Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 1

Աշխարհի արարչությունը:
   
1. Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը:

2. Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա:

3. Եվ Աստված ասաց. «Թող լո՛ւյս լինի», և եղավ լույս:

4. Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից:

5. Եվ Աստված լույսը կոչեց ցերեկ և խավարը կոչեց գիշեր: Եվ իրիկուն և առավոտ եղավ. օր առաջին:

6. Եվ Աստված ասաց. «Թող ջրերի միջև տարածություն լինի, որ այն ջրերը բաժանի ջրերից»:

7. Եվ Աստված ստեղծեց տարածությունը, որով բաժանեց տարածության ներքևում եղած ջրերը տարածության վրա եղող ջրերից: Եվ այդպես եղավ:

8. Եվ Աստված տարածությունը կոչեց երկինք: Եվ իրիկուն և առավոտ եղավ. օր երկրորդ:

9. Եվ Աստված ասաց. «Թող երկնքի տակ եղած ջրերը մեկտեղ ժողովվեն, ու երևա ցամաքը»: Եվ այդպես եղավ:

10. Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր և հավաքված ջրերը կոչեց ծով: Եվ Աստված տեսավ, որ բարի է:

11. Եվ Աստված ասաց. «Թող երկիրը կանաչ բույս աճեցնի՝ սերմ տվող բույս և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմն իր մեջ լինի երկրի վրա»: Եվ այդպես եղավ:

12. Եվ երկիրն իր տեսակի պես սերմ տվող կանաչ բույս և պտղաբեր ծառ տվեց, որի սերմն իր մեջ է իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է:

13. Եվ եղավ իրիկուն և առավոտ. օր երրորդ:

14. Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի բաժանեն ցերեկը գիշերից և նշանների, ժամանակների, օրերի և տարիների համար լինեն:

15. Եվ թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լույս տան երկրին»: Եվ այդպես եղավ:

16. Եվ Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուները. մեծ լուսատուն ցերեկվա, և փոքր լուսատուն գիշերվա վրա իշխելու համար, նաև ստեղծեց աստղերը:

17. Եվ Աստված դրանց երկնքի հաստատության մեջ դրեց, որպեսզի լույս տան երկրին:

18. Եվ իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից: Եվ Աստված տեսավ, որ բարի է:

19. Եվ եղավ իրիկուն և առավոտ. օր չորրորդ:

20. Եվ Աստված ասաց. «Թող ջրերը լցվեն կենդանի շունչ ունեցող զեռուներով, և թռչուններ թռչեն երկրի վրա՝ երկնքի հաստատության երեսին»:

21. Եվ Աստված ստեղծեց մեծ-մեծ ձկներ ու ամեն տեսակի կենդանի շունչ ունեցող սողուններ, որպեսզի ջրերը լցվեն դրանցով՝ ըստ իրենց տեսակների, և ամեն տեսակի թևավոր թռչուններ՝ ըստ իրենց տեսակների: Եվ Աստված տեսավ, որ բարի է:

22. Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, և թող թռչունները շատանան երկրի վրա»:

23. Եվ եղավ իրիկուն և առավոտ. օր հինգերորդ:

24. Եվ Աստված ասաց. «Թող երկիրը շնչավոր կենդանի տա իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակների»: Եվ այդպես եղավ:

25. Եվ Աստված ստեղծեց երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակների, անասուններ՝ ըստ իրենց տեսակների և գետնի ամեն տեսակ սո­ղուններ՝ ըստ իրենց տեսակների: Եվ Աստված տեսավ, որ բարի է:
   
Մարդը ստեղծվում է Աստծո պատկերով:
   
26. Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր պատկերով և Մեր նմանությամբ, որ իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների և ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:

27. Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց:

28. Եվ Աստված օրհնեց նրանց: Աստված ասաց նրանց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան: Իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»:

29. Եվ Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ամեն տեսակի բույս, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա և ամեն տեսակի ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, որ ձեզ համար կերակուր լինի»:

30. Եվ ամեն տեսակ կանաչ բույս թող կերակուր լինի կենդանության շունչ ունեցող երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի բոլոր սողունների համար»: Եվ այդպես եղավ:

31. Եվ Աստված տեսավ ամեն բան, ինչ արել էր, ահա շատ բարի էր: Եվ եղավ իրիկուն և առավոտ. օր վեցերորդ: