Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 19

Սոդոմի կործանումը
   
1. Եվ երեկոյան այն երկու հրեշտակները եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասների մոտ և երբ նրանց տեսավ, վեր կացավ, ընդառաջ գնաց ու մինչև գետին գլուխ խոնարհեց:
2. Եվ ասաց. «Եկե՛ք, ի՛մ տերեր, եկե՛ք ձեր ծառայի տուն և գիշերե՛ք ինձ մոտ: Կլվանաք ձեր ոտքերը, վաղ առավոտյան կարթնանաք և կգնաք ձեր ճանապարհով»: Եվ նրանք ասացին. «Ո՛չ, մենք դրսում կգիշերենք»:
3. Սակայն շատ ստիպելուց հետո նրանք գնացին Ղովտի մոտ և մտան նրա տուն: Նրանց համար կերակուր պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և նրանք կերան:
4. Բայց դեռ չէին պառկել, և ահա քաղաքի մարդիկ՝ սոդոմացիները՝ երիտասարդներից մինչև ծերերը ու ամբողջ ժողովուրդը, շրջապատեցին տունը:
5. Եվ կանչեցին Ղովտին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան: Դո՛ւրս բեր նրանց, որ կենակցենք նրանց հետ»:
6. Ղովտը դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, և դուռն իր ետևից փակեց:
7. Եվ ասաց նրանց. «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, մի՛ գործեք այդ չարիքը:
8. Ահա ես երկու աղջիկներ ունեմ, որ այր չեն ճանաչում: Թողեք նրանց ձեզ մոտ բերեմ, և արե՛ք նրանց, ինչ կցանկանաք: Միայն թե այս մարդկանց ոչինչ մի՛ արեք, որովհետև նրանք իմ հարկի տակ են»:
9. Բայց նրանք ասացին. «Հեռո՛ւ գնա: Այստեղ եկավ որպես պանդուխտ և հիմա դատաստան է ուզում տեսնել: Հիմա քեզ նրանցից վատ կանենք»: Եվ սաստիկ բռնացան այդ մարդու՝ Ղովտի վրա ու մոտեցան, որ դուռը կոտրեն:
10. Բայց այն մարդիկ մեկնեցին իրենց ձեռքերը, Ղովտին իրենց մոտ՝ տուն բերեցին ու դուռը փակեցին:
11. Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, փոքրից մինչև մեծը կուրացրին այնպես, որ հոգնեցին դուռը փնտրելուց:
   
Ղովտի փրկվելը
   
12. Եվ մարդիկ ասացին Ղովտին. «Այստեղ ուրիշ ո՞վ ունես. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ում որ ունես, բոլորին դո՛ւրս բեր այստեղից:
13. Որովհետև մենք պետք է կործանենք այս վայրը, քանի որ մեծ է նրանց աղաղակը Տիրոջ առջև, և Տերը մեզ ուղարկեց՝ այն կործանելու համար»:
14. Եվ Ղովտը դուրս եկավ, խոսեց իր աղջիկների փեսացուների հետ ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը պիտի կործանի այս քաղաքը»: Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում:
15. Եվ երբ առավոտ եղավ, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ և այստեղ գտնվող երկու դուստրերիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության մեջ»:
16. Եվ մինչ նա հապաղում էր, այն մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և դուստրերի ձեռքերից և Տիրոջ ողորմությամբ քաղաքից դուրս բերեցին:
17. Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր անձդ, ետ մի՛ նայիր, կանգ մի՛ առ ամբողջ դաշտի մեջ և դեպի լեռը փախի՛ր, որ փրկվես»:
18. Եվ Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ:
19. Ահա Քո ծառան շնորհ գտավ Քո առջև, և մեծ էր Քո երախտիքը, որ արեցիր ինձ՝ փրկելով իմ կյանքը: Ես չեմ կարող լեռը փախչել, որ չարիքը ինձ չհասնի, ու ես չմեռնեմ:
20. Ահա այս քաղաքը փոքր է և մոտիկ է այնտեղ հասնելու համար, թող որ փախչեմ այնտեղ ու փրկվեմ: Չէ՞ որ այն փոքր է»:
21. Եվ ասաց նրան. «Քո խնդրանքով դա էլ կանեմ, չեմ կործանի այդ քաղաքը, որի համար ասացիր:
22. Շտապ այնտեղ փախի՛ր, որովհետև ոչինչ չեմ կարող անել, մինչև տեղ չհասնես»: Այդ պատճառով այդ քաղաքի անունը Սեգոր կոչեց:
23. Արևը ծագեց երկրի վրա, և Ղովտը Սեգոր մտավ:
24. Եվ Տերը Սոդոմի և Գոմորի վրա ծծումբ տեղացրեց, ու Տիրոջ կողմից երկնքից կրակ թափվեց:
25. Եվ կործանեց այդ քաղաքները, բոլոր դաշտերը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին ու գետնի վրա աճած բոլոր բույսերը:
26. Եվ նրա կինը ետ նայեց ու աղե արձան դարձավ:
27. Եվ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, եկավ այնտեղ, ուր կանգնել էր Տիրոջ առջև:
28. Նայեց Սոդոմի և Գոմորի և ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ ահա այնտեղից ծուխ էր դուրս գալիս հնոցի ծուխի պես:
29. Եվ երբ Աստված կործանում էր այդ դաշտավայրի քաղաքները, Աստված հիշեց Աբրահամին և Ղովտին դուրս բերեց այդ կործանվող քաղաքներից, որոնցում բնակվում էր Ղովտը:
   
Ղովտի դուստրերի մեղանչելը իրենց հոր հանդեպ
   
30. Եվ Ղովտը Սեգորից բարձրացավ դեպի լեռը և իր երկու դուստրերի հետ բնակվեց այնտեղ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում: Եվ իր երկու դուստրերի հետ բնակվեց մի այրում:
31. Եվ ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և երկրում չկա մեկը մեզ մոտ գալու համար, ինչպես որ երկրի սովորությունն է:
32. Ե՛կ մեր հորը գինի խմեցնենք, նրա հետ պառկենք և մեր հորից սերունդ ունենանք»:
33. Եվ այդ գիշեր իրենց հորն արբեցրին գինով: Ավագ դուստրը գնաց և պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը:
34. Եվ հաջորդ օրն ավագ դուստրը կրտսերին ասաց. «Ահա երեկ գիշեր ես պառկեցի հորս հետ: Այս գիշեր էլ նրան գինովցնենք, և դու գնա պառկիր նրա հետ, որ մեր հորից սերունդ թողնենք»:
35. Եվ այդ գիշեր էլ իրենց հորը գինի խմեցրին: Կրտսեր դուստրը վեր կացավ ու պառկեց հոր հետ, և Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը:
36. Եվ Ղովտի երկու դուստրերը հղիացան իրենց հորից:
37.Եվ ավագ դուստրը որդի ծնեց ու անունը Մովաբ դրեց: Նա մովաբացիների հայրն է մինչ այսօր:
38. Եվ կրտսերն էլ որդի ծնեց ու նրա անունը Բենամմի դրեց: Նա էլ ամմոնացիների հայրն է մինչ այսօր: