Ողբ Տիւրոսի վրայ
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տիւրոսի վրայ, ասա՛ Տիւրոսին.
3. «Դու, որ բնակուել ես այդ ծովի մուտքին, վաճառաշահ ազգերի բազմաթիւ կղզիներով, այսպէս է ասում Տէր Աստուածը Տիւրոսին.
4. Դու ասում էիր՝ «Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկութեան զարդով, Բէէլէմ ծովի սրտում»: Մինչդեռ քո զաւակներն են զարդարել քեզ:
5. Սանիր լեռից բերուած մայրիներն են դարձել քեզ ատաղձ, նոճու տախտակներ են առնուել Լիբանանից՝ քեզ համար եղեւնափայտ կայմեր պատրաստելու,
6. Բասանից բերուած կաղնուց են շինել նաւերիդ ղեկերը եւ փղոսկրից՝ քո մեհեանները, քետիմացիների կղզիներից բերուած նիւթերից՝
հովանաւոր ծառերով շրջապատուած ապարանքներդ,
7. Եգիպտոսից բերուած պաստառներով են գործուել բեհեզն ու դիպակը որպէս փառաշուք թիկնոց, ելիմացիների կղզիներից բերուած ծիրանի ու կապուտակ հանդերձն է եղել քո պաճուճանքի զարդը:
8. Քո իշխանները սիդոնացիներն են եղել, քո նաւավարները՝ արադացիները: Քո իմաստունները, Տիւրո՛ս, որ ապրում էին քո մէջ, նրանք են եղել քեզ համար նաւապետներ,
9. ծեր մատենագէտներն ու իմաստունները, որ ապրում էին քո մէջ, նրանք են զօրացրել քեզ քո խորհուրդներում: Ծովի բոլոր նաւերն ու դրանց նաւավարները են քեզ առաջնորդել մինչեւ ծայրագոյն արեւմուտք:
10. Լիւդացիք ու լիբիացիք են եղել քո զօրքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղաւարտները քեզ մօտ են կախել, եւ նրանք է, որ փառաւորել են քեզ:
11. Արադացիների զաւակներն է, որ իրենց զօրքերով շրջապատել են պարիսպներդ ու պահպանել աշտարակներդ, իրենց կապարճները շուրջանակի կախել պարիսպներիդ վրայ: Հէնց նրանք է, որ կատարեալ են դարձրել գեղեցկութիւնդ:
12. Կարկեդոնացի վաճառականներն է, որ քո ամբողջ հարստութիւնը՝ արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը բերել են քո շուկաները:
13. Յոյներն ու նրանց շուրջը գտնուող ազգերն է, որ եղել են քո ստրկավաճառները, պղնձէ անօթներ են բերել քո շուկաները:
14. Թորգոմայ տնից մարդիկ է, որ ձիերով, հեծեալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները:
15. Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերուած փղոսկրեայ ժանիքներով աշխուժացրել են քո առեւտուրը, եւ դու երթեւեկողներին, իբրեւ գին, մարդկանցով ես վճարել:
16. Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը: Ռամոթն ու Կարքովն են լցրել քո շուկաները:
17. Հրէաստանն ու Իսրայէլի զաւակները՝ քո վաճառականները, ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, իւղով ու խէժով են լցրել քո շուկաների հակերը:
18. Դամասկոսից են քո բազմահարուստ վաճառականները, քո մեծ հարստութիւնը, Քելբոնից՝ գինին, Միլիտէից՝ բուրդը:
19. Դանը եւ Յաւանը Մէոզէնից են գինի բերել քեզ՝ քո շուկաների համար, Ասէլից են բերել երկաթապատ անիւներ՝ քո շուկաների համար:
20. Քո դեդանացի վաճառականներն են ընտիր կառքեր բերել քեզ՝ ջորիներով հանդերձ:
21. Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մէջ:
22. Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականները) անուշահոտ իւղեր, թանկարժէք քարեր ու ոսկի են բերել քո շուկաները:
23. Խառանը, Քանանն ու Դադանը (նոյնպէս քո վաճառականները), Սաբան, Ասուրն ու Քալմանը (քո վաճառականները)
24. Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են բերել՝ կարմիր ու կապուտակ պարեգօտ, երփներանգ նարօտներ, պարաններով հակաւորուած ընտիր գանձեր:
25. Քո ուժեղ նոճէ նաւերով (նաւեր վաճառականութեան), որոնցով կատարւում էր քո առեւտուրը, քո հակերի հարստութեամբ լցուեցիր դու, սաստիկ ծանրացար:
26. Ծովի սրտում, յորդ ջրերում են քշել քեզ նաւավարներդ, եւ հարաւային հողմն է խորտակել քեզ ծովի սրտում:
27. Բայց քո հարստութիւնն էլ, քո զօրքերն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների վաստակն էլ, քո նաւավարներն ու նաւապետներն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների խորհրդականներն էլ, քո մէջ եղած բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո մէջ բոլոր հաւաքուածներն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը:
28. Քո աղաղակի ձայնից նաւավարներդ սաստիկ սարսափելու են եւ իջնելու են իրենց նաւերից:
29. Քո բոլոր նաւավարները, թիավար քո առաջապահները ծովափին են կանգնելու
30. եւ աղաղակելու են քեզ, կամ փոխելու են իրենց ձայները եւ գուժելու են դառնօրէն, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մէջ են թաւալուելու,
31. ածիլելու ճաղատացնելու են գլուխները, քուրձեր են հագնելու եւ դառնացած սրտով լաց են լինելու քեզ վրայ:
32. Նրանց որդիները քեզ վրայ դառնօրէն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. «Ո՞վ էր, որ Տիւրոսի պէս լռեց-հանգաւ ծովում»:
33. Ինչքա՞ն քեզ վաստակ գտար այդ ծովից, լիացրիր ազգերին քո հարստութեամբ, փառաւորեցիր երկրի բոլոր թագաւորներին քո շուկաների հակերով:
34. Իսկ հիմա ջարդուեցիր այդ ծովում, ջրերի խորքերում ընկան խորտակուեցին քո շուկաներն ու քո մէջ բոլոր հաւաքուածները. ընկան քո բոլոր նաւավարները.
35. տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, եւ նրանց թագաւորները խիստ զարհուրեցին, երեսներն արցունքով ողողեցին քեզ համար.
36. ազգերի վաճառականները սարսափահար սուլելու են ի տես քեզ: Կորստեան մատնուեցիր ու այլեւս գոյութիւն չես ունենալու յաւիտեան»», - ասում է Տէր Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: