրդի այդ բազմությանը։ Մատթեոս ավետարանիչն ասում է, որ այնուհետ Հիսուս նույնիսկ հանդիմանում էր աշակերտներին՝ ասելով. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք: Դեռևս չե՞ք իմանում և չե՞ք հիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. և քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ յոթը նկանակը՝ չորս հազարին. և քանի՞ սակառ վերցրիք» (Մատթ. 16։8-10)։ Այսպես են միմյանց հետ համաձայնում ավետարանիչները։
Այսպիսով, ի՞նչ արեցին աշակերտները։ Նրանք դեռևս գետնաքարշ մտածումներով էին տարված, ու թեև Քրիստոս ամեն կերպ ջանում էր այդ հրաշքը նրանց հիշողության մեջ դրոշմել և՛ հարցի, և թե՛ պատասխանի միջոցով՝ նրանց հացը բաժանելու և զամբյուղները հավաքելու պատվեր տալով, բայց աշակերտները դեռ անկատար էին մնում, ուստի և ասում են Փրկչին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց» (Մատթ. 15։33)։ Ե՛վ նախկինում, և՛ այժմ նրանք ամենուրեք հիշատակում են ամայի վայրի (անապատի) մասին։ Ու թեպետ դա ասում են ոչ պատշաճ կերպով դատելով, սակայն բուն հրաշքը այստեղ նույնպես ոչ մի կասկածի չի ենթարկվում։ Սակայն որպեսզի ոչ ոք չասի (ինչպես ես արդեն նախկինում նշել եմ), որ Հիսուս հացերը բերել է տվել մոտակա որևէ բնակավայրից, ուստի նշվում է ճիշտ վայրի տեղագրությունը, որպեսզի հրաշքը որևէ կասկած չհարուցի։ Հենց այդ պատճառով էլ ինչպես նախորդ, այնպես էլ այս հրաշքը Հիսուս գործում է անապատում, որը հեռու էր մարկանց բնակության վայրերից։ Բայց աշակերտները, այդ իրողությունից ոչինչ չհասկանալով, ասում էին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց»։ Նրանք խիստ անմտաբար մտածում էին, որ Հիսուս իրենց այդ խոսքերն էր ասում՝ ժողովրդին ինքնուրույնաբար կերակրելու հանձնարարություն տալու մտադրությամբ։ Նախկինում ևս Քրիստոս հենց ա՛յն պատճառով էր ասում՝ «դո՛ւք նրանց ուտելիք տվեք» (Մատթ. 14։16), որպեսզի աշակերտներին հնարավորություն տար Իրեն այդ մասին խնդրելու։ Այժմ արդեն չի ասում՝ «դո՛ւք նրանց ուտելիք տվեք», այլ ի՞նչ է ասում։ «Խղճում եմ այս ժողովրդին․․․չեմ ուզում նրանց քաղցած արձակել»։ Այս խոսքերով Քրիստոս էլ ավելի է կենտրոնացնում նրանց մտքերը, էլ ավելի ուժգին է խրախուսում և հնարավորություն է տալիս հասկանալու, որ աշակերտներն իրենք պետք է Փրկչին խնդրեին ժողովրդին կերակրելու մասին։ Հիսուսի այս խոսքերը ցույց էին տալիս, որ Նա կարող է նրանց քաղցած չարձակել, ինչպես նաև՝ վկայում էին Քրիստոսի ամենազորության մասին։ Հենց դա էր նշանակում «չեմ ուզում» խոսքը։ Բայց քանի որ չնայած այդ ամենին՝ աշակերտներն այդպես էլ չըմբռնեցին Քրիստոսի ասածը և հիշատակեցին ժողովրդի, վայրի և անապատի մասին (ասելով հետևյալը՝ «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց այսքան ժողովրդին կերակրելու համար»), ուստի Հիսուս արդեն իսկ Ինքն է ուղղակիորեն հարց ուղղում նրանց և ասում. «Քանի՞ հաց ունեք։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ» (Մատթ. 15։34)։ Այլևս չեն ասում՝ «բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար» (Հովհ. 6։9), ինչպես ասում էին նախկինում։ Այսպես, թեև նրանք ամեն ինչ միանգամից չէին հասկանում, բայց միևնույն է՝ քիչ-քիչ ավելի վսեմ գիտելիք էին ձեռք բերում։ Եվ Ինքը՝ Քրիստոս էլ, այդպիսով արթնացնելով աշակերտների մտքերը, հարցնում է ճիշտ այն եղանակով, ինչպես նախկինում էր, որպեսզի հարցի միջոցով նրանց հիշեցնի նախկինում գործված հրաշքի մասին։
Դու էլ, այստեղ նկատելով աշակերտների անկատարությունը, դրանով հանդերձ ճանաչի՛ր նաև նրանց իմաստուն բանականությունը և հիացի՛ր նրանց ճշմարտասիրությամբ, թե ինչպես նրանք իրենց գրություններում չեն թաքցնում սեփական թերությունները, որոնք, ի դեպ, փոքր չեն․․․Իսկապես, փոքր մեղք չէ այդքան շուտ մոռանալ վերջերս տեղի ունեցած հրաշքը, և հենց դրա համար էլ Տերը հանդիմանում է նրանց։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:
Հիսուսը, աշակերտներին Իր մոտ կանչելով, ասաց. «Խղճում եմ այդ ժողովրդին. արդեն երեք օր է, ինչ Ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն. չեմ կամենում նրանց [սոված արձակել], գուցե ճանապարհին նվաղեն»:
Սա [հացի բազմացման] առաջին հրաշքը չէ (Մատթ. 14։15-21), ուրիշ է: Այն ժամանակ հինգ հազար [հոգու] համար աշակերտներն էին, որ աղաչեցին Նրան, իսկ այժմ չորս հազարի համար Ինքն է [հրաշք] գործում: Այնտեղ աշակերտնե՛րն ասացին. «Ուղարկիր այդ ժողովրդին», իսկ այստեղ՝ ոչ, այլ Ինքն է, որ կանչելով աշակերտներին՝ ասում է. «Խղճում եմ այդ ժողովրդին. արդեն երեք օր է, ինչ Ինձ մոտ են»: Կամ [աշակերտները] նախկինի համեմատ ավելի հասունացել էին, կամ էլ տեսնում էին, որ [ժողովուրդը] քաղցից այդքան էլ չէր նեղվում, որովհետև բժշկության համար էր եկել և չէր համարձակվում հաց խնդրել: Բայց [Հիսուսը] գթությամբ խնամարկում է՝ [ասելով]. «Ուտելու ոչինչ չունեն», որպեսզի ոչ ոք չասի, թե պաշարով կազմպատրաստ էին եկել, և որպեսզի [Հիսուսը] հասկացնի, որ եթե [կերակուր] ունեին էլ, այն արդեն սպառվել էր՝ երեք օր նրանց մոտ լինելով: Ուստի [կերակուր] է ստեղծում ... երբ կարիքն զգացվում է, որպեսզի հոժարությամբ ընդունեն երախտիքը: Իսկ ասելը «չեմ կամենում նրանց [սոված արձակել], գուցե ճանապարհին նվաղեն» [այսպես է մեկնվում]. «չեմ կամենում» ասելով՝ [Հիսուսը] հայտնում է Իր իշխանությունը, որ կարո՛ղ է նրանց կերակրել, և «ճանապարհին նվաղեն»-ով ցույց է տալիս, որ հեռու վայրերից էին եկել Իր մոտ և այլևս չկար ոչինչ, որով իրենց կարիքները բավարարեին, եթե Խնամարկողից անտեսվեին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
32-38. Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ: Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:
Նախորդ համաներում տեսանք, որ Դեկապոլսի և Գալիլիայի սահմաններին հավաքվել էր մի ստվար բազմություն, բոլորն էլ բժշկության էին եկել իրենց կամ իրենց հարազատների համար: Վերջին երեք օրերում բազմությունը հասել էր մինչև չորս հազարի, [սննդի] պաշարն էլ վերջացել էր, և սկսել էին հաց հայթայթելու միջոցներ գտնել: Հիսուս հավաքեց առաքյալներին, և նեղ շրջանակով սկսեց խոհրդակցել. «Այս ժողովրդին խղճում եմ,- ասաց,- երեք օր է մեզ հետ են, սնունդ չի մնացել. Եթե այս վիճակով իրենց [արձակենք], [հաշվի առնելով որ] արդեն քաղցած [են], ճանապարհն էլ բավականին երկար [է], հոգնությունն էլ, որ գա, [ապա] ճամփին կարող են քաղցից [ուժասպառվել]»: «Եթե իրենց չճանապարհես,- ասում են առաքյալները,- ... մենք ինչպե՞ս կարող ենք այս անբնակ կողմերում, գյուղերից ու քաղաքներից հեռու, այդքան բազմության համար հաց ճարել, որ բավարարի»: «Ի՞նչ պաշար է մնացել մեզ մոտ»,- հարցնում է Հիսուս: [Առաքյալներն ասում են], որ մնացել է ընդամենը յոթ նկանակ և մի քիչ էլ չոր ձուկ:
Հիսուս հրամայում է, որ գտնված հացերն ու չոր ձկները Իրեն հանձնեն և ժողովրդին էլ խումբ-խումբ նստեցնեն: Ինքն օրհնում է հացն ու ձուկը և տալիս առաքյալներն, իսկ նրանք էլ` բաժանում են ժողովրդին: Բոլորի կշտանալուց հետո .. յոթը զամբյուղ լի կտորտանք է հավաքվում: Ժողովրդի բազմությունը չորս հազար հոգի էր` կանանց ու երեխաներին չհաշված ...
Հինգ հազար հոգու կերակրված տեղը Բեթսայիդայի անապատն էր, չորս հազար հոգու կերակրված տեղը`Դեկապոլսի անապատը: Առաջինը Գալիլիայի հյուսիսային ծայրն է, իսկ երկրորդը` Գալիլիայի հարավային ծայրը. Այնպես որ թե՛ բազմությունը ... և թե հրաշքի եղելության վայրը, բոլորովին տարբեր են և իրար հետ շփոթել չի լինի ..;
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: