ԻՍՐԱՅԷԼԸ ԲԱԺԱՆՈՒԱԾ ՉԷ ԻՐ ՏԻՐՈՋԻՑ
1. Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ: Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրէնութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը:
2. Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու: Ահա իմ կշտամբանքով կը ցամաքեցնեմ ծովը, կը չորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կը չորանան նրանց ձկները ու կը սատկեն ծարաւից:
3. Խաւար կը հագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կ՚անեմ հագուստ»:
ԾԱՌԱՆ ԱՊԱՒԻՆՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՕԳՆՈՒԹԵԱՆԸ
4. Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ:
5. Տիրոջ խրատը կը բացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ:
6. Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից:
7. Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար: Գիտեմ, որ չեմ ամաչելու,
8. քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ: Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ.
9. քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ: Ահա դուք բոլորդ, ինչպէս ձորձեր, պիտի հնանաք, ցեցն ու որդը պիտի ուտեն ձեզ:
10. Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը: Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստուծով:
11. Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով ու պիտի բորբոքուէք բոցով: Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: