Գիրք` 35. Յովէլ

Գլուխ 2

ՄՕՏ Է ՏԻՐՈՋ ՕՐԸ
   
1. Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լերան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը,
2. քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կը տարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ:
3. Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից:
4. Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կ՚արշաւեն որպէս հեծեալներ.
5. որպէս կառքերի դղրդիւն կ՚ասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք:
6. Նրանց առաջ ազգեր կը խորտակուեն, եւ բոլոր դէմքերը կը դառնան ինչպէս սեւացած պուտուկ:
7. Նրանք կը յարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կը բարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կը գնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից,
8. Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կը գնան եւ իրենց նետերի վրայ կ՚ընկնեն եւ չեն մեռնի:
9. Կը խուժեն քաղաք, կը քայլեն պարիսպների վրայ, կը մագլցեն տները եւ գողերի նման ներս կը մտնեն պատուհաններից:
10. Նրանց առաջ երկիրը կը խռովուի, երկինքը կը ցնցուի, արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը:
11. Եւ Տէրն իր ձայնը կը բարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան:
   
ԿՈՉ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ
   
12. «Եւ արդ, - ասում է ձեր Տէր Աստուածը, - դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով:
13. Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:
14. Ո՞վ գիտի, թերեւս դառնայ ու խղճայ, եւ իրենից յետոյ լինի օրհնութիւն, զոհ եւ զենում մեր Տէր Աստծուն:
   
ԿՈՉ ԾՈՄԱՊԱՀՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՂԱՏԱՆՔԻ
   
15. Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, ծոմի օ՛ր նշանակեցէք, պաղատա՛նք քարոզեցէք, հաւաքեցէ՛ք ժողովրդին,
16. սուրբ ժողո՛վ գումարեցէք, ընտրեցէ՛ք ծերերին, հաւաքեցէ՛ք կաթնակեր երեխաներին, թող փեսան դուրս գայ իր սենեակից եւ հարսը՝ առագաստից:
17. Աստիճանների ու խորանի միջեւ Տիրոջ քահանաներն ու պաշտօնեաները լաց կը լինեն եւ կ՚ասեն. «Խնայի՛ր, Տէ՛ր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը նախատինքի մի՛ ենթարկիր, որ ազգերը տիրեն նրան, որպէսզի հեթանոսները չասեն, թէ՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը»»:
   
ՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԸ
   
18. Տէրը նախանձախնդիր եղաւ իր երկրի համար ու խնայեց իր ժողովրդին:
19. Տէրը պատասխանեց իր ժողովրդին եւ ասաց. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ցորեն, գինի եւ իւղ, եւ դուք կը կշտանաք դրանցով, ու այլեւս ձեզ չեմ յանձնի ազգերի նախատինքին:
20. Հիւսիսային բանակը կը հալածեմ ձեզնից, նրան կը վտարեմ դէպի անջուր երկիր, կը կործանեմ նրա առաջապահ գնդերը առաջին ծովում 692  եւ նրա վերջապահ գունդը՝ վերջին ծովում 693 . նրա թարախը կը հոսի, եւ նրա հոտը դուրս կը գայ, քանի որ նրա կատարած գործերը չափն անցան:
21. Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ:
22. Քաջալերուի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տուեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տուեցին իրենց բերքը:
23. Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստուծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կը տեղացնի գարնան առաջին եւ աշնան վերջին անձրեւը՝ ինչպէս առաջ:
24. Կը լցուեն ցորենի կալերը, եւ կը յորդեն գինու եւ իւղի հնձանները:
25. Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կը հատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ վրայ:
26. առատօրէն կ՚ուտէք, կը յագենաք եւ կ՚օրհնէք ձեր Տէր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ այլեւս իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան:
27. Եւ կը լինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կը հեղեմ ամէն մարմնի վրայ, կը մարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կը տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ՚ունենան:
28. Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան:
29. Այն օրերին իմ Հոգուց կը հեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կը մարգարէանան:
30. Հրաշքներ ցոյց կը տամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կը խաւարի, եւ լուսինը արիւն կը դառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»:
31. Այո՛, կը լինի այնպէս, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կ՚ապրի: Սիոն լերան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կը լինի, Տէրը կը կանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց: