Ջրհեղեղը
1. Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապան, դու և քո ամբողջ ընտանիքը, որովհետև այս սերնդի մեջ Իմ առջև քեզ արդար տեսա:
2. Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր անասուններից յոթ-յոթ հատ՝ արու և էգ, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, երկու-երկու հատ՝ արու և էգ:
3. Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ՝ ամբողջ երկրի վրա տեսակը պահպանելու համար,
4. Որովհետև յոթ օր հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից ջնջեմ ամեն մի էակ, որ ստեղծեցի»:
5. Եվ Նոյն արեց ամեն բան, ինչպես որ Տերը պատվիրեց նրան:
6. Եվ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ երկրի վրա ջրհեղեղ եղավ:
7. Եվ ջրհեղեղի ջրերի պատճառով Նոյն իր որդիների, կնոջ և իր որդիների կանանց հետ մտավ տապան:
8. Մաքուր անասուններից և այն անասուններից, որ մաքուր չեն, թռչուններից և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից
9. Զույգ-զույգ, արու և էգ, գնացին Նոյի մոտ և մտան տապան, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին:
10. Եվ յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա:
11. Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսվա տասնյոթերորդ օրը, նույն օրը ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները:
12. Եվ երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց:
13. Հենց նույն օրը Նոյը մտավ տապան և նրա հետ Նոյի որդիները՝ Սեմը, Քամը, Հաբեթը, Նոյի կինը ու նրա որդիների երեք կանայք
14. Նրանք և բոլոր կենդանիներն՝ ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն՝ ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն՝ ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն՝ ըստ իրենց տեսակի ու ամեն տեսակի թևավոր թռչուն՝
15. Ամենքից զույգ-զույգ, որոնց մեջ կենդանության շունչ կար, մտան տապան՝ Նոյի մոտ:
16. Եվ մտնողներն ամեն տեսակի մարմնից արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր նրան: Եվ Տերը նրա ետևից փակեց դուռը:
17. Եվ երկրի վրա քառասուն օր ջրհեղեղ եղավ: Ջրերը շատացան, տապանը շարժեցին, և այն բարձրացավ երկրի վրայից:
18. Երկրի վրա ջրերն առատանում էին ու վարարում, և տապանը լողում էր ջրերի երեսին:
19. Եվ ջրերը երկրի վրա անչափ շատացան, ու երկնքի տակ բոլոր բարձր լեռները ծածկվեցին:
20. Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և լեռները ծածկվեցին:
21. Եվ վերացավ երկրի վրա շարժվող ամեն մի մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն ու ամեն մարդ:
22. Ամենը, որ կենդանության շունչ ուներ ռունգերի մեջ, ու այն բոլորը, որ կային ցամաքի վրա, վերացան:
23. Եվ երկրի երեսից ջնջվեց ամեն մի էակ՝ մարդուց մինչև անասուն, մինչև սողուն ու մինչև երկնքի թռչուն: Ջնջվեցին երկրից, և մնացին միայն Նոյը ու իր հետ տապանում եղողները:
24. Եվ երկրի վրա ջրերը հարյուր հիսուն օր բարձրացած մնացին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: