Գիրք` 7. Դատավորներ

Գլուխ 5

ԴԵԲՈՐԱՅԻ ԵՒ ԲԱՐԱԿԻ ԵՐԳԸ
   

1․ Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.
2․ «Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար,
Ժողովրդի յօժարութեան համար
Օրհնեցէ՛ք Տիրոջը:
3․ Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,
Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,
Ես Տիրոջն եմ երգում,
Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն:
4․ Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,
Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,
Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,
Ամպերը ջուր ցօղեցին,
5․ Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,
Իսրայէլի Տէր Աստծու երեսից:
6․ Անաթի որդի Սամեգարի օրերին,
Յայէլի օրերին
Պակասեցին թագաւորները 321,
7․ Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,
Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,
Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը:
8․ Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.
Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝
Քառասուն հազար մարդ՝ Իսրայէլի մէջ:
9․ Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.
Ժողովրդի զօրաւորնե՛ր,
Օրհնեցէ՛ք Տիրոջը:
10․ Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,
Դատաւորների ատեան գնացողնե՛ր,
11․ Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.
Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,
Նա զօրացրեց արդարութիւնն Իսրայէլի մէջ,
Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջաւ քաղաքները:
12․ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,
Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.
Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով:
Զօրացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ,
Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինէեմի որդի:
13․ 322Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը, Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին:
14․ 323 Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.
Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին:
Իմ մօտից խուզարկուներ իջան Մաքիր,
Իսկ Զաբուղոնի երկրից՝ պատմութեան դպրի գաւազան ունեցող զօրացուցիչներ:
15․ Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,
Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ:
Ռուբէնի տոհմերում Մեծամեծ յուզմունք կար:
16․ 324Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջ
Եւ լսում են տագնապողների գոչիւնը,
Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը:
Մեծամեծ յուզմունք է բարձրացել:
17․ Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.
Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ:
Ասերը ծովի եզերքին է բնակւում
Եւ ծովախորշերում է ապրում:
18․ Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,
Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի բարձունքներում:
19․ Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,
Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,
Մակեդդովի ջրերի վրայ.
Ագահութեամբ արծաթ չառայ 325:
20․ Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,
Պատերազմեցին Սիսարայի դէմ:
21․ Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,
Կադեսիմի 326հեղեղատը,
Կիսոնի հեղեղատը:
Թող ես կոխոտեմ նրանց,
Թող իմ ոտքը զօրանայ:
22․ Այն ժամանակ կտոր-կտոր եղան
Մադդարոթի ձիերի սմբակները:
Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը:
23․ «Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, -
Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,
Որովհետեւ Տիրոջն օգնութեան չեկան,
Չեկան Տիրոջն օգնութեան հզօր ռազմիկների դէմ»
24․ Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝
Կինեցի Քաբերի կինը,
Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում:
25․ Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,
Իշխանների ամանով կարագ մատուցեց:
26․ Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,
Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու:
Սպանեց Սիսարային,
Ցիցը մեխեց նրա քունքի մէջ,
Խրեց նրա գլխի մէջ եւ սպանեց նրան:
27․ Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,
Ընկաւ նրա ծնկների միջեւ,
Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը:
28․ Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,
Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,
Իսկ նրա կառքն ուշանում էր գալու:
- Ինչո՞ւ են ուշանում նրա կառքի անուահետքերը:
29․ Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,
Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում.
30․ «Աւար բաշխողները չեն գտնի նրան,
Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը:
Նրա աղիքները ճմլեց Սիսարայի ստացած գոյնզգոյն աւարը, Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը, Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»:
31․ Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,
Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր զօրութեամբ»:
32․ Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի: