ՄԱՐԴՈՒ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ
1․ Մեծ աշխատանք է սահմանուած ամէն մարդու համար, եւ ծանր լուծ է դրուած մարդու որդիների վրայ իրենց մօրից ելնելու օրից մինչեւ բոլորի մօր ծոցում թաղուելու օրը:
2․ Ակնկալիքի եւ վախճանի օրուայ մասին մտածումը նրանց խորհրդածութեան նիւթն ու սրտի ահն է.
3․ սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչեւ նա, ով թշուառացել եւ հող ու մոխրի մէջ է,
4․ սկսած նրանից, ով կրում է յակինթ եւ պսակ, մինչեւ նա, ով ցնցոտի է հագնում, ամէն ոք ունի ցասում եւ նախանձ, խռովք եւ անհանգստութիւն, մահուան երկիւղ, ոխ եւ հակառակութիւն:
5․ Հանգստի ժամանակ անկողնում գիշերուայ երազը մթագնում է նրա միտքը:
6․ Քիչ հանգիստ, համարեա նա հանգիստ չունի, որից յետոյ երազների մէջ տանջւում է ինչպէս ցերեկը:
7․ Իր սրտի տեսիլքներից ցնցուած՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկուելու պահին եւ զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից:
8․ Թէպէտ այս պատահում է ամէն էակի հետ՝ մարդուց մինչեւ անասուն, բայց մեղաւորների հետ դա լինում է սրանից եօթնապատիկ աւելի:
9․ Մահն ու հակառակութիւնը, արիւնն ու սուրը, հարուածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծուել են մեղաւորների համար:
10․ Նաեւ նրանց պատճառով եղաւ ջրհեղեղը:
11․ Ամէն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպէս էլ ամբարիշտները գնում են նզովքից դէպի կորուստ:
ԿԵՂԾ ԵՒ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԻՔՆԵՐ
12․ Ամէն տեսակ կաշառք եւ անիրաւութիւն կը կործանուի, իսկ հաւատարմութիւնը յաւիտեանս կը մնայ:
13․ Անիրաւ մարդկանց ունեցուածքը գետի նման պիտի ցամաքի, եւ նրանք պիտի գոռան տեղատարափ 593 անձրեւի որոտի պէս:
14․ Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կը լինի, այդպէս էլ յանցագործներն ի վերջոյ կը ցամաքեն 594:
15․ Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճիւղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրայ են լինում:
16․ Ոսկեծաղիկը, որ բուսնում է ամէն տեսակ ջրի մօտ, գետեզրին, ամէն տեսակ խոտից առաջ է արմատախիլ լինում:
17․ Բարեգործութիւնը, սակայն, իբրեւ դրախտ, յաւիտեան կը մնայ օրհնութեան մէջ 595:
ԽՐԱՏՆԵՐ ԼԱՒԻ ԵՒ ԼԱՒԱԳՈՅՆԻ ՄԱՍԻՆ
18․ Աշխատաւորի եւ ինքնագոհ մարդու կեանքը քաղցր է, բայց երկուսին գերազանցում է նա, ով գանձ է գտնում:
19․ Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը յաւերժացնում են մարդու անունը, բայց անբիծ կինն այս երկուսից էլ առաւել յարգելի է:
20․ Գինին եւ երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստութեան սէրը երկուսից էլ առաւել է:
21․ Սրինգն ու տաւիղը հաճելի են դարձնում նուագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առաւել է:
22․ Աչքը ցանկանում է շնորհ եւ գեղեցկութիւն, բայց այս երկուսից աւելի՝ բոյսերի գեղեցկութիւնը:
23․ Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լաւ են, բայց այս երկուսից աւելի՝ բարի կինը 596:
24․ Եղբայրներն ու օգնութիւնը փրկում են նեղութեան ժամանակ, բայց այս երկուսից աւելի՝ ողորմածութիւնը:
25․ Ոսկին եւ արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առաւել է համարւում:
26․ Հարստութիւնը եւ ուժը հպարտութիւն են տալիս սրտին, բայց բոլորից առաւել է երկիւղը Տիրոջից:
27․ Ով երկիւղ ունի Տիրոջից, նա պակասութիւն չի զգայ:
28․ Երկիւղը Տիրոջից օրհնեալ դրախտի նման է, եւ այն հովանի է ամէն տեսակ փառքից աւելի:
ՉԱՊՐԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՆՄԱՆ
29․ Որդեա՛կ, մի՛ ապրիր մուրացկանի կեանքով. լաւ է մեռնել, քան մուրալ:
30․ Ով նայում է ուրիշի սեղաններին, նրա կեանքը չի կարելի կեանք համարել. նա իր հոգին ստորացնում է ուրիշի կերակուրներով:
31․ Իսկ իմաստուն եւ խելացի մարդը զգոյշ է լինում:
32․ Անամօթի բերանին քաղցր է մուրալով ստացածը, բայց նրա որովայնի մէջ կրակ պիտի վառուի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: