ԵԶԵԿԻԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ: Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը,
2. շուրջը կը հաստատես նրա պաշարումը: Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը:
3. Քեզ համար երկաթէ մի վահան կ՚առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ: Դէմքդ էլ կ՚ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի: Իսրայէլի զաւակների նշանն է դա:
4. Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն 862 օր կը կրես նրանց անիրաւութիւնները:
5. Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր: Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները,
6. կ՚ամբողջացնես բոլորը միասին: Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր. իւրաքանչիւր տարուայ դիմաց մէկ օր եմ սահմանել քեզ:
7. Դէմքդ կ՚ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ՚անես:
8. Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը:
9. Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր: Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ՚ուտես այն:
10. Կերակուրդ կշռով կ՚ուտես. օրը քսան սիկղ 863 որոշուած ժամերին կ՚ուտես դրանից:
11. Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես:
12. Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ՚ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ՚եփես այն, նրանց աչքի առաջ:
13. Ու կ՚ասես. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց”:
14. Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»:
15. Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ՚եփես հացդ»:
16. Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն,
17. որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի: Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: