Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել:
Ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել։
Բոլոր անասուններից ամենաբարեբարոն է շունը: Այս պատճառով հույն փիլիսոփաները իմաստուններին բնորոշում են ըստ [շների] հինգ հատկությունների: Դրանցից առաջինը զանազանելու կարողությունն է, որովհետև շունը ծանոթներին տարբերում է օտարներից, նույնպես և իմաստուններն են չարը տարբերում բարուց: Երկրորդ՝ որովհետև շները հաչում են օտարների վրա, իսկ իմաստուններն էլ օտարներին են ընդդիմաբանում: Երրորդ՝ որովհետև շները տիրասեր են, ու եթե նույնիսկ սովից մեռնեն էլ, իրենց տերերին չեն լքի: Նույնպես և իմաստուններն էլ սիրում են իրենց բարերարներին: Չորրորդ՝ որովհետև շները հոտով գտնում են հետքը, իսկ իմաստոնները նույն ոգով խորհում են նախնիներից ավանդված խոսքերի մասին: Հինգերորդ՝ որովհետև շները որսորդ են, իսկ իմաստուններն էլ գիտությունն են որսում: Նույն բարքի տեր են նաև արդարները, որոնք տիրասեր են, ատում են թշնամի սատանային, և այլն: Սա նախևառաջ հատուկ է վարդապետներին, ինչպես Ոսկեբերանն է ասում հանձին առաքյալի. «Քեզ՝ շանդ եմ ասում՝ տիրասերիդ ու որսկանիդ»: Սրան հակառակ՝ հրեաները հակառակվեցին իրենց Տիրոջը, կատաղեցին ու հաչեցին՝ սամարացի ու դիվահար անվանելով Նրան (Հովհ. 8։48), և հարեցին թշնամի սատանային ու նրա կամքը կատարեցին: Այդպես են անում նաև բոլոր մեղավորները. մոռանում ու ատում են բարերար Աստծուն և սիրում են սատանային՝ շան պես վազելով նրա կամքի հետևից:
Ա. Լոպուխին
10-12․ «Նրանց բոլոր պահապանները կույր են և անտեղյակ․ նրանք բոլորը համր շներ են, որ չեն կարողանում հաչել, պառկած երազում են, սիրում են մրափել»։ [10] «Եվ այդ շները հոգով ագահ են, կշտանալ չգիտեն, և նրանք անմիտ հովիվներ են. բոլորը նայում են իրենց ճանապարհին, յուրաքանչյուրը՝ մինչև վերջինը ներառյալ, իր շահին»: «Եկե՛ք, - ասում են, - ես գինի կբերեմ, և մենք օղիով կհարբենք, և վաղը նույնը կլինի, ինչ որ այսօր, և նույնիսկ ավելին»։ (Սինոդական թարգ․)
56-րդ գլխի ավարտը ոչ այնքան նրա եզրափակումն է, որքան հաջորդ մարգարեական-նախատական խոսքի նախաբանը (57-59-րդ գլուխներ)։ Այս երկու համարների կապը նախորդների հետ, ակնհայտորեն, հակադրություն է ստեղծում․ եթե Իսրայելի լավագույն արմատը հեթանոսության վայրի ձիթենու հետ պատվաստվելուց հետո նորկտակարանյան Եկեղեցում հզոր և հարուստ պտուղներ տա, ապա Իսրայելի զավակների մեծամասնությունը, իրենց կույր առաջնորդների գլխավորությամբ, այդ Եկեղեցու շեմից դուրս կմնա։ Իսկ հոգեպես մռայլված Իսրայելի նմանատիպ տխրահռչակ ճակատագրի համար գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, պետք է կրեն նրա հոգևոր առաջնորդները, որոնց դեմ և, նախևառաջ, մարգարեն հարձակվում է իր սուրբ բարկության ամբողջ ուժով՝ նրանց խարազանելով ամենացայտուն պատկերների միջոցով, մի բան, որը մեզ հայտնի է նրա գրքի շատ այլ հատվածներից (Ես. 1։21-23, 5։8, 13, 18-23, 9։14-16, 10։1-2, 30։9-18, 52։5 և այլ տեղիներում)։ Այստեղ հատկապես բնութագրական են պահապանի կերպարը, որը ոչինչ չի տեսնում, քանի որ սիրում է քնել և մրափել, և պահապան շան կերպարը, որը համր է, այսինքն՝ չի կարողանում հաչել։ Նրանք անմիտ հովիվներ են, քանի որ հետապնդում են միայն իրենց անձնական հաճույքը և շահը, այլ ոչ թե միտված են հանրային հետաքրքրությունների շրջանակի պահպանությանը, էլ ուր մնաց թե՝ իրենց վստահված ժողովրդի համընդհանուր բարիքի մասին հոգ տանելուն։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել:
(Արարատ թարգ․) Նրա պահապանները կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։
(Գրաբար) Տեսէք զի կուրացան ամենեքին, եւ ոչ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ոչ կարիցեն հաջել: յերազանան յանկողինս իւրեանց. սիրեն զնիրհել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: