ՄԵԾ ԱՒԵՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ. ԱՆԱՐԺԱՆ ՀՈՎԻՒՆԵՐ
1․ Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, թող կրակը լափի քո մայրիները:
2․ Թող ողբան նոճիները, քանզի մայրիները տապալուեցին, եւ մեծապէս թշուառացան մեծամեծ ծառերը: Ողբացէ՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ, քանզի քանդուեց ծառախիտ անտառը:
3․ Ահա հովիւների ողբալու ձայնը. նսեմացել է նրանց մեծութիւնը: Ահա առիւծների մռնչալու ձայնը. ամայացել է Յորդանան գետի վեհութիւնը:
4․ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արածացրո՛ւ քո հօտերը, որ մորթոտուելու համար են.
5․ նրանց գնողները կոտորում էին նրանց, վաճառում էին նրանց եւ ասում. «Թող օրհնեալ լինի Տէրը. մենք հարստացանք»: Իսկ նրանց հովիւները բնաւ չէին ցաւում ոչխարների համար:
6․ Դրա համար էլ ես այլեւս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, - ասում է Տէրը. - ահա ես մատնելու եմ մարդկանց իւրաքանչիւրին իր ընկերոջ ձեռքը, նաեւ իր թագաւորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մէկին չեմ փրկելու նրանց ձեռքից»:
7․ Քանանացիների երկրում ես հովուութիւն պիտի անեմ այն հօտին, որ մորթոտուելու համար է, ինձ համար երկու գաւազան պիտի վերցնեմ, մէկը պիտի կոչեմ՝ Գեղեցկութիւն, իսկ երկրորդը՝ Վիճակ, եւ պիտի արածացնեմ հօտերը:
8․ Մէկ ամսում ես վերացրի երեք հովիւներին, որովհետեւ իմ հոգին զզուել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզուել էին ինձանից:
9․ Ես, ահա, ասում եմ. «Ձեզ չեմ հովուելու. ով մեռնելու է՝ թող մեռնի, ով սատկելու է՝ թող սատկի: Մնացածներից ամէն մէկն էլ թող ուտի իր ընկերոջ մարմինը»:
10․ Ես պիտի վերցնեմ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ:
11․ Այդ ուխտը պիտի խզուի այն օրը, եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է:
12․ Ես նրանց ասացի.«Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք»: Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»:
13․ Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ:
14․ Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ:
15․ Տէրը դարձեալ ինձ ասաց. «Դու հովուութիւն անելու համար վերցրո՛ւ մի տգէտ հովուի գործիքներ,
16․ որովհետեւ ահա ես մի տգէտ հովիւ եմ դնելու այս երկրի վրայ: Նա չի հոգալու նիհար ոչխարների համար, ցրուածին չի փնտռելու, վիրաւորուածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընտիր ոչխարների միսը եւ փշրելու նրանց ոտքերի ոսկորները»:
17․ Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիւ, որ աչքաթող ես անում քո հօտը: Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը: Թող անպատճառ չորանայ նրա բազուկը, թող անպայման կուրանայ նրա աջ աչքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: