Փոխվում են Աբրահամի և Սառայի անունները
1. Եվ երբ Աբրամն իննսունինը տարեկան էր, Տերը երևաց Աբրամին ու ասաց. «Ե՛ս եմ ամենակարող Աստուածը, քայլի՛ր Իմ առջև և անարատ եղի՛ր:
2. Ես Իմ ուխտը պիտի հաստատեմ Իմ ու քո միջև և քեզ անչափ պիտի բազմացնեմ»:
3. Աբրամն ընկավ իր երեսի վրա, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով.
4. «Ահա Իմ ուխտը՝ քեզ հետ. դու բազում ազգերի հայր կլինես
5. Եվ այսուհետև Աբրամ չես կոչվի, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև քեզ բազմաթիվ ազգերի հայր պիտի դարձնեմ:
6. Եվ քեզ անչափ պիտի բազմացնեմ, քեզանից պիտի ազգեր դուրս բերեմ, և քեզանից թագավորներ պիտի դուրս գան:
7. Եվ Իմ ուխտը կհաստատեմ Իմ ու քո միջև և քեզանից հետո քո սերնդի միջև, որ այն հավիտենական ուխտ լինի իրենց սերունդների համար, ու Ես Աստված լինեմ քեզ համար ու քեզանից հետո քո սերնդի համար:
8. Եվ որպես հավիտենական ժառանգություն քեզ ու քեզանից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը՝ Քանանի ամբողջ երկիրը, և Ես նրանց Աստվածը կլինեմ»:
Թլփատությունը
9. Եվ Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր Իմ ուխտը, դու և քեզանից հետո քո սերունդը իրենց սերունդներով:
10. Սա է Իմ ուխտը, որ պիտի պահեք Իմ ու ձեր միջև և քեզանից հետո քո սերնդի միջև. թող թլփատվեն ձեր բոլոր արուները:
11. Ուրեմն թլփատե՛ք ձեր անթլպատ մարմինը, և սա ուխտի նշան կլինի Իմ ու ձեր միջև:
12. Եվ թող թլփատվի ձեր բոլոր սերունդների ամեն մի ութ օրական արուն, նաև՝ ընդոծինը և օտարներից արծաթով գնվածը, որ քո սերնդից չէ
13. Անպատճառ պիտի թլփատվեն քո ընդոծինը և քո արծաթով գնվածը, և Իմ ուխտը թող հավիտենական ուխտ լինի ձեր մարմնում:
14. Եվ այն անթլփատ արուն, որի անթլփատ մարմինը թլփատված չէ, պիտի վերանա իր ժողովրդի մեջից, որովհետև նա անարգել է Իմ ուխտը»:
Խոստում Իսահակի համար
15. Եվ Աստված ասաց Աբրահամին. «Սարային՝ քո կնոջը, Սարա մի՛ կոչիր, այլ թող Սառա լինի նրա անունը:
16. Ես կօրհնեմ նրան, նաև նրանից քեզ մի որդի կտամ և կօրհնեմ նրան: Նրանից ազգեր կլինեն, ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»:
17. Եվ Աբրահամն ընկավ երեսի վրա, ծիծաղեց ու իր մտքում ասաց. «Արդյոք կարող է հարյուր տարեկան մարդը զավակ ունենալ, և կամ իննսուն տարեկան Սառան ինչպե՞ս կարող է ծնել»:
18. Եվ Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրի Քո առաջ»:
19. Եվ Աստված ասաց. «Այո՛, քո կինը՝ Սառան, որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես: Ես Իմ ուխտը կհաստատեմ նրա հետ, հավիտենական ուխտ նրանից հետո եկող սերնդի համար:
20. Եվ Իսմայելի համար էլ լսեցի քեզ: Ահա օրհնեցի նրան, կբազմացնեմ ու անչափ կշատացնեմ նրան: Նա տասներկու իշխաններ կծնի, և Ես մեծ ազգ կդարձնեմ նրան:
21. Բայց Իմ ուխտը Իսահակի հետ պիտի հաստատեմ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի՝ այս ժամանակ»:
22. Եվ ավարտելով Իր խոսքը՝ Աստված վեր բարձրացավ Աբրահամի մոտից:
23. Եվ Աբրահամը հենց այդ օրը թլփատեց իր որդի Իսմայելի, իր ընտանիքի ամեն արուի, իր բոլոր ընդոծինների, արծաթով բոլոր գնվածների անթլփատության մարմինը, ինչպես Աստված իրեն ասել էր:
24. Եվ Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը:
25. Եվ իր որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը:
26. Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամը, իր որդի Իսմայելը
27. Եվ իր հետ իր տան բոլոր մարդիկ՝ ընդոծինները և օտարներից արծաթով գնվածները:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: