Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Տերն ահարկու պիտի լինի նրանց համար, որովհետև Նա պիտի կործանի երկրի բոլոր աստվածներին, և Նրան պիտի երկրպագեն ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղից»: (Սինոդական թարգ․)[11]
   
   11−րդ համարը, համաձայն Սոփոնիա մարգարեի գրքի հիմնական գաղափարի՝ Աստծու դատաստանի համընդհանուր լինելու և այն երկրի բոլոր ազգերի վրա տարածվելու մասին (տե՛ս Սոփ. 1:2-3), ցույց է տալիս այդ դատաստանի ներքին իմաստը և վերջնական նպատակը: Այս իմաստը և նպատակը կայանում են նրանում, որ հեթանոս ազգերին ցույց տրվի իրենց աստվածների ոչնչությունը և հավատալիքների անհիմն լինելը, իսկ հետո նրանց մղել միակ Տեր Աստծու աստվածային ամենազորության ճանաչմանը, խոստովանությանը և ճշմարիտ աստվածպաշտությանը:
   Համարի առաջին բառը՝ «նորա» (ահարկու) (Վուլգաթայում՝ «horribilis»), Յոթանասնիցում այլ կերպ է թարգմանված՝ «έπιφανήσεται» (սլավ.՝ «явится»): Ակնհայտ է, որ Յոթանասնիցի թարգմանիչները եբրայերեն բնագրում ընթերցել են «նիրա» (կհայտնվի): Դժվար է որոշել, թե այս երկու ընթերցումներից որն է ավելի ճիշտ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր զուգահեռները (եբրայերենը՝ հմմտ Սաղմ. 64:6 /65:5/, 94:4 /95:4/, հունարենը՝ Ես. 60:2): Այս տարընթերցումներից համարի իմաստի էական տարբերություն չի առաջանում. երկու դեպքում էլ այստեղ խոսվում է աստվածային արդարության դրսևորման մասին՝ նախևառաջ նախորդ համարներում հիշատակված, ապա նաև աշխարհի մյուս ազգերի առնչությամբ:
   Հեթանոսների նկատմամբ Աստծու դատաստանի դրսևորման ողջ էությունը, ողջ իմաստը և ողջ նպատակը արտահայտված են հետևյալ բառերով՝ «կի ռազա էթ−կալ−էլոհե-հաարեց» (քանի որ Տերը կկործանի երկրի բոլոր աստվածներին), (Վուլգաթա՝ «attentuabit omnes deos terrae», Յոթանասնից՝ «ἐξολοθρεύσει πάντας τούς θεούς τῶν ἐθνῶν της γῆς», սլավ.՝ «потребит вся боги языков земных» (կկործանի երկրի բոլոր հեթանոս ազգերի աստվածներին)): Հունարեն և սլավոներեն տեքստերում «ազգեր» բառի ավելացումը, ըստ ոմանց, նպատակ ունի կանխել այն միտքը, թե իբր մարգարեն ճանաչում է այլ աստվածների գոյությունը: Հեթանոս աստվածների նկատմամբ այս պատիժն ընկալելու համար կարող է զուգահեռ ծառայել Ելք. 12:12-ը, որը խոսում է եգիպտական աստվածների հանդեպ Տեր Աստծու դատաստանի մասին (Ես. 19:1–4. Սաղմ. 81:7): Յուրաքանչյուր ազգ իր աստծուն կամ աստվածներին ներկայացնում էր որպես միայն իր հովանավոր և հենց այդ աստվածների հետ էին կապում իրենց ամբողջ ազգային զորությունը: Ոչնչացնել հեթանոսների աստվածներին նշանակում է բացահայտել իրենց երկրպագողներին օգնելու գործում նրանց լիակատար անզորությունը, ինչպես նաև ցույց տալ նրանց կատարյալ ոչնչությունը: «Քանի որ նրանք իրենց աստվածներին ամենազորության փառք էին վերագրում, ուստի «Տերը պիտի հայտնվի նրանց», այսինքն՝ նրանց բոլոր աստվածներին ոչնչացնելով՝ պիտի ցույց տա Իր սեփական զորությունը: Քանզի նրանց տաճարները քանդվել և ընկել են Իսրայելի ձեռքով, և պարզվել է, որ հաղթված ազգերի ձեռակերտ կուռքերն ամենուր և յուրաքանչյուր ազգի մոտ իսկապես մարդու ձեռքի գործ են եղել: Ուստի, ո՞ւր է աստվածների զորությունը, կամ ինչպե՞ս կարող են ուրիշներին փրկել նրանք, ովքեր ի վիճակի չեն օգնել իրենք իրենց» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 362-363):
   Հեթանոսների կողմից իրենց աստվածների ոչնչությունը գիտակցելու հետևանքը կլինի Տեր Աստծուն որպես միակ և ճշմարիտ Աստված խոստովանելը. «Եվ Նրան պիտի երկրպագեն ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղից»: «Ազգերի բոլոր կղզիները» (եբր.՝ «կոլ-իյե հագգոիմ», Ես. 41:1, 40:15, 42:4) արտահայտությունը մարգարեական լեզվով նշանակում է բոլոր, նույնիսկ Իսրայելից ամենահեռու բնակվող ազգերը՝ ամբողջ հեթանոս աշխարհը՝ միասին վերցրած: Տեր Աստծուն մատուցված այն երկրպագությունը, որն այստեղ (Սոփ. 2:11) վերագրվում է հեթանոսներին, դեռ նրանց լիակատար դարձը չէ առ Աստված: Ամբողջական դարձի մասին խոսվում է ստորև՝ 3−րդ գլխի 9−10−րդ համարներում: Այստեղ հեթանոսների կողմից Տեր Աստծու ամենազորության ճանաչումը և խոստովանությունը միայն ճշմարիտ Աստծուն դառնալու սկզբնական պահն է՝ այն երկյուղի կամ ակնածանքի զգացումը, որը, ըստ Սուրբ Գրքի հեղինակների, հեթանոսները միշտ ապրում են, երբ երկրի վրա դրսևորվում են Աստծու հրաշալի նշանները և դատաստանը (Ելք. 14:4, 15:14–15, Սաղմ. 95:9-10, Ես. 19:16․ Ամբ. 3:9, 13 և այլն): Բայց հեթանոսների կողմից Տեր Աստծու ամենակարող զորության ճանաչումը դեռևս առ Աստված նրանց կատարյալ դարձը չէ․ նման դարձ կլինի միայն այն ժամանակ, երբ դատաստանից հետո Տեր Աստված Իր ողորմությունը դարձնի նաև հեթանոս ազգերի վրա (Սոփ. 3:9-10): Բացի հեթանոսների՝ առ Աստված դարձի ընդհանուր գաղափարից՝ Սոփ. 2:11-ում բովանդակվում է ավելի կոնկրետ միտք՝ «յուրաքանչյուրն իր տեղից» Տեր Աստծուն երկրպագելու վերաբերյալ: Հետևաբար հեթանոսների՝ Տեր Աստծուն մատուցվող ապագա ծառայությունն այստեղ ընկալվում է ոչ թե երկրպագելու համար նրանց Երուսաղեմ գալու (ինչպես Ես. 2:2-3, 56:7, Երեմ. 3:17, Միք. 4:1-2 համարներում), այլ իրենց բնակված երկրներում Նրա հանդեպ իրենց հոգևոր զգացմունքներն արտահայտելու իմաստով: Այս մասին ավելի ուշ մարգարեանում է Մաղաքիան (Մաղ. 1:11, 14), սակայն դրա ամբողջական կատարման սկիզբը հռչակում է Քրիստոս Փրկիչը սամարացի կնոջ հետ Իր զրույցում (Հովհ. 4:23): «Մարգարեական խոսքն ասում է, որ «յուրաքանչյուրն իր տեղից» պիտի երկրպագի Նրան: Եվ սա արվում է ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ ավետարանական ուսմունքի, քանի որ օրենքը բոլորին հավաքում էր մեկ տաճարում: Տերն Ավետարանում սամարացի կնոջն ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ կգա ժամանակը, որ ո՛չ Երուսաղեմում և ո՛չ էլ այստեղ, այլ յուրաքանչյուր տեղում պիտի երկրպագեն Հորը» (Հովհ. 4:21−23): Նույն է ազդարարում նաև աստվածիմաց Սոփոնիան (Երանելի Թեոդորիտոս. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5, Մ., 1857, էջ 50):
   Աշխարհի նկատմամբ Աստծու դատաստանի հիմնական նպատակը ցույց տալուց հետո (11-րդ համար) մարգարեն կրկին վերադառնում է առանձին ազգերի ճակատագրերում Աստծու դատաստանի նկարագրությանը։ Մասնավորապես նա կանգ է առնում Իսրայելի երկրից հեռու գտնվող և այդ ժամանակ քիչ թե շատ հզոր երկու ազգերի՝ եթովպացիների (12-րդ համար) և ասորեստանցիների, հատկապես նրանց մայրաքաղաք Նինվեի վրա (13−15-րդ համարներ):

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրը սարսափազդու տեսքով կ՚երեւայ նրանց, կը խորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կ՚երկրպագեն նրան՝ իւրաքանչիւրն իր տեղից՝ ազգերի բոլոր կղզիներից:
(Արարատ թարգ․) Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։
(Գրաբար) Երեւեսցի Տէր ի վերայ նոցա, եւ սատակեսցէ զամենայն աստուածս ազգաց. եւ երկիր պագցեն նմա իւրաքանչիւր ի տեղւոջէ իւրեանց՝ ամենայն կղզիք ազգաց։