Եսայու մարգարեության մեկնություն 45:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն:
   
   Այսպես է ասում Տերն Իր օծյալ Կյուրոսին
   Սա օծված է ոչ թե յուղով, ինչպես քահանաներն ու թագավորները, և ոչ թե հոգով, ինչպես մարգարեները, այլ՝ զորությամբ, որի խորհրդանիշն է այն օծումը, որով նա՝ [արքան, արժանի է լինում] այդ իշխանությանը։ Ուստի Տերը նրան օծյալ, [է անվանում], ինչպես նաև ասորեստանցիների ձեռքին [Իր] գավազան. «Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է Իմ բարկության գավազանը» (10։5): Եվ Եզեկիելի միջոցով էլ ասում է. «Տիւրոսում ինձ մատուցած ծառայութեան փոխարէն նրան [Նաբուգոդոնոսորին] եմ տալու Եգիպտացիների երկիրը» (Եզեկ. 29։19-20): Իսկ Զաքարիայի միջոցով Անտիոքոսի մասին ասում է. «Ես մի տգետ հովիվ եմ դնելու, որ ուտելու է ընտիր ոչխարների միսը և փշրելու է նրանց ոտքերի ոսկորները» (Զաք. 11;15): Սրանով հայտնի է դառնում, որ Աստված երկրի վրա թագավորներ է բարձրացնում, թեկուզ եթե նրանք ամբարիշտ են լինում:
   

Ա. Լոպուխին

Այսպես է ասում Տերն Իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, և կհանեմ թագավորների գոտիները, որպեսզի դռները բացվեն քո առաջ, ու դարպասները չփակվեն»: [1] (Սինոդական թարգ․)
   
   45-րդ գլխի այս հատվածը, որը ներառում է 1-8-րդ համարները, ինչպես որ մենք արդեն նշել ենք, հանդիսանում է նախորդ գլխի անմիջական շարունակությունն ու վերջաբանը (թեզիս, նվազում) ա՛յն հատվածի, որի սկիզբը 44:24-րդ համարն է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ սույն համարների ժամանակակից տարանջատումը արհեստական ու մեխանիկական մի գործընթաց է, քանի որ այդ բաժանումը, պետք է ընդունել, որ բավականին անհաջող կերպով, տրոհում է մեկ ընդհանուր ամբողջականության միասնականությունը, ինչի պատճառով էլ ուսումնասիրողները սովորաբար ուշադրություն չեն դարձնում այդ տարանջատման վրա: Նմանատիպ անհաջող բաժանման համար միակ արտաքին արդարացումն են համարվում են 45-րդ գլխի առաջին բառերը՝ «Այսպես է ասում Տերը»: Այս արտահայտությունը, իսկապես որ, Աստվածաշնչում հաճախակիորեն ծառայում է որպես նոր խոսքի կամ էլ նոր, կարևոր հատվածի սկիզբ: Ժամանակակից Աստվածաշնչի գրքերի բաժանումը գլուխների ու համարների տեղի է ունեցել շատ ավելի ուշ՝ Հյուգո Կալետի ու Ստեֆան Գերլախի կողմից (XIV-XVI դարեր), և այդ բաժանումը ևս տեղ-տեղ բավականին արհեստական ​​է ստացվել, և այդ իսկ պատճառով էլ չենք կարող խուսափել այն քննադատելուց:

   «Այսպես է ասում Տերն Իր օծյալ Կյուրոսին...» - Աստծո անմիջական ուղերձը՝ հասցեագրված հեթանոս թագավորին, իր զուգահեռը չունի Սուրբգրային այլ հատվածներում: Նմանատիպ ուղերձների մյուս օրինակները (ուղղված Նաբուգոդոնոսորին, փարավոնին ու Աբիմելեքին) հայտնվել են երազի միջոցով: Այսպիսի բացառիկ իրողությունը բացատրվում է, մի կողմից, ա՛յն առաքելության կարևորությամբ, որը Տերը վստահել էր Կյուրոսին, իսկ մյուս կողմից էլ այս նրա բարոյական վսեմությամբ՝ ի տարբերություն մյուս կերպարների:

   «Եվ իրապես, մեզ հասած պատմական բոլոր փաստերը վկայում են այս առաջնորդի բարոյական արժանիքների մասին, և նրա հիշատակը լուսավորված է փառքի առանձնահատուկ փայլով ու նրա բարոյական արժանիքների հանդեպ պատկառանքով: Նմանատիպ փառքով շրջապատված չի եղել հին աշխարհի նշանավոր մարդկանցից և ոչ մեկը: Ավանդույթների մեծ գիտակ Էսքիլեսը «Պարսիկներ» գրքում (765-772-րդ էջեր) Կյուրոսին անվանում է բարի հոգու և բարձր մտավոր կարողությունների տեր այր, որի հանդեպ աստվածներն առանձնահատուկ բարեհաճ էին: Հերոդոտոսը (Պատմություն. III, 89) վկայում է, որ պարսիկները Կյուրոսին իր բարեսրտության համար «հայր» էին անվանում, Դիոդորոս Սիցիլիացին (XI գլխի մի հատված, 14, 16) Կյուրոսի մասին ասում է, որ նա իր իմաստությամբ, քաջությամբ ու մյուս բոլոր առաքինություններով գերազանցում էր իր բոլոր ժամանակակիցներին, և որ նա աչքի էր ընկնում իր առանձնահատուկ բարությամբ, որի համար էլ պարսիկները նրան «հայր» տիտղոսն էին տվել: Եվ, վեջապես, հայտնի է նաև, որ Քսենոփոնն իր «Կյուրոպեդիա» աշխատության մեջ Կյուրոսի անձը դիտում է որպես թագավորի ու մարդու կատարյալ կերպար» (Վլաստով, V, էջ 219):

   «Իր օծյալին...» - Սեպտուագինտայում առկա է ,,τω̨̃ χριστω̨̃ μου,, արտահայատությունը, որով էլ ավելի է ընդգծվում Կյուրոսի կերպարի՝ Քրիստոս-Մեսիայի նախատիպարը լինելու հանգամանքը:

   «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ...» - Եսայի մարգարեի լեզվաոճական առանձնահատկությունների համաձայն՝ ինչ-որ մեկի աջ ձեռքից բռնելը նշանակում է մեծապես օժանդակել նրան (Ես. 41:13): Այստեղ ավելի հստակ է խոսվում Կյուրոսի կողմից բազմաթիվ ազգերի այդ փառահեղ նվաճման մասին, ինչի մասին որ գաղտնաբար խոսվել է նաև ավելի վաղ՝ «արդարության այր»-ի հաղթանակած կերպարի շրջանակներում (Ես. 41:2-3, 25): Այս մարգարեությունը լավագույնս «արդարացվում» է Կյուրոսի փառահեղ և արագ նվաճումներով, նրա՛, ով իրեն էր հնազանդեցրել այն ժամանակ հայտնի հզորագույն բոլոր պետություններն ու հիմնել էր նոր, համաշխարհային միապետություն, որը ձգվում էր Գանգեսից մինչև Հելեսպոնտոս և Կասպից ծովից մինչև Նեղոս գետը:

   «Կհանեմ թագավորների գոտիները...» - Ինչպես որ, համաձայն Սուրբգրային լեզվի, գոտի կապելը ուժի և ռազմական պատրաստվածության խորհրդանիշն է (Սաղմ. 44:4, Երեմ. 1:17), այդպես էլ գոտին հանելը, ընդհակառակը, մեջքի «տկարացման», անկարողության ու անօգնական լինելու մասին է վկայում (Ես. 5:27, Դան. 5:6):

   «Որպեսզի դռները բացվեն քո առաջ, ու դարպասները չփակվեն» - Սա մի փոքրիկ, սակայն բնութագրական մանրամասնություն է. և իսկապես, ինչպես որ ցույց են տալիս հնագույն ասորա-բաբելոնական քաղաքների վայրերում տեղի ունեցած ժամանակակից պեղումները, այդ բոլոր քաղաքները շրջապատված են եղել պարիսպներով, որոնց մեջ եղել են նաև բազմաթիվ հսկայական դարպասներ: Մասնավորաբար Բաբելոն քաղաքը, համաձայն Հերոդոտոսի վկայության (Պատմություն, I, 179), ունեցել է շուրջ հարյուր մետաղյա դարպասներ, որոնց մասին, ինչպես տեսնում ենք, ակնարկվում է նաև հաջորդ համարում (Ես. 45:2):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Աստուած ցաւծեալն իմ ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազգս, եւ զզաւրութիւն թագաւորաց խորտակեցից. եւ բացից առաջի նորա զդրունս, եւ քաղաքք մի փակեսցին: