Եսայու մարգարեության մեկնություն 57:17

Ա. Լոպուխին

«Նրա ագահության մեղքի պատճառով Ես բարկացա և հարվածեցի նրան, ծածկեցի երեսս և վրդովվեցի, սակայն նա, շրջվելով՝ գնաց իր սրտի ճանապարհով»։ [17] (Սինոդական թարգ․)
   
   «Նրա ագահության մեղքի պատճառով Ես բարկացա և հարվածեցի նրան…» - Սլավոներեն թարգմանությունը բավականին այլ տարընթերցում է առաջարկում․ «Մեղքի պատճառով որոշ ժամանակով տրտմություն պատճառեցի նրան»։

   Ինչպես երևում է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է մեղքերի մի ամբողջ շարքից, որոնցով Իսրայելը տառապում էր և որոնցով նա մշտապես բարկացնում էր Տիրոջը, այստեղ հնչեցվում միմիայն ագահությունը։ Այս հարցի պատասխանը, նախևառաջ, Սուրբ Գրքի չափազանց խիստ տեսակետն է ագահության և ցանկասիրության վերաբերյալ։ Այսպես, օրինակ, Պողոս առաքյալն ագահությունը նույնացնում է կռապաշտության հետ (Կող․ 3։5) և արծաթասիրությունը համարում է մինչև անգամ «բոլոր չարիքների արմատը» (Ա Տիմ․ 6։10)։ Ագահության մասին այսպիսի տեսակետը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզ համար «գումարը» զգայական բարիքների և հաճույքների հոմանիշն է՝ որպես դրանք ձեռք բերելու դյուրին և ապահով եղանակ։ Գումար կուտակելու սաստիկ մոլուցքը և ագահության հանդեպ կիրքը միջոցից վերածվում են ինքնանպատակի. տիրելով մարդու հոգուն՝ այդ կիրքը կործանում է մարդու լավագույն հատկանիշները և նրան վերածում է գիշատիչ գազանի, որը կանգ չի առնում ոչ մի չարագործության առջև, որպեսզի բավարարի իրեն ներսից այրող ագահության և ցանկասիրության կրակը։ Երկրորդ հերթին, փողի և շահի հանդեպ առանձնահատուկ կիրքը, որը չի խորշում մի որևէ, նույնիսկ խավարային միջոցներից, ակնհայտորեն, մշտապես բնորոշ է եղել հրեա ժողովրդին նրա պատմության ամբողջ ընթացքում։

   «Ագահությունը հատուկ էր նաև հրեաների նախահորը՝ Հակոբի որդի Հուդային (Ծննդ․ 37։26-27): Այդ կիրքն իր սարսափելի և ամենածայրահեղ աստիճանին հասավ դավաճան Հուդայի անձի մեջ դրսևորմամբ, նրա՛, ով իր Ուսուցչին վաճառեց 30 արծաթով (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի, «Եսայի մարգարեի գիրքը», էջ 867)։ Շատ մարգարեներ են բողոքում ագահությունից, կաշառակերությունից, ցանկասիրությունից և հարուստների կողմից աղքատներին ճնշելու երևույթից՝ որպես հրեական հասարակական կյանքի սոցիալ-տնտեսական հիվանդություն (Ես․ 1։15-23, 3։5, 14-15, 5։8, 23, Երեմ․ 6։13, Եզեմ․ 7։23, Ովս․ 4։2, Միք․ 3։10 և այլ տեղիներ)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ՝ անցաւ իր ճանապարհները:
(Արարատ թարգ․) Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։
(Գրաբար) Վասն մեղաց առ սակաւ մի տրտմեցուցի զնա. հարի զնա` եւ դարձուցի զերեսս իմ ի նմանէ. եւ տրտմեցաւ եւ գնաց թախծեալ առաջի իմ զճանապարհս իւր: