Եսայու մարգարեության մեկնություն 53:10

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից։
   
   Եվ Տերը կամենում է Նրան սրբել մեղքերից։
   Այս խոսքն անապական հարության մասին է՝ ըստ վերոնշյալ խոսքի, թե՝ վերցվելու է Նրա կյանքը երկրի վրայից (8)։ Եվ որովհետև Քրիստոս անապական մարմնով հարություն առավ, ուստի մարգարեն ասում է. «Տերը Նրան սրբեց վերքերից»: Իսկ որ Նրա մարմինը գերեզմանում անապական էր մնալու (Գործք 2։31), դեռ Դավիթ մարգարեն էր ասում. «Նրա մարմինը անապականություն չտեսավ»: Եվ այն, որ նախքան Խաչելությունն էլ Նրա մարմինն անապական էր, Ինքն իսկ է վկայում, երբ հարությունից հետո ասում է. «Շոշափեցե՛ք ու տեսե՛ք, որ Ես նույնն եմ» (Ղուկ. 24։39), այսինքն՝ չեմ փոխվել: Եվ ինչպե՞ս կարող էր ապականություն լինել, չէ՞ որ Նա ոչ թե սերմից էր ծնվել, այլ Կույսի մաքրված արյունից գոյացած մարմնին էր միախառնվել Բանը: Դարձյալ, Քրիստոս գլուխն է Եկեղեցու անդամներիս, իսկ մենք Նրա՝ ոտքից մինչև գլուխ վիրավոր անդամներն ենք: Եվ Նա, որ մեր Գլուխն է, զգայապես ընդունում է մեր ցավերը: Իսկ երբ Քրիստոս Իր վերքերով բժշկեց մեզ, ըստ այն խոսքի, թե՝ «Նրա վերքերով մենք բժշկվեցինք», այնժամ Նա ևս բժշկվեց այն ցավերից, որ ուներ մեր՝ Եկեղեցու անդամներիս պատճառով:

   Եթե մեղքերի համար հատուցում տաք՝ երկարակյաց սերունդներ կտեսնեք։

   Մարգարեն քիչ առաջ խոսեց այն մասին, որ նրանք՝ հրեաները, պատժվելու են Տիրոջ վրիժառությամբ. «Գերեզմանի չարության համար հատուցելու եմ» (53։9): Իսկ այժմ ասում է, որ հնար կա վերացնելու այդ պատիժը, եթե իհարկե նրանք կամենան դա: Եվ ի՞նչ են տալու դրա փոխարեն. ո՛չ արծաթ, ո՛չ ոսկի, այլ միայն հավատք, ըստ այս խոսքի, թե՝ «հավատացե՛ք, և կքավվեն ձեր մեղքերը»: Դարձյալ, Աստված Օրենքի մեջ հրամայեց. «Եթե մեկն ակամա հանցանք գործի, թող ոչխար առնի, ու թող մեղավորը ձեռքը դնի նրա գլխին ու խոստովանի իր մեղքերը: Ու թող քահանան սպանի նրան (իմա՝ ոչխարին), արյունը ցողի Տիրոջ առջև, ու նրա (իմա՝ մեղավորի) մեղքերը կքավվեն» (Ղևտ. 4։22-26): Սա մեր Տիրոջ փրկագործության նախօրինակն էր, չէ՞ որ Նա մեզ մարմնակից ու եղբայր դարձավ և, մեր մեղքերի համար պատարագվելով, Իր արյունն ընծայեց Հոր առջև և քավեց մեր մեղքերը: Արդ, այն, որ Նա պատարագվում է մեզ համար, ինչպես ես եմ տեսնում հոգևոր աչքերով, դուք՝ նրանով փրկվածներդ ևս կտեսնեք: Իսկ ահա երկարակյաց լինելու խոստմամբ մշտնջենավոր կյանքի երանությունն է ակնարկում:

   Եվ Տերը կամենում է Նրա միջոցով ազատել նրան ցավերից։

   Ոմանք սա մեկնում են հարության իմաստով, իսկ ոմանք վերագրում են ժողովրդի՝ ցավերից ազատագրմանը, քանի որ Աստված նախախնամող ձեռքով բժշկեց Իր ժողովրդին, ըստ այս խոսքի. «Բժշկությունը Նրա թևերի վրա է» (Մաղաք. 4։2)։ Ըստ այդմ Տերը ոչ միայն բժշկեց, այլև աստվածգիտությամբ լուսավորեց ժողովրդին: Իսկ հոգևոր արեգակը Նա է, Ով իբրև «լույս եկավ այս աշխարհ» (Հովհ. 12։46), ըստ այդմ ասում է.
   

Ա. Լոպուխին

«Սակայն Տիրոջը հաճելի եղավ հարվածել Նրան, և Նա Նրան տառապանքների մատնեց, իսկ երբ Նրա հոգին կմատուցի որպես քավություն համար զոհ, Նա կտեսնի հավերժական սերունդը, և Տիրոջ կամքը հաջողությամբ կիրականացվի Նրա ձեռքով»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Սակայն Տիրոջը հաճելի եղավ հարվածել Նրան, և Նա Նրան տառապանքների մատնեց, իսկ երբ Նրա հոգին կմատուցի որպես քավություն համար զոհ, Նա կտեսնի հավերժական սերունդը, և Տիրոջ կամքը հաջողությամբ կիրականացվի Նրա ձեռքով: Նա Իր հոգու սխրանքին գոհունակությամբ կնայի. Իր գիտությամբ Նա՝ Արդարը, Իմ Ծառան, շատերին կարդարացնի և նրանց մեղքերն Իր վրա կվերցնի» - Այս հատվածն ասես իրենից ներկայացնելով սույն գլխի վերջնական ամփոփումը՝ մեզ համար բացահայտում է Մեսիայի խաչի չարչարանքների և դրանց փրկչարար պտուղների  ներքին, խորագույն իմաստը։

   «Սակայն Տիրոջը հաճելի եղավ հարվածել Նրան» - Սա դարձյալ մի պարզ պատասխան է անմեղ Տառապյալի մահվան վերաբերյալ հրեաների գլխավոր տարակուսանքին։ Հրեաների կեղծ ըմբռման համաձայն, «անմեղ տառապանքներ» գոյություն չունեն, քանի որ Աստված դրանք երբեք թույլ  չէր տա։ Բացահայտելով Մեսիայի վերաբերյալ այս սխալ պատկերացումը՝ մարգարեն ասում է, որ այս պարագայում մենք բացառության ենք հանդիպում, քանի որ այս Անմեղի տառապանքներն ու մահը տեղի ունեցան ոչ թե Նրա Երկնային Հոր կամքին հակառակ, այլ Նրա հետ ամբողջական համաձայնությամբ (Գործք 2։23, Փլպ․ 2։6-7, Կող․1։19-20)։ Սլավոնական թարգմանության մեջ և Սեպտուագինտայում այս միտքն արտահայտված է մի փոքր այլ և, գուցե, նույնիսկ ավելի պարզ ձևով․ «Տերը ցանկանում է Նրան մաքրել խոցերից»։ Այս տեքստի մեկնաբաններից շատերն այն ուղղակիորեն կապում են 6-րդ համարի վերջի հետ, ուր ասվում է, որ Տերը Նրա վրա դրեց բոլոր մարդկանց մեղքերը։ Համընդհանուր աշխարհային մեղքի հենց այդ ծանրությունն էլ պատճառ դարձավ այն հիվանդության կամ «խոցի» համար, որից ազատվելու նպատակով էլ Մեսիան պետք է քավչարար զոհաբերություն մատուցեր խաչի մահվան տեսքով։ Խաչին գամվելով՝ համաշխարհային մեղքի խոցը կորցրեց իր ուժը և հոգևոր-բարոյական ապաքինման հնարավորություն տվեց բոլոր նրանց, ովքեր հաղորդակցվում են բժշկության այդ շնորհալի աղբյուրին, ինչպես որ դա հիանալիորեն բացատրվում է վերևում․ «Մեր խաղաղության պատիժը Նրա վրա էր, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (5-րդ համար)։ Հենց սրանում է թաքնված փրկագործության խորագույն առեղծվածը, ա՛յն, որ Անմեղը տառապում է մեղավորների փոխարեն, որպեսզի նրանց համար բացի արդարացման աղբյուրը։

   «Երբ Նրա հոգին կմատուցի որպես քավություն համար զոհ» - Յոթանասնիցում «քավության զոհ» արտահայտության փոխարեն դրված է «περι ἁμαρτίας» արտահայտությունը, որը սլավոներենում թարգմանվում է որպես «մեղքի համար»։ Եբրայական տեքստում կիրառվող «աշամ» տերմինը, եբրայագետների կարծիքով, պետք է տառացիորեն թարգմանվի «պարտքի զոհ» բառերով, ինչը և իմաստային առումով ավելի մոտ է «քավության զոհ» արտահայտությանը։ Այդ զոհաբերության բնույթի և ծիսակատարության մասին մանրամասնորեն խոսվում է հատկապես Ղևտացվոց գրքում (Ղևտ. 5։1-19, 7։1-9)։

   ««Աշամ»-ի՝ զոհաբերության հիմնական գաղափարը  «satisfactio»-ն է՝ խախտված իրավունքների վերականգնումը (այդ հասկացության լայն իմաստով ըմբռնման պարագայում)։ Այստեղ բավարարվածության գաղափարը բխում է աստվածային արդարության պահանջներից, իսկ փրկագնման գաղափարը բխում է մեղսագործությունից անբաժան եղող պատժի իրողությունից» (Գրիգորև, էջ 228)։  Այստեղ, հետևաբար, բավականին կարևոր լրացուցիչ մանրամասնություն է տրվում, այն է թե՝ Մեսիայի քավչարար մահը հաշտարար բնույթ ուներ բարձրագույն Աստվածային Ճշմարտության հանդեպ․ «Ողորմությունն ու ճշմարտությունը կհանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը կհամբուրվեն» (Սաղմ․ 84։11)։

   «Նա կտեսնի հավերժական սերունդը, և Տիրոջ կամքը հաջողությամբ կիրականացվի Նրա ձեռքով» - Երբ Տեր Հիսուս Քրիստոս իրականացնի Իր մեծագույն քավչարար առաքելությունը և դրանով իսկ գոհունակություն պատճառի Աստվածային Արդարությանը, ապա այդպիսով Նա մեզ դարձյալ հնարավորություն կընձեռի երկնավոր Հորից բազմաթիվ ու հարուստ շնորհներ ստանալու համար։ Վերջին միտքն արտահայտելու համար մարգարեն կիրառում է մի պատկեր, որն առավել հասկանալի և համակրելի է հինկտակարանյան հրեայի համար։ Իսկ այդպիսի մեկի համար, ինչպես գիտենք, ամենամեծ շնորհներից մեկը բազմաթիվ և շարունակվող սերունդն էր, այդ իսկ պատճառով էլ նախահայրերին ուղղված բոլոր խոստումներն առավելապես կենտրոնացված էին հատկապես ա՛յդ հանգամանքի վրա (Ծննդ․ 13։16, 15։5, 17։5-6, 22։17, 28։14 և այլ տեղիներ)։

   Մեսիայի վերաբերյալ այս խոստումը հատուկ նշանակություն ունի. այն մատնանշում է ո՛չ թե մարմնավոր, այլ հոգևոր սերունդներին, այսինքն՝ քրիստոնեության այն գալիք խոստովանողներին, որոնց մասին Հովհաննես ավետարանիչ Աստվածաբանը գրում է, որ «Տերը նրանց իշխանություն տվեց Աստծո որդիները լինելու, որոնք ոչ արյունից, ոչ մարմնի ցանկությունից, ոչ մարդու ցանկությունից, այլ Աստծուց ծնվեցին (Հովհ․ 1։12-13)։ Նրա մասին ոչ պակաս տպավորիչ կերպով է խոսում սաղմոսերգուն՝ մեսիական սաղմոսներից մեկում․ «Սերունդը Նրան կծառայի, և հավերժ Տիրոջը կհամարվի» (Սաղմ․ 21։30)։ Եվ վերջապես, հենց նույն «Աստծուց ծնված հոգևոր Սիոնի», նրա համաշխարհային տարածման մասին է բազմաթիվ անգամներ խոսել ինքը՝ Եսայի մարգարեն (Ես. 50։3, 54։1, 5, 17, 49։21, 44։28, 42։1, 3, 6, 45։23 և այլ տեղիներ)։ Ինքը՝ Մեսիան, «կտեսնի» այդ երկարակյաց սերունդը և կլինի նրա մշտական ղեկավարն ու Աստվածային կամքի առաջնորդը։ Եվ քանի որ վերևում արդեն խոսվել է Աստծո Որդու մահվան և թաղման մասին, ապա պարզ է, որ այստեղ անուղղակիորեն ի նկատի է առնվում Նրա փառավոր հարությունը մեռյալներից և Հայր Աստծո աջ կողմում թագավորաբար բազմելը։ Իսկ այս բոլորը Մեսիայի այնպիսի հատկանիշներն են, որոնք, անտարակույս, չեն կարող կիրառել որևէ մեկի նկատմամբ, բացի Աստծո Որդուց։ Պետք է նշել, որ տեքստի «Նա կտեսնի հավերժական սերունդը» խոսքերը եբրայերենից բառացիորեն թարգմանվում են մի փոքր այլ ձևով, որն ավելի շատ է համապատասխանում մեր մեկնաբանությանը․ «Նա կտեսնի սերունդը և երկար կապրի» (Թադեոս քհն, էջ 214)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից,
(Արարատ թարգ․) Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։
(Գրաբար) եւ Տէր կամի սրբել զնա ի վիրաց անտի: Եթէ տաջիք զվասն մեղացն, անձինք ձեր տեսցեն զզաւակ երկայնակեաց: եւ կամի Տէր ի ձեռս նորա բառնալ ի ցաւոց անձին նորա: