Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 5

ԽՐԱՏ ԻՐ ԱՆՁԻ ԲԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ
   
1. Յոյսդ քո ունեցուածքի վրայ մի՛ դիր եւ մի՛ ասա, թէ դա բաւական է ինձ:
2. Գերի մի՛ դարձիր քո անձին եւ քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստութեամբ, մի՛ եղիր յանձնապաստան եւ մի՛ ասա, թէ՝ «Իմ ունեցուածքը շատ է»:
3. Մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ կը յաղթի ինձ» եւ մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ չարութիւն կ՚անի ինձ», որովհետեւ Տէրը քեզանից վրէժխնդիր կը լինի:
4. Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղաւ ինձ»:
5. Տէրը համբերատար է քո դարձի եւ քաւութեան համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրայ մեղքեր աւելացնելով:
6. Մի՛ ասա՝ «Տիրոջ գթութիւնը շատ է, նա իմ բազում մեղքերը կը քաւի»,
7. քանզի ողորմութիւնն ու բարկութիւնը նրանից է, եւ մեղաւորների վրայ է իջնում նրա զայրոյթը:
8. Որդեա՛կ, մի՛ յապաղիր քո մեղքերից դառնալ դէպի Տէրը, որպէսզի մեղքերիդ մէջ չմեռնես:
9. Յոյսդ մի՛ դիր անարդար գանձերի վրայ, որովհետեւ դրանք քեզ չեն օգնի բարկութեան օրը:
11. Մի՛ ենթարկուիր ամէն հողմի եւ մի՛ գնա ամէն շաւղով, քանզի դրանք մեղաւորի ու երկերեսանի մարդու բաժինն են:
12. Հաստա՛տ եղիր քո իմաստութեան մէջ, եւ քո խօսքը թող մէ՛կ լինի:
13. Լսելու մէջ փութկո՛տ եղիր եւ պատասխան խօսքի մէջ՝ համբերո՛ղ:
14. Եթէ քո մէջ իմաստութիւն կայ, պատասխա՛ն տուր մերձաւորիդ, իսկ եթէ ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրայ լինի:
15. Փառքն ու անարգանքը խօսքի մէջ է, եւ մարդու կործանումն՝ իր լեզուի վրայ:
16. Մի՛ ունեցիր բանսարկուի համբաւ եւ քո լեզուով չարիք մի՛ նիւթիր.
17. որովհետեւ գողի վրայից անպակաս է ամօթը, երկերեսանու վրայից՝ չար պարսաւանքը:
18. Մի՛ եղիր անխոհեմ ո՛չ մեծ եւ ո՛չ փոքր բաների մէջ: