Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Որովհետև նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնում»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:30
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Եվ ով Մարդու Որդու դեմ բան ասի, կներվի նրան, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում:
Կրկնելով ամրապնդում է արդեն [ասածը] և նախ սա՛ նկատի ունի. համարենք, թե Ինձնից գայթակղվում եք մարդկային մարմնիս մսապատ լինելու պատճառով. իսկ [Սուրբ] Հոգու մասին մի՞թե պատճառ ունեք [ասելու]. «Չգիտենք Նրան»: Որովհետև հայտնապես գիտեին, բայց ասես չճանաչելով՝ հանդգնություն էին գործում, քանի որ թեպետ [Հիսուսին Աստված] չէին համարում, սակայն Նրա գործերը պետք էր, որ [Սուրբ] Հոգունը համարեին մարգարեներից տեղեկացված լինելու և հրաշքների պատճառով: Ուրեմն ով [Քրիստոսի] դեմ խոսում է իբրև մարդու որդու մասին, ունի ներում, ինչպես շատերը և ի վերջո՝ առաքյալների գլուխը (Մատթ. 26։69-75), բայց ով Աստծո Հոգուն «դևերի իշխան» է կոչում, Նրա հայտնի լինելու պատճառով անխուսափելի դատաստանի կենթարկվի թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, ուստի [Տերն] ասում է. «Չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում»: Որովհետև կան մարդիկ, որ տանջվում են թե՛ այստեղ, թե՛ այնտեղ, ինչպես սրանք և սոդոմացիները՝ թե՛ քաղաքի պաշարման ժամանակ, թե՛ այնտեղ՝ անխափան գեհենում: Եվ կան այնպիսիք, որ միայն այնտեղ [են տանջվում], ինչպես [առակի] հարուստը (Ղուկ. 16։19-31), կան էլ՝ որ [տանջվում են միայն] այստեղ, ինչպես Կորնթոսում պոռնկացածը (Ա Կոր. 5։1-5), և կան՝ որ ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ [չեն տանջվում], ինչպես նախահայրերը, առաքյալներն ու մարգարեները, որովհետև թեպետ փորձությունների ենթարկվեցին, բայց ո՛չ տանջվելու համար, այլ պատերազմներում քաջություն ու առաքինություն ցուցաբերելու, ինչպես Հոբն ու Ղազարոսը:
Քանի որ [Տիրոջ դեմ խոսողները] Նրան հաղորդակից դարձրին դևերին, դևերի հե՛տ բաժին կընդունեն՝ զրկվելով Նրա շնորհից ու դիվանալով, որովհետև դևերը խոստովանում էին. «[Գիտենք Քեզ], թե ով ես՝ Աստծո Սո՛ւրբը» (Մարկ. 1։24), իսկ նրանք ասում էին. «Պիղծ ոգի կա Նրա մեջ» (Մարկ. 3։30), ինչ պատճառով և դևերի անեծքն ընդունեցին. որովհետև դևերը ոչ այստեղ քավություն ունեն, ոչ այնտեղ, նույնիսկ եթե ապաշխարեն, ինչպես և Հուդան, ով անժամանակ [զղջաց] (Մատթ. 27։4):
Երկրորդ՝ երբ մեկը Տիրոջ մարմնի և արյան խորհրդին, որը Նա ավանդեց Եկեղեցուն, գործերով անարժան լինելով է մոտենում և հետո զղջալով ապաշխարում է, [Տերն] Իր մարդասիրության պատճառով կների նրան այս կյանքում: Բայց ով կատարյալ Սուրբ Երրորդության անձերի վերաբերյալ մոլորություն է ներմուծում [Եկեղեցի] և Սուրբ Հոգին կոչում «արարած», «ծառա» և «սպասավոր», պիղծ Մակեդոնի պես հայհոյում է Արարչին (քանի որ Մեկի վերաբերյալ հայհոյությունը վերաբերում է Երեքին՝ Նրանց մեկ բնություն ունենալու պատճառով) և Հոգու դեմ հայհոյությամբ Հորն ու Որդուն անկենդան է դավանում, ուստի թողություն չի գտնում՝ իրեն հեռացնելով Սուրբ Երրորդության ճշմարիտ խոստովանությունից, ինչը բոլոր տանջանքներից էլ ծանր է՝ ըստ այսմ. «Ովքեր իրենց հեռացրին Քեզնից, կորստյան կմատնվեն» (Սաղմ. 72։27):
Երրորդ՝ եթե մեկն իր եղբորը [բարի] գործի մեջ փութաջան է տեսնում, սիրո, երկայնմտության, քաղցրության, բարի նախանձի մեջ, և նրան կոչում «սնապարծ», «բարկացող» ու «փառասեր»՝ [Սուրբ] Հոգու պտուղները վերագրելով հակառակորդին, այդպիսին Աստծո Հոգուն հայհոյող է, ուստի թողություն չի գտնում, ինչպես [հրեա] օրենսգետներն ու փարիսեցիները:
Չորրորդ՝ եթե մեկն ուղղափառ քրիստոնյա ազգերի արարողությունների զանազան ձևերը, տեսնելով կամ լսելով, անընտելության պատճառով պախարակում է, Սուրբ Հոգուն է չարախոսում, որովհետև Հոգու շնորհն է, որ զանազան ազգերի ու Եկեղեցիների մեջ տարատեսակ նյութերով է խորհուրդը կատարում: Ինչպես որ Հին [ուխտում] անբան [կենդանիների] արյունը երինջների մոխրին խառնելով ու ծոթրինե մշտիկով սրսկելով էին մաքրագործում ժողովրդին Աստծո Հոգու շնորհով, այդպես էլ այժմ զանազան ձևերով, ճշմարիտ [դավանությամբ կատարված] ձեռնադրությամբ և այլատարազ ավանդություններով [Սուրբ Հոգին] ազգերի մեջ նույն գործն է կատարում հավատքի միջոցով՝ ըստ առաքյալի (Ա Կոր. 12։11): Հետևաբար, ով անդուռ բերանով նախատում է [որևէ] ազգի ավանդությունը՝ կարծելով, թե Հոգու զորությունը տկար է և նյութի կարիքն ունի, այդպիսին Աստծո բարկության անխուսափելի դատաստանին է մատնվում՝ մարմնով ու հոգով անվախճան տանջանքներին: Ուստի աղաչում եմ, եղբայրնե՛ր, միմյանց մի՛ նախատեք՝ աննշան բաների համար բանակռիվ տալով:
[Տերն այս խոսքը] նաև պարզապես հիշոցների մասին է ասում, որոնցով քրիստոնյաները հայհոյում են միմյանց՝ չիմանալով, որ [Սուրբ] Հոգուն են հայհոյում, քանի որ ովքեր Քրիստոսով են մկրտվել, [Սուրբ] Հոգին են առել և Քրիստոսի մարմին դարձել, ուստի ինչ [հայհոյանք] էլ որ մեկը տալիս է ողջ կամ մեռած մարդու, հայհոյանքն [ուղղվում] է [Սուրբ] Հոգուն և աններելի մեղք է:
Բայց այստեղ տարակուսանք է հարուցում, թե [Տերն] ինչպե՞ս մեղքը չի ների, եթե մեկն ապաշխարի, մանավանդ որ ասել է. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ դարձը» (հմմտ. 4 զեկ. 18։32), հատկապես որ այդ բաներն ասած [մարդկանցից] շատերը հավատով ապաշխարել են և արդարացել: Արդ՝ կամ Դատավորը չի ներում, որպեսզի ցույց տա, թե որքան ծանր է այս հանցանքը, կամ եթե ներում է, ցույց տա, թե որքան մեծ է Իր բարերարությունը: Նաև՝ եթե չի ներում ապաշխարելու դեպքում, [պատճառն այն է], որ նրան, ով բռնված է հայհոյության դևով, [վերջինս] թույլ չի տալիս [իսկապես] ապաշխարել, ուստի [Տերը] սա ասաց՝ կանխատես զորությամբ իմանալով այսպիսիների անդարձությունը: Իսկ այնտեղ չի ներվելու, որովհետև չի [ներվում] այստեղ, քանի որ ինչ որ այստեղ է կապվում, [կապվում է] նաև այնտեղ, և ինչ որ այստեղ է արձակվում, [արձակվում է] նաև այնտեղ:
«Ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ [հանդերձյալում]»:
Սուրբ Հոգու հայհոյիչ են նաև նրանք, ովքեր անզեղջ են մեռնում՝ ոչինչ համարելով Հոգու վարդապետությունը, որ խրատում է մեղքերից հեռանալ: Այսպիսիները երբ մեռնում են, թողություն չունեն այս աշխարհում, որովհետև չխոստովանեցին [մեղքերը]:
[Այս խոսքը] ցույց է տալիս, որ կան մեղքեր, որ ներվում են և՛ այստեղ, և՛ այնտեղ: Որո՞նք են դրանք: Ովքեր խոստովանում և ապաշխարում են, այստեղ են թողություն ստանում, իսկ ովքեր միայն խոստովանում են և անապաշխար մեռնում, թողություն են ստանում աղոթքների ու եկեղեցում կատարվող պատարագների միջոցով, ինչպես ասել ենք 1: Նաև՝ թեպետ ամեն մեղք Աստծո դեմ է, Ով Երեք է և Մեկ, սակայն որոշներ հատկապես Հոր դեմ են, որոշներ՝ Որդու, և որոշներ՝ Սուրբ Հոգու: Հոր դեմ մարդ մեղանչում է տկարությամբ, Որդու դեմ՝ տգիտությամբ, քանզի Հայրն իշխանություն է, Որդին՝ իմաստություն: Ուստի իշխանության դեմ մարդ մեղանչում է տկարությամբ, իմաստության դեմ՝ տգիտությամբ, և թեպետ մեղքեր են, բայց ներվում են, որովհետև մեկն իբրև պատճառ ունի տկարությունը, մյուսը՝ տգիտությունը: Իսկ Սուրբ Հոգու դեմ մարդ մեղանչում է նենգությամբ, երբ կարող է ու գիտի հակառակել չարին, բայց նենգությամբ ընտրում է միայն այն և [կեղծ] բարու տակ չարն է գործում. Քրիստոսն այսպես [մեղանչողների] մասին ասաց, որ չեն ներվի:
[Հոգու դեմ հայհոյությունը Տերն] աններելի է ասում նաև, որովհետև [Սուրբ] Գրքում ոչ մի տեղ չենք կարդում, թե ներվել է, ինչպես որ Մելքիսեդեկն «անհայր» ու «անմայր» է ասվում
Այլև «չի ներվի» խոսքը երկու կերպ [կարելի է հասկանալ]: Երբեմն՝ թե չի ներվի, ինչպես հրեշտակների ու կորստյան մատնված մարդկանց մեղքերն են աններելի, երբեմն էլ՝ [այդ մեղքը] նրանով է աններելի, որ իր մեջ ներման պատեհություն չունի, թեպետ ըստ Աստծո պատեհության՝ ամեն մեղք ներելի է: Բայց ամեն մահուչափ մեղք աններելի է, որովհետև հակառակում է մեղքերը ներող շնորհին, և սա լինում է վեց պատճառով, որոնք Սուրբ Հոգու դեմ մեղքերի տեսակներ են: Առաջինն անհուսությունն է, երկրորդը՝ լրբությունը, երրորդը՝ ճշմարտությունն իմանալն ու հակառակելը, չորրորդը՝ եղբայրական սիրո դեմ [չար] նախանձը, հինգերորդ՝ խստասրտությունը, վեցերորդը՝ անապաշավ մեռնելը: Իսկ այս թվաքանակի պատճառը հետևյալն է: Թողության համար երեք դեմք է հարկավոր՝ ներողը, նա, որին ներվում է, և այն, ինչի պատճառով ներվում է: Ներող են երկուսը՝ ողորմությունն ու արդարությունը. ողորմությունը՝ ձրի, արդարությունը՝ ըստ գործերի. և սրանց դեմ են անհուսությունն ու լրբությունը: Նրանք, որոնց ներվում է, նույնպես երկուսն են՝ գործերի համար զղջումը և ապագայի համար զգուշությունը. առաջինի դեմ է խստասրտությունը, երկրորդի դեմ՝ անապաշխարությունը: Երկուսն են նաև նրանք, որոնց պատճառով է ներվում՝ ճշմարտության գիտությունը և բարու հանդեպ սերը. առաջինի դեմ է հակառակությունը, երկրորդի դեմ՝ շնորհի աղբյուրի հանդեպ [չար] նախանձը:
Սա՛ է «Չի ներվի նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ հանդերձյալում» խոսքի [բացատրությունը]:
--------------------------------
1 Ծործորեցու այս երկը հետագա արտագրողների կողմից տեղ-տեղ ենթարկվել է խմբագրման, և ոչ միշտ է հստակ, թե ի սկզբանե ինչն է գրված եղել նրա կողմից, ինչը՝ ավելացվել կամ կրճատվել: Որոշ ձեռագրերում՝ գրված ավելի ուշ, քան 2009 թ. հրատարակության համար գործածված ՄՄ թիվ 2687 ձեռագիրը (1476թ.), այս հատվածում հանդիպում ենք քավարանի մասին խոսքերի, որոնց և հղում է կատարվում այս նախադասության մեջ «ինչպես ասել ենք» խոսքով: Այս մասին ժամանակին գրել է հ. Ներսես Տեր-Ներսեսյանը («Պատարագ վասն ննջեցելոց», գլ. 12. «Յովհաննէս Երզնկացի-Ծործորեցի». «Բազմավէպ» 1960, մայիս-յունիս, էջ 114-124)՝ նման խմբագրության համար հանիրավի մե-ղադրելով 1825 թ.-ի հրատարակությունն իրականացնողներին, թեպետ վերոհիշյալ ձեռագրի հետ համեմատությունը ցույց տվեց, որ խմբագրությունը կատարվել է դարեր առաջ, համենայն դեպս ոչ ուշ, քան 1476 թվականը, և 1825 թ.-ի հրատարակությունն իրականացնողներն այդ խմբագրության հետ ոչ մի կապ չունեն: Սակայն քանի որ հստակ է, որ այս հատվածում ինչ-որ բան այնուամենայնիվ եղել է և ապա խմբագրության հետևանքով անհարմար կրճատման ենթարկվել, մենք այս մասը համեմատեցինք նաև ՄՄ ձեռ. 1279-ի հետ, որն ուշ շրջանի՝ ԺԷ դարի ձեռագիր է, սակայն ունի քավարանի մասին Տեր-Ներսեսյանի նշած խոսքերը: Անշուշտ, Ծործորեցին, լինելով միարարական շարժման ջատագովներից, կարող էր գրած լինել նաև քավարանի մասին, որն ընդունելի չէ Հայոց և այլ Արևելյան Եկեղեցիների կողմից, ինչի պատճառով և քավարանի մասին խոսքերը կարող էին հետագայում ջնջվել այս երկից: Այստեղ ներկայացնում ենք ԺԷ դարի նշված ձեռագրում եղած տարբերակը (էջ 159բ)՝ թարգմանաբար և ընդգծելով տարբերությունները: «Սուրբ Հոգու հայհոյիչ են նաև նրանք, ովքեր անզեղջ են մեռնում՝ ոչինչ համարելով Հոգու վարդապետությունը, որ խրատում է մեղքերից հեռանալ: Այսպիսիները երբ մեռնում են, թողություն չունեն այս աշխարհում, որովհետև չխոստովանեցին [մեղքերը], ոչ էլ այն աշխարհում, որովհետև ոչ սակավ են տանջվում կրակով քավարանում և այստեղ պատարագներով ու ողորմություններով հիշատակության շնորհիվ ազատվում են կրակից ու մտնում արքայություն, և սա՝ նախքան համընդհանուր դատաստանն ու աշխարհի վախճանը, իսկ վճռից հետո կյանքն ու տան ջանքը անեզր են, ինչպես ասաց Քրիստոսը: Սա է ասելը. «Չի թողնվի ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում: Որովհետև ասելը, թե ոչ այստեղ, ոչ այնտեղ թողություն չունի Հոգուն հայհոյողը, ցույց է տալիս, որ կան մեղքեր, որ ներվում են և՛ այստեղ, և՛ այնտեղ: Որո՞նք են դրանք: Ովքեր խոստովանում և ապաշխարում են, այստեղ են թողություն ստանում, իսկ ովքեր միայն խոստովանում են և անապաշխար մեռնում, այնտեղ քավարանում են մաքրվում, ինչպես ասել ենք»:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:31
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: