Ծննդոց գրքի մեկնություն 47:13

Ա․ Լոպուխին

13-26. Հացը սպառվել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր: Սովից հյուծվեցին եգիպտացիների երկիրն ու քանանացիների երկիրը: [13] Հովսեփը հաց վաճառելով հավաքեց Եգիպտոսի երկրի ու Քանանի երկրի ողջ արծաթը: Հովսեփը ամբողջ արծաթը տարավ փարավոնի տունը: Արծաթը սպառվեց Եգիպտոսի երկրից ու Քանանի երկրից: Բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր, ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ արծաթը վերջացավ»: Հովսեփն ասաց. «Եթե արծաթը սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների փոխարեն հաց կտամ ձեզ»: Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի փոխարեն նրանց հաց էր տալիս: Նա այդ տարի նրանց բոլոր անասունների փոխարեն նրանց կերակրեց հացով: Այդ տարին անցավ, նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Արդյո՞ք կորստի կմատնվենք մեր տիրոջ կողմից: Տե՛ր, եթե արծաթ կար, վերջացավ, եթե ոչխարներ և անասուններ` քեզ մոտ են: Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողից: Արդ, ինչո՞ւ մենք և մեր հողերը պետք է կորչենք քո աչքի առաջ, գնի՛ր մեզ և մեր հողը հացի փոխարեն. մենք ու մեր հողը թող լինենք փարավոնի սեփականությունը: Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»: Եվ Հովսեփը փարավոնի համար գնեց ողջ Եգիպտոսի երկիրը, որովհետև եգիպտացիներն իրենց արտերը վաճառեցին փարավոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց: Այսպիսով՝ երկիրը դարձավ փարավոնի սեփականություն։ Եվ սա Եգիպտոսի մի ծայրից մինչև մյուս ծայրը բնակվող ժողովրդին ստրուկ դարձրեց։ Հովսեփը միայն քրմերի կալվածքները չգնեց, քանի որ փարավոնը քրմերին հողատարածք էր տվել, և նրանք սնվում էին իրենց հողերից, որ նրանց տվել էր փարավոնը: Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները: Հովսեփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ և ձեր հողը ես գնեցի փարավոնի համար: Առե՛ք ձեր սերմացուն և ցանեցե՛ք ձեր հողերում: Երբ բերքը կստանաք, փարավոնին կտաք դրա մեկ հինգերորդ մասը, իսկ չորս հինգերորդը թող ձեզ լինի իբրև հողի սերմացու և սնունդ` ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»: Նրանք ասացին. «Դու մեզ փրկեցիր, մենք արժանացանք մեր տիրոջ գթությանը, ուստի թող լինենք փարավոնի ստրուկները»: Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է Եգիպտոսի երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում: (Սինոդական թարգ․)
   
   Սովի ժամանակ Եգիպտոսում Հովսեփի վարած տնտեսական և քաղաքական գործունեության արդյունքները եղան․
   1. երկրի բնակչության ողջ գումարի՝ փարավոնի գանձատանը կուտակելը (Ծննդ․ 47։14, 15)
   2. մասնավոր սեփականություն հանդիսացող բոլոր անասունների փարավոնի սեփականություն դառնալը (Ծննդ․ 47։16−18), և վերջապես
   3. բոլոր հողերի փարավոնի սեփականություն դառնալը։ Այս ամենն այնպես է կազմակերպվում, որ երկրի բնակիչները ոչ թե միայն փարավոնի վարձկանները, այլ ավելի ստույգ ճորտերն են դառնում (Ծննդ․ 47։19−24):

   Ծննդոց գրքի շատ մեկնիչների կողմից գործունեության այս տեսակը հաճախ է խիստ դատապարտության ենթարկվել: Եվ իսկապես, հինկտակարանյան մարդասիրական օրենսդրության ոգու հետ (սա հատկապես հանդես է գալիս շաբաթի և հոբելյանական տարիների մասին օրենքներում (Ղևտ. 25։4−13)) նմանատիպ գործունեությունը չի համապատասխանում, նույնիսկ հասնում է հակադրության, և դեռ ավելին, ինչպես Հովսեփոս Փլավիոսն է հաղորդում (տե՛ս «Հրեական հնախոսություններ. 2։7, 7), երկրի ֆիզիկական աղքատացումը ուղեկցվում էր դրա սննկացած բնակիչների բարոյական արատավորմամբ: Սակայն Հովսեփի պարագայում այս նախատինքը, ըստ երևույթին, մեծապես թուլանում է այլ կերպ վարվելու անհնարինությամբ: Որպես փարավոնի գանձարանի ու երկրի հացահատիկի պաշարների տնտես՝ Հովսեփն ակնհայտորեն ծայրաստիճան կաշկանդված էր վերջինիս բռնապետական իշխանությամբ։ Ողջ հին աշխարհում այս բռնապետական իշխանությամբ հավասարապես կաշկանդված էր նաև պետության սեփականության իրավունքը և նույնիսկ քաղաքացու ինքնությունը:

   Տեքստից նաև պարզ է դառնում (Ծննդ․ 47։25), որ թագավորի կողմից Եգիպտոսի ողջ բնակիչների համընդհանուր ստրկացումը նրանց համար այնքան ծանր և նվաստացուցիչ չի համարվել, որքան արդի ժամանակներում ապրող մարդկանց համար: Ամեն դեպքում, Հովսեփը լիազորություն չուներ և առհասարակ չէր կարող անվճար հաց բաժանել կարիքավոր տեղացիներին (առավել ևս չէր կարող խոսք լինել օտարերկրացիների մասին): Նույնիսկ անկախ փարավոնի կողմից հացի նմանատիպ անվճար բաշխում կատարելու վերաբերյալ դրված արգելքի, այդպիսի բաշխումը կարող էր ուղեկցվել շատ անցանկալի, արագ և առանց հետքի ամբողջ երկրի բոլոր պաշարների անհետացմամբ: Ընդ որում՝ բերքի մեկ հինգերորդ մասի որպես տուրք վճարելը հացառատ Եգիպտոսի համար առանձնապես ծանր տուրք չէր:

   Սուրբգրային հեղինակը, ինչպես միշտ, ո՛չ գովաբանում և ո՛չ էլ դատապարտում է Հովսեփի գործունեությունը, այլ միայն արձանագրում է պատմականորեն ճշմարիտ փաստերը, որոնք էական մասերում ամբողջությամբ հաստատվում են արտաստվածաշնչյան պատմական վկայություններով: Հերոդոտոսի, Ստրաբոնի և Դիոդորոս Սիցիլիացու վկայությություններից հայտնի է, որ եգիպտական ողջ երկիրը թագավորի սեփանականությունն էր։ Միայն քրմերի կաստան էր հողերին տիրում որպես սեփականություն, մինչդեռ զինվորականների կաստան Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակներում հողատարածքները փարավոնից ստանում էր ավատական իրավունքով, իսկ ընդհանրապես ողջ բնակչությունը փարավոնի և պետության վարձակալն էր: Հովսեփի գործունեությանը վերաբերող աստվածաշնչյան պատումը Եգիպտոսում նմանատիպ քաղաքական և տնտեսական կարգերի ծագման մասին նշում է բովանդակում և միաժամանակ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում բնակիչների կողմից երկրի ամբողջ արտադրանքից վճարվող (Ծննդ.  47։24, 26) կրկնակի տասանորդի ներդրման (1/5), ինչպես նաև Հովսեփի հրամանով քաղաքներում հարկատու բնակչության կենտրոնացման առնչությամբ (Ծննդ. 47։21։ Այս համարն այլ կերպ է ընթերցվում եբրայերեն մասորեթական տեքստում, այլ կերպ՝ սամարական, Յոթանասնից, Վուլգաթա, սլավոներեն և ռուսերեն թարգմանություններում։ Ըստ առաջին ընթերցման՝ «Եգիպտոսի մի ծայրից մինչև մյուս ծայրն ապրող ժողովրդին  Հովսեփը վերաբնակեցրեց քաղաքներում», իսկ ըստ երկրորդի` «ժողովրդին դարձրեց ստրուկներ»։ Մասորեթական տեքստում «abar» բառը «փոխադրել» է ընթերցվում, իսկ թարգմանիչները «abad» բառը «ստրկացնել» են կարդում։ Երկու ընթերցումների իմաստներն էլ գրեթե նույնական են, սակայն եբրայերեն ընթերցմամբ այս բայով նկարագրվում է Հովսեփի կատարած փոխադրությունների բուն գործողությունը, իսկ թարգմանիչների մոտ նույն բայով ներկայացվում է դրա հետևանքը):

   Սուրբգրային հեղինակը Հովսեփի՝ Եգիպտական պետության բարեկեցության համար ծավալած արգասավոր գործունեության գլխավոր և առաջնային նպատակակետ է համարում Եգիպտոսի տեղաբնիկների կողմից հրեա եկվորների նկատմամբ բարենպաստ վերաբերմունքի ապահովումը: Սակայն Հովսեփի կողմից ողջ երկիրը փարավոնի ստրուկը դարձնելու հանգամանքը, չնայած նա դա արել էր՝ լուրջ պետական նկատառումներից ելնելով (որոշ մեկնիչներ Հովսեփի ժամանակակից փարավոնի ժամանակներին են վերագրում ջրանցքներ փորելը և արհեստական ոռոգումը, որի անհրաժեշտությունը, բնականաբար, առաջացել էր երկրում եղած երկարատև և ընդհանուր սովի պատճառով, և դա իրականացնելու համար հսկայական գումարներ էին պահանջվում, որոնք պետությունը կարող էր հայթայթել Հովսեփի կողմից ներդրված հարկային համակարգի շնորհիվ) և, անկասկած, լավագույն նպատակներով և մտադրություններով, այնուամենայնիվ նրա մահից հետո եգիպտացիների կողմից հրեաների ստրկացման համար կարող էր որոշակի արդարացում լինել:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Պարէնն սպառուել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր: Սովից հիւծուեցին Եգիպտացիների երկիրն ու Քանանացիների երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը խիստ սաստկացել էր: Եվ Եգիպտոսի ու Քանանի երկրները սովի պատճառով հյուծվեցին:
(Գրաբար) Եւ կերակուր ոչ գոյր յամենայն երկրին, զի սաստկացաւ սովն յոյժ. եւ նուաղեաց երկիրն Եգիպտացւոց եւ երկիրն Քանանացւոց ի սովոյ անտի: