Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 1

ՀՈԳԵՒՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ 550
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
   
1. Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ:
2. Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը:
3. Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը:
4. Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային:
5. Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են:
6. Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին:
7. Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը:
8. Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին:
9. Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ,
10. ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին:
11. Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ:
12. Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք:
13. Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ՚օրհնուի:
14. Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին:
15. Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան:
16. Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ:
20. Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով,
21. մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով:
   
ԼԻՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՒ ԶՈՒՍՊ
   
22. Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է:
23. Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան:
24. Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն:
25. Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը:
26. Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը,
27. իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ:
28. Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.
29. համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան:
30. Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին:
31. Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան:
32. Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է:
33. Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն:
34. Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը:
35. Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ:
37. Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից:
38. Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ,
40. քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ: