Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 30

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ
   
1. Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի պատժի նրան, որպէսզի վերջում ուրախ լինի:
2. Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ:
3. Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կը շարժի եւ բարեկամների առջեւ նրանով կը պարծենայ:
4. Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին:
5. Հայրը նրան տեսաւ իր կեանքում եւ ուրախացաւ եւ իր վախճանի մասին չտրտմեց:
6. Թշնամիների առջեւ վրիժառու թողեց նրան եւ բարեկամների առջեւ՝ շնորհներ հատուցող:
7. Ով գուրգուրում է իր որդուն, նրա վէրքերը կը կապի, եւ նրա ամէն մի ճիչի հետ կը գալարուեն նրա աղիքները:
8. Անվարժ ձին կամակոր է լինում, եւ քմահաճ որդին՝ լկտի:
9. Գգուի՛ր որդուդ, եւ նա քեզ կը վախեցնի, խաղա՛ նրա հետ, եւ նա քեզ կը տրտմեցնի:
10. Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպէսզի ցաւ չպատճառի քեզ, եւ յետոյ ատամներդ չառնեն դառնութիւնից:
11. Մանկութեան ժամանակ իշխանութիւն մի՛ տուր նրան. քանի դեռ տղայ է, ջարդի՛ր նրա կողերը,
12. որպէսզի չլինի թէ երբեւէ յամառելով չհնազանդուի քեզ:
13. Խրատի՛ր քո որդուն եւ գործի՛ դիր նրան, որպէսզի խայտառակութեան մէջ չընկնես:
   
ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
   
14. Լաւ է առողջ եւ ուժեղ աղքատը, քան հաշմուած մարմնով հարուստը:
15. Լաւ է առողջութիւնն ու առոյգութիւնը, քան ամէն տեսակ ոսկին, եւ լաւ է կարող մարմինը, քան անսպառ հարստութիւնը:
16. Մարմնի առողջութիւնից աւելի մեծ հարստութիւն չկայ եւ մարմնի խնդութիւնից՝ աւելի մեծ ուրախութիւն:
17. Լաւ է մահը, քան դառն կեանքը կամ երկար ցաւը:
18. Փակ բերանին մօտեցուած քաղցրաւենիքը նոյնն է, ինչ գերեզմանին դրուած կերակուրը:
19. Ի՞նչ օգուտ զոհերը կուռքերին, քանի որ ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտոտում:
20. Այնպէս էլ՝ ովքեր հալածուեն Տիրոջից, աչքով կը տեսնեն ու կը հառաչեն այն ներքինու նման,
21. որը գրկում է կոյսին եւ հոգոց հանում:
   
ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
   
22. Անձնատուր մի՛ եղիր տխրութեանը եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով:
23. Մարդու կեանքը սրտի ուրախութիւնն է, եւ կեանքի երկարութիւնը՝ նրա ցնծութիւնը:
24. Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրութիւնը,
25. քանզի շատերին սպանեց տխրութիւնը, եւ դրանից ոչ մի օգուտ չկայ:
26. Նախանձն ու բարկութիւնը կարճեցնում են կեանքի օրերը, եւ հոգսերը ծերացնում ժամանակից առաջ:
16. 575Տիրոջ օրհնութիւնը հասնում է բերք հաւաքողների յետեւից ինչպէս ճռաքաղը.
17․ եւ բերք հաւաքողի նման լցնում հնձանը:
18.Հասկացէ՛ք, միայն ինձ համար չէ, որ աշխատեցի, այլ՝ բոլորի համար, ովքեր խրատ են փնտռում:
19. Լսեցէ՛ք ինձ, ժողովրդի՛ իշխաններ, եւ ունկնդի՛ր եղէք, եկեղեցո՛ւ առաջնորդներ:
20 .Որդուդ, կնոջդ, եղբօրդ եւ բարեկամիդ իրաւունք մի՛ տուր քո կեանքում եւ քո ունեցուածքը մի՛ տուր ուրիշի, որպէսզի զղջալով կարիքի մէջ չընկնես:
21. Քանի դեռ կենդանի ես, եւ շունչդ վրադ է, թող ոչ մէկը չփոխարինի քեզ,
22. քանզի աւելի լաւ է, որ որդիներդ քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին:
23. Քո բոլոր գործերի մէջ գլխաւո՛ր եղիր:
24. Քո պատուի վրայ պարսաւանք մի՛ բեր: Քո կեանքի աւարտի օրը եւ վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր եւ տո՛ւր ժառանգութիւնդ:
   
ԾԱՌԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
   
25. Կերը, գաւազանը եւ բեռը էշինն է. հացը, ծեծը եւ գործը՝ ծառայինը:
26. Գործը կատարի՛ր ծառայով 576, եւ դու հանգիստ կ՚ունենաս, անգո՛րծ թող նրա ձեռքերը, եւ նա ազատութիւն կը փնտռի:
27. Լուծը եւ շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային:
28. Նրան գործի՛ դիր, որպէսզի պարապ չմնայ,
29. քանզի բազում չարիք է ծնում անգործութիւնը:
30. Նրան գործի՛ մէջ պահիր, ինչպէս վայել է նրան, եւ եթէ նա չհնազանդուի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը աւելորդ մի՛ ծանրաբեռնիր եւ մի՛ գործիր անարդարութեամբ:
31. Եթէ դու ծառայ ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան ձեռք բերեցիր արեամբ: Եթէ դու ծառայ ունես, նրա հետ եղբօր նման վարուիր, քանզի նրա կարիքը կը զգաս, ինչպէս քո անձի կարիքը:
32. Եթէ չարչարես նրան, նա խրտնելով կը փախչի.
33. էլ ո՞ր ճանապարհի վրայ նրան պիտի փնտռես: