Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 15

ԱՐԴԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆԸ
   
1. Ահա այսպէս կ՚անի նա, ով երկնչում է Տիրոջից. եւ ով ընդունում է օրէնքը, կը հասնի իմաստութեան:
2. Նրան կը դիմաւորի մօր նման եւ նրան կ՚ընդունի իբրեւ կոյս աղջիկ:
3. Նրան կը ջամբի հացն իմաստութեան, նրան կը խմեցնի ջուրն իմացութեան:
4. Նա կը յենուի նրան եւ չի ընկնի, նրա մէջ ապաստան կը գտնի, ամօթով չի մնայ եւ նրան ընկերներից աւելի վեր կը բարձրացնի:
5. Ժողովուրդների մէջ կը բացի նրա շուրթերը:
6. Նա ուրախութիւն, ցնծութեան պսակ եւ յաւիտենական անուն կը ժառանգի:
7. Անմիտ մարդկանց հասու չէ իմաստութիւնը, եւ մեղաւորներն այն չեն տեսնի:
8. Այն հեռու է հպարտութիւնից, եւ խաբեբայ մարդիկ չեն յիշի նրան:
9. Օրհնութիւնը գեղեցիկ չէ մեղաւորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքուեց նրան:
10. Թող իմաստութեամբ ասուի օրհնութիւնը, եւ Տէրը յաջողութիւն կը տայ նրան:
11. Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը:
12. Մի՛ ասա, թէ նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկաւոր չէ մեղաւոր մարդը:
13. Տէրն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին:
14. Նա ի սկզբանէ մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին:
16. Եթէ կամենաս, կը պահես պատուիրանները եւ հաճութեամբ կը պահպանես քո հաւատը:
17. Քո առջեւ Տէրը կրակ եւ ջուր է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը:
18. Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան:
19. Արդարեւ, մեծ է Տիրոջ իմաստութիւնը, նա հզօր է իր կարողութեամբ եւ տեսնում է ամէն բան:
20. Նրա աչքը իրենից երկնչողների վրայ է, եւ ինքը կ՚իմանայ մարդու բոլոր գործերը:
21. Նա ոչ մէկին չպատուիրեց ամբարշտութիւն անել եւ ոչ մէկին չքաջալերեց մեղանչել: