ՉԴԱՏԵԼ ԸՍՏ ՏԵՍՔԻ
1. Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան:
2. Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար:
3. Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է:
4. Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից:
5. Բազում բռնակալներ գետին նստեցին 552, եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ:
6. Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը:
7. Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր:
8. Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր եւ մի՛ միջամտիր խօսակցութեանը:
9. Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, եւ մի՛ նստիր մեղաւորների ատեանում նրանց կողքին:
10. Որդեա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մէջ չես կարող անպարտ մնալ, եւ եթէ հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին եւ չես խուսափի կործանումից:
ԽՐԱՏ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11. Մարդ կայ, որ տքնում, աշխատում ու աճապարում է, եւ սակայն առաւել եւս կարիքի մէջ է մնում,
12. մարդ էլ կայ, որ ծոյլ է, օգնութեան կարօտ, զօրութիւնից զուրկ, աղքատութեան մէջ թաղուած,
13. սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարութեամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատութիւնից, բարձրացնում է նրա գլուխը, եւ շատերը զարմանում են դրա վրայ:
14. Բարիքը, չարիքը, կեանքը եւ մահը, աղքատութիւնն ու հարստութիւնը Տիրոջից են:
17. Տիրոջ պարգեւը բարեպաշտներին է մնում, եւ յաւիտեան է նրա բարեհաճութիւնը:
18. Ով հարստանում է ժլատութեամբ եւ կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում.
19. երբ նա ասում է, թէ, «Հանգիստ գտայ եւ այժմ պիտի վայելեմ իմ հարստութիւնը»,
20. սակայն չգիտի, թէ երբ որ գայ օրհասը, նա այլոց կը թողնի այն ու կը մեռնի:
21. Հաւատարի՛մ մնա քո ուխտին, նուիրուի՛ր նոյն ուխտին եւ ծերացի՛ր քո գործի մէջ:
22. Մի՛ զարմացիր մեղաւոր մարդու գործերի վրայ, հաւատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնութեան մէջ:
23. Տիրոջ համար դիւրին է աղքատին անակնկալ հարստացնելը:
24. Տիրոջ օրհնութիւնը բարեպաշտների վարձն է, եւ շատ շուտով Նրա օրհնութիւնը խնդութիւն է տալու նրանց:
25. Մի՛ ասա, թէ՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» եւ՝ «Սրանից յետոյ էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»:
26. Մի՛ ասա, թէ՝ «Սա բաւական է ինձ. սրանից յետոյ էլ ի՞նչ չարիք կարող է լինել»:
ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
27. Երջանկութեան օրը մոռացւում են չարիքները, չարիքի օրը չեն յիշւում բարիքները,
28. քանզի Տիրոջ համար դիւրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների:
29. Մէկ ժամուայ տանջանքը մոռացնել է տալիս հաճոյքները, եւ մարդու վախճանի ժամին յայտնի են դառնում նրա գործերը:
30. Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչւում է իր որդիներով:
31. Ամէն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիւ են նենգաւոր մարդու որոգայթները:
32. Ինչպէս որսորդն է դարան մտնում կաքաւ որսալու համար, այնպէս էլ ամբարտաւանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է:
33. Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատաւորում այն, ինչ ցանկալի է:
34. Կայծերի շատութիւնից բորբոքւում է կրակը, այդպէս էլ մեղաւոր մարդը մահ է նիւթում:
35. Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նիւթում. գուցէ նա քեզ յաւիտենական պարսաւանքի տակ դնի:
36. Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, եւ նա խռովութիւն կը գցի քո տան մէջ ու կ՚օտարացնի քեզ քո իւրայիններից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: