Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ամէն օր իմ ձեռքը երկարեցի դէպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թէ բարի ճանապարհով, այլ իր մեղքերի յետեւից:
Ամեն օր ձեռքս երկարեցի դեպի անհնազանդ ու հակառակվող ժողովուրդը։
Սա այն է, որ մեր Տերն ասաց. «Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ, բազում անգամ կամեցա հավաքել քեզ, և չկամեցաք» (Ղուկ. 13։34): Դարձյալ, կեսօրին տարածեց Իր ձեռքերը Խաչի վրա՝ ապստամբ ժողովրդի մեջ: Կրկին, սկզբից մարգարեներին բազմիցս առաքեց մեծամեծ հրաշքներով, չնայած որի հակառակվողները չհավատացին, «այլ ոմանց սպանեցին և ոմանց քարկոծեցին և այլոց՝ այլ կերպ» (Մարկ. 12։5):
Ա. Լոպուխին
«Ամեն օր Ես Իմ ձեռքերը երկարում էի անհնազանդ ժողովրդի, որը քայլում էր ոչ բարի ճանապարհով, ըստ իրենց խորհուրդների»։ [2] (Սինոդական թարգ․)
«Ամեն օր Ես իմ ձեռքերը երկարում էի անհնազանդ ժողովրդի…» - Հետևաբար բոլորովին չհիմնավորված կերպով է, որ Իսրայելը բողոքում է, թե Տերը մոռացել է իրեն, որ «Նրա ձեռքը չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի» (Ես. 59:1): Ընդհակառակը՝ Բարձրյալն «ամեն օր Իր ձեռքերը երկարում էր անհնազանդ ժողովրդին», այսինքն՝ մշտական, սիրառատ և հուզիչ հոգատարություն էր ցուցաբերում Իսրայելի ժողովրդի հանդեպ (Ես. 50:2): Սակայն Իսրայելը համր ու խուլ մնաց Աստվածային այս կանչի հանդեպ, որի պատճառով էլ միանգամայն արդարացիորեն արժանացավ «անհնազանդ ժողովուրդ» կոչմանը (Ես. 30:1, Երեմ. 5:23, 6:28, Օս. 4:16), «որը քայլում էր չար ճանապարհով», այսինքն՝ ընթանում էր Աստծո կամքին ու օրենքին հակառակ, իր մտածումների համաձայն, կամ էլ, ինչպես մեկ այլ հատվածում արտահայտիչ կերպով նկարագրում է Եսայի մարգարեն, «տուրք տալով իր զվարճություններին» (Ես. 58:13, հմմտ. 53:6, 55:7, 56:11, 57:17 և այլ տեղիներ):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ամէն օր իմ ձեռքը երկարեցի դէպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թէ բարի ճանապարհով, այլ իր մեղքերի յետեւից:
(Արարատ թարգ․) Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ.
(Գրաբար) Զաւր հանապազ ձգեցի զձեռն իմ առ ժողովուրդն անհաւան եւ հակառակաւղ. որ գնային զճանապարհ որ ոչ էր բարւոք, այլ զհետ մեղացն իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: