ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
1. Բարեկամ լինելու փոխարէն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կը բերի ամօթ եւ նախատինք մեղաւորին ու երկերեսանուն:
2. Քո հոգու խորհուրդների մէջ մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի քո անձը չմորթոտուի զուարակի նման,
3. այլապէս քո տերեւները կ՚ոչնչացնես, քո պտուղները կը կորցնես եւ կը մնաս իբրեւ չորացած ծառ:
4. Չար հոգին կործանում է իր տիրոջը եւ նրան ոտնատակ դարձնում թշնամիներին:
5. Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախօս լեզուն մեծացնում է մտերմութիւնը:
6. Ովքեր քեզ հետ խաղաղութեան մէջ են, թող մեծաթիւ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մէկը թող լինի:
7. Եթէ բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան եւ իսկոյն մի՛ վստահիր նրան,
8. քանզի բարեկամ կայ, որ բարեկամ է իրեն պէտք եղած ժամանակ միայն եւ քեզ հետ բարեկամ չի մնայ քո նեղութեան օրը.
9. բարեկամ կայ, որ թշնամի է դառնում քեզ, եւ քո վէճն ու նախատինքը հրապարակում:
10. Բարեկամ էլ կայ, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մօտ չի մնայ քո նեղութեան օրը:
11. Քո բարեկեցութեան ժամանակ նա քեզ նման կը լինի եւ յանդուգն կը վերաբերուի քո ծառաների հետ:
12. Եթէ սնանկանաս, նա քեզ հակառակ կը լինի եւ կը թաքնուի քեզնից:
13. Հեռո՛ւ մնա քո թշնամիներից եւ զգո՛յշ եղիր բարեկամներից:
14. Հաւատարիմ բարեկամը հզօր պատուար է, իսկ ով գտնի նրան՝ գանձ է գտել:
15. Հաւատարիմ բարեկամն անփոխարինելի է, եւ անկշռելի է նրա բարութիւնը:
16. Հաւատարիմ բարեկամը կեանքի դեղ է, եւ Տիրոջից երկնչողները միայն կը գտնեն նրան:
17. Ով երկնչի Տիրոջից, կը յաջողի բարեկամութեան մէջ, որովհետեւ ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձաւորը:
ՍՈՎՈՐԵԼՈՒ ԴԺՈՒԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
18. Որդեա՛կ, ուսո՛ւմ փնտռիր քո մանկութիւնից, եւ մինչեւ ծերութիւն իմաստութիւն պիտի գտնես:
19. Մօտեցի՛ր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասի՛ր նրա բարի պտուղներին.
20. թէեւ այն մշակելու պահին մի փոքր կը յոգնես, բայց շուտով կ՚ուտես նրա պտուղները:
21. Տգէտների համար այն քարքարոտ ճանապարհ է, եւ անմիտ մարդը նրա մէջ երկար չի մնայ:
22. Փորձութեան ծանր քարի նման այն բեռ է նրա վրայ, եւ նա չի դանդաղի այն դէն շպրտել:
23. Արդարեւ, իմաստութիւնը համապատասխանում է իր անուանը եւ շատերին չէ, որ յայտնի է:
24. Լսի՛ր, որդի՛ս, եւ ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը:
25. Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մէջ եւ քո պարանոցը՝ նրա շղթաների մէջ:
26. Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն եւ մի՛ ձանձրացիր նրա կապանքներից:
27. Քո բովանդակ հոգով մօտեցի՛ր նրան եւ քո բովանդակ զօրութեամբ պահի՛ր նրա ճանապարհները:
28. Քննի՛ր, փնտռիր, եւ դու կը ճանաչես այն. եւ երբ բռնես՝ մի՛ թող նրան,
29. քանզի ի վերջոյ դու հանգիստ կը գտնես նրա մէջ, եւ քեզ համար նա ուրախութիւն կը դառնայ:
30. Քեզ համար նրա կապանքները զօրութեան պատուար կը լինեն, եւ նրա շղթաները՝ փառքի պատմուճան:
31. Արդարեւ, ոսկեղէն զարդ կայ նրա վրայ, եւ նրա կապանքները յակինթի շար են
32. Այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ եւ քո վրայ կը դնես իբրեւ ցնծութեան պսակ:
33. Որդեա՛կ, եթէ ցանկանաս, կը դաստիարակուես եւ եթէ հոգով նուիրուես, խորագէտ կը լինես:
34. Եթէ լսել սիրես, կը հասկանաս եւ եթէ մօտեցնես քո ականջը, իմաստուն կը լինես:
35. Եղի՛ր ծերերի բազմութեան մէջ, եւ ով իմաստուն է, հակուի՛ր դէպի նա: Ցանկացի՛ր լսել բոլոր աստուածառաք զրոյցները, եւ թող հանճարեղ ասոյթները չվրիպեն քեզնից:
36. Եթէ իմաստուն մարդ տեսնես, առաւօտից նրա մօ՛տ եղիր, եւ թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը:
37. Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին եւ տեւապէս ձգտի՛ր նրա պատուիրաններին: Նա կը հաստատի քո սիրտը եւ իմաստութեան ցանկութիւն կը տայ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: