Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև սա նա է, ում մասին Եսայի մարգարեն ասել է. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները»»։
   
    Իսկապես, պատկերացրո՛ւ, թե ինչպիսի զգացողություն կարող էին ունենալ մարդիկ` տեսնելով մեկին, ով անապատում երեսուն տարի բնակվելուց հետո դուրս է գալիս այնտեղից: Մեկի´ն, ով քահանայապետերից մեկի որդին էր: Եվ այս մարդը երբևէ կարիք չէր ունեցել մարդկային ճոխ պահանջմունքների բավարարման, և այս ու բոլոր առումներով արժանի էր հարգանքի: Եվ դեռ ավելին, այս բոլորից բացի Հովհաննեսն իր «մեջքի հետևում» ուներ Եսայի մարգարեին, քանի որ վերջինս նրա մասին էր հռչակել՝ ասելով. «Ահա նա, ում մասին ես մարգարեացել էի, որ նա գալու է` անապատում աղաղակելու և բարձրագոչ քարոզելու ամեն ինչի մասին»:
    Եվ իսկապես, մարգարեներն այս հարցում այնքան զգուշավոր էին, որ վաղուց ևեթ կանխագուշակել էին ոչ միայն իրենց Տիրոջ մասին, այլ նաև ա´յն մասին, թե ո´վ է լինելու Նրա սպասավորը: Այսպես, մարգարեները կանխասել էին ոչ միայն այդ սպասավորի ով լինելու, այլ նաև ա´յն վայրի մասին, որտեղ նա պետք է քարոզեր, ինչպես նաև` քարոզելու այն եղանակի մասին, որը նա (Հովհաննես Մկրտիչը) պետք է գործածեր իր քարոզության մեջ: Բացի այս ամենը` մարգարեները կանխասել էին նաև, թե ինչպիսի դրական արդյուքներ էր ունենալու Հովհաննես Մկրտչի քարոզչությունը։
Տե´ս, թե ինչպես են նրանք երկուսն էլ, այսինքն՝ մարգարեն ու մկրտողը, համաձայնվում մեկ մտքի շուրջ, թեպետ միևնույն բառերով չեն արտահայտում այդ նույն գաղափարը։ Եսային ասում է, որ Հովհաննեսի քարոզությունն այսպիսին է լինելու. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները…» (Ես. 40:3)»: Իսկ ահա ինքը՝ Մկրտիչը, երբ գալիս է քարոզելու` ասում է. «Ապաշխարության արժանի պտուղնե´ր տվեք». սա այն նույն նշանակությունն ունի, ինչ մարգարեի հետևյալ խոսքերը. «Պատրաստե´ք Տիրոջ ճանապարհը»:
    Տեսնու՞մ ես, որ թե՛ մարգարեի հնչեցրած խոսքերը, և թե՛ հենց Հովհաննեսի քարոզությունը միայն ու միայն ա´յն բանի մասին են, որ Հովհաննեսը եկել է նախապատրաստելու և ուղիղ դարձնելու դեպի Քրիստոս տանող ճանապարհը: Հովհաննես Մկրտիչը եկել էր ոչ թե շնորհներ բաշխելու, այսինքն՝ մեղքերի թողություն պարգևելու համար, այլ` պատրաստելու նրա´նց հոգիները, ովքեր պիտի ընդունեին ամենքի Աստծուն:
    Ղուկաս Ավետարանիչն էլ մեկ այլ հավելում է անում. նա մարգարեության ոչ միայն սկզբի հատվածն է մեջբերում, այլև այն հիշատակում է ամբողջությամբ. «Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան. և ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի» (Ղուկ. 3:5–6, Ես. 40:4): Տեսնու՞մ ես` ինչպես է խոսում։ Մարգարեն վաղուց ևեթ կանխասել էր ամեն բան՝ և´ ժողովրդի հոսքը, և´ իրադարձությունների ընթացքի փոփոխությունը դեպի ավելի լավը, և´ քարոզության հաջողությունը, և´ այս բոլոր իրադարձությունների պատճառը` չնայած որ այս ամենն այլաբանորեն էր արտահայտվում, քանի որ դրանք մարգարեական խոսքեր էին:
    Երբ մարգարեն ասում է` «Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն…և խորդուբորդները՝ հարթ դառնան», դրանով նա նկատի ունի, որ խոնարհները պիտի բարձրանան, իսկ հպարտները պիտի խոնարհվեն, և օրենքի ծանրությունը պիտի փոխակերպվի հավատքի թեթևությանը: Այլևս աշխատանք ու քրտինք չի լինի, - ասում է նա, - այլ կհասնի փրկության ճանապարհը դյուրինացնող շնորհն ու մեղքերի թողությունը։ Այնուհետև մարգարեն մատնանշում է նաև դրա պատճառը՝ ասելով. «Ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի», այսինքն՝ ոչ միայն հրեաներն ու նրանց հավատքն ընդունողները, այլև ամբողջ երկիրն ու ծովը և, առհասարակ, մարդկային ողջ բնությունը։ Իր այս փոխաբերական խոսքերով մարգարեն նկատի ուներ բոլոր տեսակի ապականված մարդկանց, այսինքն՝ մաքսավորներին, պոռնիկներին, ավազակներին, կախարդներին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր նախկինում ապականված էին, սակայն այնուհետև ոտք դրեցին ճշմարիտ ճանապարհի վրա, ինչի մասին Ինքը` Քրիստոս էլ էր ասում. «Մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ են գնում Աստծո արքայություն» (հմմտ. Մատթ. 21:31), քանի որ նրանք հավատում են...
Մարգարեն նույն միտքն արտահայտել է նաև այլ խոսքերով. «Այն ժամանակ գայլը գառի հետ պիտի բնակվի» (հմմտ. Ես. 11:6), «գայլն ու գառը միասին պիտի արածեն» (հմմտ. Ես. 65:25): Ինչպես այնտեղ` բլուրների և հարթավայրերի պատկերի ներքո, մարգարեն մատնանշում էր տարբեր բարքերի միավորումը մեկ ներդաշնակ մտածելակերպի մեջ, այդպես էլ այստեղ` տարբեր կենդանիներին բնորոշ հատկանիշների միջոցով պատկերելով մարդկանց տարատեսակ բարքերը, նա շեշտադրում է, որ մարդիկ նույնպես պիտի միավորվեն և միաբան պիտի լինեն բարեպաշտության հարցում: Ու այստեղ ևս մարգարեն ներկայացնում է դրա պատճառը. «Եվ այնպես պիտի լինի, - ասում է նա, - որ այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնեն Հեսսեի արմատի վրա, որը որպես նշան պիտի կանգնի ազգերի համար, և նրա հանգիստը փառահեղ է լինելու» (հմմտ. Ես. 11:10): Միևնույն պատճառը մեջբերվում է նաև այստեղ, երբ ասվում է. «Եվ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի» (Ղուկ. 3:6): Երկու դեպքում էլ նկատի է առնվում այն, որ Ավետարանի զորությունն ու իմացությունը պիտի տարածվեն աշխարհի բոլոր ծագերում, և մարդկային ցեղը գազանային բարքերից և դաժան մտածողությունից պիտի վերափոխվի դեպի հեզություն ու մեղմություն:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
   
    Որովհետև սա է նա, ում մասին ասվեց Եսայի մարգարեի միջոցով. «Անապատում բարբառի 116 ձայնն [ասում է]. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղներըե 117:

    [Եսային] այնքան նախանձախնդիր եղավ մարգարեներին, մանավանդ՝ [նրանց միջոցով խոսող] Հոգուն, որ ոչ միայն Տիրոջ մասին խոսեց, այլև նրա, ով Նրա գալստյան նախակարապետն էր լինելու, նաև անապատի, որտեղից [Կարապետը] գալու էր, և նրա քարոզության կերպի, որով սովորեցնելու էր: Եվ տես, թե ինչպե՛ս է, որ թեև մարգարեն ու Մկրտիչը խոսքով տարբերվում են, սակայն իմաստով նույն բանն են ասում: Որովհետև մարգարեն հրամայում է Տիրոջ ճանապարհները պատրաստել, իսկ Մկրտիչը՝ «Այսուհետև ապաշխարության արժանավայել պտո՛ւղ տվեք», որով, ճշմարիտ ապաշխարության միջոցով, ապաշխարողների հոգում Աստծո համար ճանապարհ է պատրաստվում: Իսկ Ղուկասը [Մկրտչի] մասին Եսայու ոչ միայն այս, այլև ամբողջ մարգարեությունն է մեջբերում իր շարադրանքում. «Բոլոր ձորերը կլցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները կխոնարհվեն, դժվարինը դյուրին կդառնա, առապարները՝ հարթ ճանապարհներ, և ամեն մարմին կտեսնի մեր Աստծո փրկությունը» (Ես. 40։4-5, Ղուկ. 3։5-6):

    Արդ՝ Հոգին «անապատում բարբառի ձայնե է կոչում նրան, որովհետև ինչպես ձայնն ու խոսքը նախքան արտաբերվելը ծածկված են մտքում և երբ արտաբերվում են, նախ ձայնն է դուրս գալիս, ապա խոսքը՝ հետևում, այդպես էլ Հովհաննեսն ու Տերը Հոր գիտության մեջ՝ ասես մտքում, երեսուն տարի ծածկված մնացին աշխարհի համար: Եվ երբ Հայրը կամեցավ Որդուն հայտնի դարձնել, նախ անապատից ուղարկեց Հովհաննեսին՝ իբրև ձայն, որպեսզի արթնացնի լսողներին: Իսկ երբ ձայնը լսվեց, այնուհետև եկավ Խոսքը, որպեսզի նոր օրենք սահմանի լսողների համար: Այս պատճառով էլ [մարգարեն] չի կոչում [Հովհաննեսին] լոկ «ձայն», այլ՝ «բարբառի՛ [ձայն]», որով նկատի ունի հոդավոր խոսքը. որովհետև ձայնը Հովհաննեսն է, իսկ բարբառը՝ Քրիստոսը: Իսկ ի՞նչ է անապատից [եկած] Ձայնն ասում.

    Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհները:

    Ինչպես որ երկրավոր թագավորների առաջ են անհարթություններից մաքրում ճանապարհները, այդպես մաքրեք դուք էլ, ասում է, ձեր հոգու ճանապարհը մացառուտ մեղքերից, որպեսզի երկնավոր Թագավորը, որ գալու է, ձեր միջով խաղաղությամբ ընթանա, որովհետև աշխարհային զբաղմունքներից անապատացած [մարդու] հոգում, թեկուզ նա լուռ նստի էլ, թնդում է աստվածային խոսքի ձայնը: Իսկ անճանապարհ անապատ հոգում Աստծո խոսքը չի ընթանում, և նա, ում հոգու շավիղն ուղիղ չէ, չի կարող տանել Քրիստոսին:

    [Մարգարեն] «ճանապարհ» է կոչում նաև մարմնավոր առաքինությունները՝ աղոթքը, պահքը և մնացածները, իսկ «շավիղ»՝ հոգևոր հայեցողությունը, որը [ձեռք է բերվում] մաքրությամբ ու իմաստությամբ, որոնցով դառնում ենք Աստծո Հոգու օթևան:

    Մարգարեաբար ցույց է տալիս նաև ճանապարհի պատրաստման եղանակը: «Բոլոր ձորերը կլցվենե,– ասում է: «Ձորե է կոչում բարի գործերից աղքատ անձանց և նրանց, որ գլորվել են ներքև՝ մեղքերի մեջ, և դրանք լցնել է հրամայում արդարությամբ, որպեսզի Աստված կարողանա ընթանալ: Իսկ «լեռ» և «բլուր» է կոչում  Հպարտացածի 118իշխանությունը, որը [Տերը] խոնարհեցրեց ու կոխոտեց ոչ միայն Իր, այլև Իրեն հավատացողների համար: «Լեռե է կոչում նաև կռապաշտությունը, և «բլուր»՝ զանազան մեղքերը:

    Գրաբ. «բարբառը նշանակում է մարդկային ձայն, խոսք: Թարգմանության մեջ անհրաժեշտ նկատվեց պահել գրաբարյան բառը, քանի որ հետո Շնորհալին հենց այդ բառն է մեկնելու: Ես. 40։3  Այսինքն՝ սատանայի:

    «Դժվարինը դյուրին [կդառնա]ե, այսինքն՝ [Տերն] այն առաքինությունները, որոնք նախկինում դժվար էին թվում մարմնասերներին, քաղցր ու դյուրին դարձրեց գալիք [բարիքների] հույսով: Նաև՝ Օրենքի դժվարությունը փոխվեց մեր հավատքի դյուրությանը. որովհետև մեղքերի թողությունը եղավ ոչ թե քրտինքով ու ջանքով, այլ շնորհով ու ողորմությամբ: Այլև՝ խառնակեցիկ 119 դժվարին կյանքը [Տերը] վերածեց արդարության դյուրին կյանքի, ինչպես և եղավ, որովհետև մաքսավորներն ու պոռնիկները հրաժարվեցին ապականված վարքից և եկան դեպի ուղիղ ճանապարհները:

    «Առապարները 120՝ հարթ ճանապարհներ»: Կուսությունը, արյամբ նահատակությունը և ամեն տեսակ ժուժկալություն, որ նախապես անկոխ էին մարդկանց ընթացքում, այժմ, որպես հարթ ճանապարհ, դյուրագնալի դարձան, և նրանցով շատերն են ընթանում:

    «Եվ ամեն մարմին կտեսնի մեր Աստծո փրկությունըե: Ոչ միայն հրեաները, այլև մարդկային բոլոր ցեղերը կտեսնեն աշխարհի փրկությունը՝ այն, որ Որդին ուղարկվեց Հորից: «Մարմինե է կոչում [Սուրբ] Հոգու շնորհի [տվչությունից] առաջ եղած [մարդկանց]՝ ըստ այս խոսքի. «Իմ Հոգին չի բնակվի այդ մարդկանց մեջ, քանի որ մարմին են դրանք» (Ծննդ. 6։3): Իսկ երբ տեսան Աստծո փրկությունն ու հավատացին [դրան], [Սուրբ] Հոգով հոգիացան:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
   
    «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղղեցե՛ք նրա շավիղները»:

    Ձայնը Հովհաննեսինն է, կանչողը՝ Քրիստոս: Երկիրը դեռևս շեղված էր աստվածպաշտությունից: Քանի որ ինչպես ձայնի միջոցով խոսքն ու կանչն ենք ըմբռնում, նույնպես և Հովհաննեսի միջոցով ըմբռնում ենք Աստծու խոսքը և կյանքի կանչը:

    «Անապատում կանչողի ձայնը»

    Հոգիներո՛ւմ, ուր անապատ է մարդկային զբաղմունքների և խռովությունների պատճառով ու Աստծուց մեկուսի, համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Եղա, ինչպես մեկուսի ճնճղուկ տանիքում» (Սաղմ. 101։7): Հովհաննեսը ձայնով մեկ գոչում էր, թեպետև երևելիների նման չէր աղաղակում, ինչպես Քրիստոսի համար է ասվում. «Կանգնած աղաղակում էր», ինչպես նաև Մովսեսի համար էր ասում Աստված. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք 14։15): Նաև Դավիթն է ասում. «Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի» (Սաղմ. 76։2):
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Որովհետև սա Նա է, Ում մասին ասել է Եսայի մարգարեն. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները»»։ (Սինոդական թարգ․)[3]
   
    (Հմմտ. Մարկ. 1:2-3, Ղուկ. 3:4-6): Խոսքերի միջև առկա իմաստային կապը լիովին պարզ չէ: Հովհաննեսը ժողովրդին ապաշխարություն էր քարոզում, քանի որ մոտեցել էր Երկնքի Արքայությունը, ու որովհետև նա, այսինքն՝ Հովհաննեսը, հենց այն մարդն էր, որը պետք է քարոզեր այդ մասին (կամ` ում մասին այստեղ խոսվում է), և այդպես շարունակ….
Այստեղ կիրառված արտահայտությունների որոշակի անհասկանալիության և անորոշության պատճառով 3-րդ համարի խոսքերը բացատրվում են 2-րդ համարի հետ հարաբերակցությամբ` մոտավորապես այսպես. Հովհաննես Մկրտիչը գալիս է` ասելով. «Ապաշխարե՛ք...որովհետև սա նա է (նկատի է առնվում, որ Հովհաննեսն ինքն իր մասին է խոսում), ում մասին ասել է Եսայի մարգարեն», և այդպես շարունակ….
    Այլ կերպ ասած` ավետարանիչը 2-րդ համարում բառացիորեն մեջբերում է Հովհաննեսի ուղղակի խոսքը, իսկ ահա 3-րդ համարում՝ դարձյալ նրա (Հովհաննես Մկրտչի) խոսքը, սակայն արդեն փոխանցված իր (ավետարանչի) խոսքերով (հմմտ. Հովհ. 1:23): Այսօրինակ բացատրությունը մերժվում է նորագույն շրջանի քննադատների կողմից, որոնք ասում են, թե` «սա նա է…», և այլն, խոսքերը պատկանում են ոչ թե Հովհաննեսին, այլ հենց ավետարանչին։
    Ինչ վերաբերում է «γάρ» (որովհետև, քանի որ) արտահայտությանը, ապա այն գործածվում էր Հովհաննեսի ասած խոսքերին ավելի մեծ կշիռ հաղորդելու նպատակով։ Ավետարանիչն ասես կամենում է այսպես ասել. եթե մի ինչ-որ հասարակ մարդ սկսեր ժողովրդին քարոզել և ասել` «ապաշխարե՛ք...», ապա այդ մարդու խոսքերը ոչ մի նշանակություն չէին ունենա, և ոչ ոք ուշադրություն չէր դարձնի դրանց։ Հետևաբար` այս խոսքերը կարևորվում են, քանի որ դրանք արտաբերող Եսայի մարգարեի կողմից կանխագուշակված անձն էր: Այդպիսով, «որովհետև» բառը ցույց է տալիս «այն պատճառը, թե ինչու Հովհաննեսն ասպարեզում պետք է հայտնվեր ճիշտ այն կերպ, ինչպես պատկերված է 1-ին և 2-րդ համարներում. այդ ամենի պատճառն այն էր, որ հենց այդպես էր կանխագուշակված մարգարեի շուրթերով» (Բենգել)….
    «Ում մասին ասել է Եսայի մարգարեն» - բառացիորեն` «սա նա է, ում մասին ասվում է Եսայի մարգարեի միջոցով («διά» - ըստ որոշ տարընթերցումների), որն ասում է…»: Եսայի մարգարեի խոսքերը (40:3) գրեթե բառացիորեն մեջբերվում են ըստ Յոթանասնից թարգմանության` գեթ այն տարբերությամբ, որ վերջին` «ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները» բառերի փոխարեն Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է. «ուղի՛ղ դարձրեք մեր Աստծո շավիղները»: Եբրայերենում այլ կերպ է. «Աղաղակող ձայն. անապատում ճանապա´րհ բացեք Տիրոջ համար, տափաստանում (անապատում) ուղի՛ղ դարձրեք մեր Տիրոջ ճանապարհը»….
    «Անապատում կանչողի ձայնն է» - թե որքանով են Եսայի մարգարեի այս խոսքերն առնչվում հրեաների` բաբելոնյան գերությունից վերադարձի հետ, դա տարակուսելի հարց է։ Սակայն եթե, ամեն դեպքում, այդ առնչությունն առկա է, մարգարեի համար ի՞նչ էր նշանակում այս «կանչողի ձայնը»: Մարգարեն ի՞նչ իմաստով էր հասկանում այս արտահայտությունը: Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ 40-66-րդ գլուխները վերաբերում են, այսպես կոչված, «Երկրորդ Եսայի» մարգարեին, որն ապրել է գերության ժամանակահատվածում կամ էլ դրանից հետո, ու եթե ենթադրենք, որ դա հայտնի էր ավետարանչին, ապա կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ինչ են նշանակում «անապատում կանչողի ձայնը» խոսքերը: Մարգարեն խորհում է Իսրայելի` գերությունից վերադարձի մասին, և դրա հետ մեկտեղ, կարծես թե, մտապատկերում է Տիրոջ` Իսրայելի Թագավորի վերադարձը Երուսաղեմ: Տերը Բաբելոնը Պաղեստինից տարանջատող անապատի միջով պատգամաբեր է ուղարկում, որպեսզի վերջիններս տեղեկացնեն Իր գալստյան մասին, և միաժամանակ հրամայում է, որ ճանապարհ պատրաստեն Իր համար և ուղղեն ա´յն ճանապարհը, որով Նա գնալու է: Այդ պատգամաբերներից մեկն էլ «անապատում կանչողի ձայնն» էր` «φωνὴ βοῶντος ἐν τῇ ἐρήμῳ»։ Հովհաննեսի քարոզչության հետ համեմատությունն այստեղ, ինչպես երևում է, ամբողջական է։
    Իսկ ինչպե՞ս պետք է հասկանալ բուն այս «կանչողի ձայնը» արտահայտությունը: Արդյո՞ք Հովհաննեսը անապատում կանչող (լաց եղող) մեկ այլ մարդու ձայնն էր միայն, թե՞ հենց իր` Հովհաննեսի ձայնն էր «կանչում» (լաց լինում)։ Ղուկասի Ավետարանի 3։2-րդ համարի հետ համեմատությամբ (ուր ասվում է, որ «Աստծո խոսքը լսելի եղավ Հովհաննեսին…»), ըստ երևույթին, հարկ է ենթադրել, որ ինքը` Հովհաննեսը, անապատում աղաղակող Աստծո ձայնն էր գեթ։ Սակայն Ղուկասը գործածում է ոչ թե «φωνή»-«ձայն», այլ` «ῥῆμα»-«խոսք», «ելույթ» բառը: Այնուհետև` հաջորդող համարում, Ղուկասը մեջբերում է Եսայու մարգարեության 40։3-րդ համարի միևնույն խոսքերը՝ նկարագրելով այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Աստծո խոսքի` «Հովհաննեսին լսելի լինելուց» հետո։ Եվ, վերջապես, որոշակիորեն տարօրինակ կթվար ավետարանիչների շուրթերից լսել «անապատում կանչող Աստծո ձայնը. պատրաստե´ք Աստծո ճանապարհը» խոսքերը: Նկատի ունենալով այս հանգամանքները՝ մենք պետք է «կանչողի ձայնը» այս երկու բառերն էլ վերագրենք հենց իրեն` Հովհաննեսին: Նա և՛ ձայնն էր, և՛ այն մարդը, որը հնչեցնում էր այդ ձայնը:
«Անապատում» - թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյական առումով։ Հովհաննեսը քարոզում էր ֆիզիկական անապատում, սակայն նրան մոտեցող մարդիկ իրենցից բարոյական անապատ էին ներկայացնում: Խոսքի իմաստը այս երկակիությունը դրսևորվում է նաև հետագայում՝ «ուղի՛ղ դարձրեք Նրա շավիղները» խոսքերում։ Յոթանասնից թարգմանության մեջ Եսայու մարգարեության 40:3-րդ համարում կիրառվում է «Տիրոջ» բառը, ինչը ցույց է տալիս, որ այստեղ խոսքը ճանապարհների հասարակ վերանորոգման կամ մի սովորական թագավորի ճանապարհորդության ժամանակ ճանապարհներն ուղղելու մասին չէ, քանի որ Աստված նմանօրինակ որևէ բանի կարիք չունի: Ուստի ճշմարիտ է այն նկատառումը, որ այստեղ «ճանապարհներ» և «շավիղներ» բառերի ներքո հասկացվում են մարդկանց հոգիները….

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
(Արարատ թարգ․) Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ արեք նրա շավիղները»» ։
(Գրաբար) զի սա՛ է՝ վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայայ մարգարէի, որ ասէ. Ձա՛յն բարբառոյ յանապատի, պատրա՛ստ արարէք զճանապարհ Տեառն, եւ ուղի՛ղ արարէք զշաւիղս նորա: